Նալբանդյան 31 շենքի առաջին հարկում գտնվում էր ժողովրդական վարպետ Արծրուն Բերբերյանի արվեստանոցը, որը տուն-թանգարան էր համարվում:
Արվեստանոց էին գալիս կառավարության անդամներ, այստեղ նկարահանվել են ֆիլմեր վարպետի մասին, իսկ մշակութային արժեքների շարքում կային այնպիսիք, որոնք արգելվել են արտահանել: Ըստ արվեստագետի աղջկա՝ Անահիտ Բերբերյանի, արվեստանոցում միաժամանակ գտնվում էր տան գույքը, հոր աշխատանքային գործիքներն ու հավաքածուն: Անցյալ տարի մահացավ Անահիտի եղբայրը (ծանր վիրահատությունից հետո)՝ Արգիշտին եւ հուղարկավորության հետ կապված անհրաժեշտ էր դրամական միջոցներ:
Անահիտ Բերբերյանը բարիդրացիական հարա
բերություններ ունենալով նույն շենքի հարեւան Էդուարդ Թախունցի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերում՝ արվեստանոցի 22,8 քմ տարածքը վաճառելու մասին: Անցյալ տարվա մայիսի 18-ին կնքում է պայմանագիր՝ տարածքի մի մասը վաճառելու նախավճարի մասով: Ըստ այդ պայմանագրի, Ա. Բերբերյանը պետք է վերցներ 500 ԱՄՆ դոլար նախավճարի գումար: Անշարժ գույքի վաճառքի արժեքը կազմում էր 5.580.000 դրամ (1 դոլարն այն ժամանակ արժեր 558 դրամ): Իսկ այդ ընթացքում արվեստանոցի մնացած 123,6 քմ մասը Թախունցը պետք է վերանորոգեր:
Սակայն, ըստ արվեստագետ Անահիտ Բերբերյանի, Թախունցը չսպասելով ընտանիքի անդամներից վերջինի՝ իր եղբոր քառասունքը լրանալուն, զանգահարում եւ պահանջում է արագացնել մնացած տարածքի նախավճարի պայմանագրի կնքումը: Առանց ցուցակագրման եւ փաթեթավորման, երեք բեռնատար մեքենաներով հոր թանգարանային ապրանքը եւ գույքը տեղափոխվում է: Խախտելով պարտավորվածությունը, քանդվում է Անահիտին սեփականության իրավունքով պատկանող Նալբանդյան 31-ի առաջին հարկի արվեստանոցի մարմարե սալահատակը, արվեստանոցի շուրջ կառուցվում են ինքնակամ շինություններ, մուտքի դռան առջեւ շարվում է բետոնե սյուն, քարե պատ: «Երբ այցելեցի արվեստանոց,- պատմում է Ա. Բերբերյանը,- տեսա միջնապատը եւ պահանջեցի, որպեսզի Թախունցը քանդի այն, քանի որ իրենց միջեւ այդպիսի պայմանավորվածություն չի եղել»:
Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան դիմեց Թախունցը՝ 230 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի պահանջով եւ խնդրում էր նաեւ ինքնակամ կառուցված տարածքի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը: Այս տարվա մարտի 4-ին Թախունցի հայցը բավարարվել է մասնակիորեն, միջնապատով անջատված 82,2 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով թողնվեց Բերբերյանի տնօրինությանը, սակայն արվեստանոցում կառուցված ինքնակամ մակերեսների նկատմամբ ճանաչվեց Թախունցի սեփականության իրավունքը: Բերբերյանը դիմեց ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան:
Մայիսի 13-ին վերաքննիչը վճռեց անփոփոխ թողնել առաջին ատյանի վճիռը, միայն թե, եթե առաջին ատյանով հօգուտ Բերբերյանի պետք է բռնագանձվեր 31 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ապա վերաքննիչը այն իջեցրեց, դարձնելով 21.300՝ «որպես օտարված, օրինական մակերեսների արժեք»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ