Լրահոս
Օրվա լրահոսը

Կկառուցվի

Մայիս 26,2005 00:00

Կկառուցվի երախտիքի տաճար «Երախտիքի տաճար» ՀԿ-ի վարչության նախագահ, գյումրեցի Խաչիկ Գրիգորյանը գտնում է, որ հայ ժողովուրդը ըստ արժանվույն դեռ չի հայտնել իր երախտագիտությունը աշխարհին, որը 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո ձեռք մեկնեց Հայաստանին: Նա առաջարկում է կառուցել Երախտիքի տաճար-համալիր: Ըստ նախագծի՝ համալիրն իր մեջ ընդգրկելու է Բարեկամության այգի, իսկ Երախտիքի տաճարը պետք է կառուցվի բարձունք-պատվանդանի վրա, որը կծառայի որպես հուշահամալիր՝ բոլոր ժամանակների անմեղ զոհերի հիշատակին: Տաճարը պետք է բաղկացած լինի նիստերի դահլիճից (որտեղ կկազմակերպվեն միջազգային գիտաժողովներ, փառատոներ, ցուցահանդեսներ) եւ թանգարանից, որը կունենա բաժիններ (1988-ի երկրաշարժի, աշխարհի օգնության, համաշխարհային խոշոր աղետների, աշխարհի պատմության եւ մշակույթի եւ այլն): ՀԿ-ի նախագահը առաջարկում է թեկուզ աշխարհի օգնության 10-ամյակի առիթով մեկ օր կազմակերպել Երախտագիտության տոնահանդես՝ «Շնորհակալ ենք ձեզ, աշխարհի մարդիկ» նշանաբանով, որը հետագայում դառնա երախտագիտության միջազգային օր: ՀԿ-ն պատրաստվում է դիմել աշխարհի բոլոր հայ արտիստներին, որպեսզի յուրաքանչյուրն իր երկրում տարին մեկ անգամ կազմակերպի համերգ-շոու, որի հասույթը կուղղվի տաճարի կառուցմանը: Ձեռնարկի հեղինակը հանրապետության բյուջեից լումա անգամ չի ակնկալում, Երախտիքի տաճարը պետք է կառուցել համայն հայության նյութական ու բարոյական աջակցությամբ: Այդ նպատակով առաջարկվում է եռամսյակը մեկ օր աշխատել տաճար-համալիրի կառուցման օգտին: Խ. Գրիգորյանը հույս ունի, որ Երախտիքի տաճարը հետագայում համամարդկային գործունեությամբ կդասվի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների շարքին՝ ստեղծելով «Աղետյալ երկրների միություն» կազմակերպությունը, որի խնդիրն է լինելու մոլորակի պահպանությունը բնական եւ արհեստական աղետներից: Ըստ ակցիայի հեղինակների, այդպիսով աշխարհը կճանաչի հայ ժողովրդին՝ որպես Արժանապատվություն եւ Բարոյականություն ունեցող պետության ժողովրդի, տաճարը Երկիր մոլորակի երախտագիտության խորհրդանիշ ճանաչվելու դեպքում՝ Հայաստանը ձեռք կբերի հատուկ կարգավիճակ: «Երախտիքի տաճար» ՀԿ-ն դիմել է հնարավոր բոլոր ատյաններ, սակայն Խ. Գրիգորյանի հավաստմամբ՝ «բացի ճառից ուրիշ բան չենք լսել»: Սկզբում նախատեսված էր տաճարը հիմնել Գյումրիում, սակայն տեղական իշխանավորները պատրաստակամություն չեն հայտնել աջակցելու: Ավելին, ըստ «Երախտիքի տաճար» ՀԿ-ի վարչության նախագահի, վարչության նախկին անդամներից մեկը «սեփականաշնորհել» է իր գաղափարը ու աղավաղել: Ուստի, Խ. Գրիգորյանը որոշել է տաճարը կառուցել Երեւանում, ինչը արժանացել է ՀԿ-ի վարչության փոխնախագահ, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հավանությանը: Խ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ օրերս դիմել է նաեւ Համազգային շուրջպարի շտաբի պետ Արամ Կարապետյանին եւ խնդրել մայիսի 28-ին հատուկ հայտարարել Երախտիքի տաճարի կառուցման մասին: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031