Սխեման
գծում է Վիկտոր Դալլաքյանը – Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խորհրդարանի անցած
երկու տարվա գործունեությունը գնահատեց բավարար, նույնիսկ շնորհակալություն հայտնեց
խորհրդարանին՝ ասելով, որ այս խորհրդարանի համար բավականին դժվար է եղել աշխատել
առանց ընդդիմության, առանց այլընտրանքային կարծիքի: Դուք ինչպե՞ս եք գնահատում անցած
երկու տարին: – Ցավում եմ, որ առանց մեզ իրենք դժվար են աշխատել, բայց դա
իրենց խնդիրն է: Ուշադրությամբ ծանոթացել եմ վարչապետի գնահատականներին, եւ կարծում
եմ, որ մեր երկրում պետք է ձեւավորվի ոչ թե ընտանիքի անդամներին պաշտոնների նշանակելու
ավանդույթ, այլ՝ ժողովրդավարություն եւ ժողովրդավարությունը զարգացնելու ավանդույթ:
Սա՝ իմիջիայլոց: Իսկ ԱԺ-ն այս երկու տարում պարզապես դակիչի դեր է կատարել, նախագծերի
մեծամասնությունը լուրջ քննարկման չեն ենթարկվել, եւ, ըստ էության, ԱԺ-ի հնազանդ,
ագրեսիվ մեծամասնությունը դակում է այդ նախագծերը: ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների
ավելի քան 85 տոկոսը ներկայացվել է կառավարության կողմից: Սա ցույց է տալիս, որ գործող
ԱԺ-ն իր պրոֆեսիոնալ եւ քաղաքական մասով ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները:
Իմ գնահատմամբ, ՀՀ խորհրդարանական կյանքը անկախացումից հետո անկում է ապրել: –
Ընդդիմադիր որոշ գործիչներ, մասնավորապես՝ «Արդարություն» դաշինքի անդամները, շարունակ
հայտարարում են, որ սահմանադրական հանրաքվեն հարկավոր է վերածել Ռոբերտ Քոչարյանի
վստահության հանրաքվեի: Սակայն իշխանության ներկայացուցիչները այս հայտարարություններին
առայժմ չեն պատասխանում եւ փորձում են սահմանադրական փոփոխությունների փաթեթը հանրաքվեի
դնել արդեն ուշացած ժամկետներում: Դուք եւս հայտարարում եք, թե հարկավոր է սահմանադրական
հանրաքվեն վերածել գործող նախագահի վստահության հանրաքվեի: Ինչպե՞ս եք սա պատկերացնում,
քանի որ գործող Սահմանադրությունը կարծես նման հնարավորություն չի ընձեռում: –
Դուք միանգամայն իրավացի եք: Մենք այն կարծիքին ենք, որ իշխանափոխությունը պետք է
կատարվի ներսում, ժողովրդի ուժով, այսինքն՝ համաժողովրդական շարժման արդյունքում,
եւ մենք դեմ ենք դրսի կամ պալատական հեղաշրջման միջոցով խամաճիկային իշխանության
ստեղծմանը: Ի դեպ, ես համաձայն եմ վարչապետի հետ, որ իշխանափոխությունը կամ հեղափոխությունը
պետք է լինի փաթեթային եւ ոչ թե փուլային: Եվ երբ մենք ասում ենք, որ իշխանափոխությունը
պետք է տեղի ունենա ժողովրդի ուժով, դա ամենեւին չի նշանակում, որ մենք պետք է հաշվի
չառնենք արտաքին քաղաքական զարգացումները, ընդհակառակը՝ մենք ապրում ենք աշխարհում
եւ հետեւում ենք արտաքին քաղաքական զարգացումներին: Մենք կարեւորում ենք հատկապես
երկու հայտարարություններ՝ մեկը Բուշի հայտարարությունն է ժողովրդավարացման գործընթացներին,
մասնավորապես նաեւ Կովկասում արագ արձագանքման կորպուսի միջոցով աջակցելու վերաբերյալ,
ինչպես նաեւ Քոնդոլիզա Ռայսի հայտարարություններն այն մասին, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության
դրական գնահատման չափանիշներից մեկը ժողովրդավարական գործընթացների հանգուցալուծումն
է: Մեզ համար ակնհայտ է, որ աշխարհում տեղի ունեցող գործընթացները ի վերջո հանգեցնելու
են նաեւ ժողովրդավարական զարգացումների Հայաստանում: Իմ գնահատականով, գործող ռեժիմը
դատապարտված է, եւ իշխանափոխությունը որքան արագ լինի, այնքան լավ: Բայց իրականացման
եղանակները կարող են տարբեր լինել: Այո, դուք իրավացի եք, սահմանադրական հանրաքվեին
«ոչ» ասելը իրավական հետեւանքներ Քոչարյանին «ոչ» ասելու գործում չի կարող ունենալ,
բայց դա ունի շատ լուրջ քաղաքական հետեւանք: Ո՞րն է դա: Սահմանադրության նախագիծը
հանրաքվեի դնելուց 40 օր առաջ սկսվում է քարոզչություն: Այսինքն՝ այդ ընթացքում լայն
հնարավորություններ կան 40 օր հակաքարոզչությամբ զբաղվելու: Եվ այդ ընթացքում չի
կարելի ճանապարհ փակել, արգելք դնել: Այս պրոցեսը պետք է օգտագործել քաղաքական «ոչ»-ը
իրավական «ոչ»-ի վերածելու նպատակով: Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելը
նշանակում է «ոչ» ասել այսօրվա իշխանությանը: Ուշադրություն դարձրեք, որ ԱՊՀ
տարածքում տեղի ունեցած բոլոր փոփոխությունները կատարվել են համապետական ընտրությունների
ընթացքում կամ դրանց արդյունքում: Հանրաքվեն մեծ հաշվով ընտրություն է, եւ, ըստ էության,
հանրաքվեի տեխնոլոգիան կարող է ծառայել իշխանափոխության իրականացմանը: – Սակայն
ընդդիմությունը չէ՞ որ միասնական չէ, եւ մի քանի անգամ արդեն ապացուցվել է, որ ամենակարեւոր
պահերին ընդդիմադիր գործիչները տապալում են գործընթացը իրենց ամբիցիաների պատճառով:
Այս դեպքում ի՞նչ երաշխիք, որ նույնը չի կրկնվի եւ հենց դուք չեք խանգարի գործընթացին:
– Դուք շատ տեղին հարցադրում արեցիք: Ես կարծում եմ, այն բոլոր հայրենասիրական
ուժերը, որոնք շահագրգիռ են մեր երկրի ապագայով եւ իշխանափոխության արագ իրականացմամբ,
նրանք պետք է ընդհանուր հայտարարի գան իշխանափոխության եղանակների շուրջ: Հենց հիմա
ես դիմում եմ այդ կարգի բոլոր քաղաքական ուժերին՝ համախմբվել, սահմանադրական հանրաքվեին
«ՈՉ» ասելով՝ Քոչարյանի պաշտոնանկության քաղաքական ու իրավական բազան ստեղծելու համար:
Պատկերացրեք, 30-40 լուրջ կուսակցություններ հավաքվում են եւ կոչ են անում ժողովրդին՝
«ՈՉ» ասել սահմանադրական հանրաքվեին եւ Քոչարյանին: Կարծում եմ, սա լուրջ քաղաքական
ակցիա կարող է դառնալ: Եվ եթե ընդդիմությունը չկարողանա համախմբվել այս հարցի շուրջ,
կարծում եմ, սա կլինի ընդդիմության կոպիտ սխալը: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ