«Ա.
Խաչատրյան» համերգասրահում մայիսի 30-ին կմեկնարկի Ա. Խաչատրյանի անվան ավանդական
միջազգային մրցույթը: Այս անգամ կմրցի 16-32 տարեկան 22 ջութակահար՝ Ռուսաստանից,
Ֆրանսիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից, ԱՊՀ երկրներից եւ Հայաստանից: Հանդիպեցինք մրցույթի
կազմկոմիտեի նախագահ, Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանին:
Զրույցի սկզբում խնդրեցինք պարզաբանում՝ ամենամյա դարձած այս մրցույթի մասին,
հիշեցնելով, որ անցյալ տարի այն չկայացավ: Պարոն Սարաջյանն էլ հիշեցրեց, որ հայ մեծ
կոմպոզիտորի անունը կրող մրցույթը մեկնարկել է 2003-ին՝ Ա. Խաչատրյանի 100-ամյակի
շրջանակներում: Այդ տարի մրցել են դաշնակահարները: «Այո, 2004-ին, ինչպես նախատեսված
էր, պետք է կայանար ջութակահարների մրցույթ, բայց, անկեղծ ասած՝ խոչընդոտ հանդիսացավ
ֆինանսի ոչ բավարար լինելը: Չէինք կարող արդեն արտերկրում հետաքրքրություն առաջացրած
դաշնակահարների մրցույթից հետո, ջութակահարներինը անցկացնել ոչ պատշաճ: Ասեմ, որ
մրցույթի հանդեպ հետաքրքրությանը նպաստել է հայ անվանի կոմպոզիտորի անունը»,- նշեց
ռեկտորը: «Իսկ հիմա որտեղի՞ց գտնվեցին այդ միջոցները» մեր հետաքրքրությանը
նա պատասխանեց. «Կոնսերվատորիայի եւ մշակույթի նախարարության կողմից ԱԺ ներկայացրած
ծրագիրը, որն ակնկալում էր հատուկ այս մրցույթի համար բյուջեից աջակցություն, հուրախություն
մեզ՝ ընդունվեց միաձայն: Մրցույթին իրենց օժանդակությունն են բերել հանրապետության
առաջին տիկին Բելլա Քոչարյանը եւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը»: Մրցանակային ֆոնդը
կազմում է 36 հազար ԱՄՆ դոլար: Ժյուրին կգլխավորի Արամ Խաչատրյանի եղբորորդին՝ կոմպոզիտոր
Կարեն Խաչատրյանը (Ռուսաստան), անդամներն են անվանի ջութակահարներ Ժան Տեր-Մերկերյանը
(Ֆրանսիա), Ինո Միրկովիչը (Խորվաթիա), Կուրտիս Փրայսը (Անգլիա), իսկ Հայաստանից ընդգրկված
է միայն Էդուարդ Թադեւոսյանը: Զրույցից պարզեցինք, որ մրցույթը կանցկացվի դասական
եղանակով՝ երեք փուլով եւ կեզրափակվի գալա համերգով: Ի դեպ, վերջինս կկայանա Ա. Խաչատրյանի
ծննդյան օրը՝ հունիսի 6-ին: Հարցին՝ ասվում է, որ նոր ժամանակները իրենց հետ
բերում են նոր մտահղացումներ, որոնց արդյունքում նույնիսկ այս կամ այն հայտնի երաժշտական
ստեղծագործությունն է նորովի մեկնաբանվում, ինչո՞ւ երբեք չի փոխվում մրցույթների
անցկացման ձեւը, ի՞նչ է, դրանք կատարյա՞լ են, պարոն Սարաջյանը պատասխանեց. «Ժամանակն
է հաստատել, որ սա ամենաճիշտ ձեւն է: Անշուշտ, ելնելով պահանջներից, կան բարդ ու
թեթեւ մրցույթներ, անգամ շատ «բարդ» պայմաններով: Օրինակ, անցկացվում են մրցույթներ,
որին իրավունք ունեն մասնակցելու մինչ այդ տարբեր մրցույթների միայն առաջին մրցանակակիրները:
Ի դեպ, այս մրցույթի ծրագիրն էլ է, բնականաբար, դասական: Ընդգրկված են Բախից մինչեւ
20-րդ դարի կոմպոզիտորների ստեղծագործությունները, այդ թվում՝ պարտադիր Արամ Խաչատրյանի
երկերից: Իսկ երրորդ փուլում կկատարվի կոմպոզիտորի աշխարհահռչակ Ջութակի կոնցերտը»:
Հարցրինք նաեւ, թե դաշնակահարների առաջին մրցույթից հետո կազմկոմիտեն այս ժամանակահատվածում
հետաքրքրվե՞լ է արդյոք հաղթողների ճակատագրով: «Դատելով մրցույթից հետո նրանց համերգային
գործունեությունից, աճել է երաժիշտների պահանջարկը: Մենք Հայաստանում կազմակերպել
ենք այս մրցույթի մրցանակակիր դաշնակահարների՝ Տանյա Գաբրիելյանի (ԱՄՆ), Հեմիշ Միլնի
(Անգլիա), Մամիկոն Նահապետովի (Վրաստան) համերգները»: Մեր հանդիպման ավարտին
Ս. Սարաջյանը նշեց, որ այսօրվանից, ջութակահարների մրցույթին զուգահեռ, նախապատրաստվում
են 2006-ին կայանալիք թավջութակահարների միջազգային մրցույթին: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ