Տվեք նրան, նա փոխանցի Անցյալ շաբաթ մամուլում հրապարակվեց «Հայաստանը սկսվում է Աբովյան 1-ից» ծրագիր-առաջարկի մասին, որը Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության տնօրեն Նինա Հովնանյանը ներկայացրել էր մշակույթի նախարարությանը։ Դրանով նախատեսվում էր գործակալության տեղեկատվական կենտրոնը, ինչպես նաեւ սրճարաններ, ռեստորան, խանութներ, ընդ որում՝ ոչ միայն հուշանվերների, «շատ հարմարավետորեն» (մեջբերումը՝ ծրագրից) տեղակայել Հայաստանի պատմության թանգարանում եւ Ազգային պատկերասրահում։ Թեպետ ՀՀ վարչապետը բացասական վերաբերմունք ունի այդ ծրագրի նկատմամբ, բայց այն իրականություն է դառնում՝ մեր տեղեկություններով, այսօր մշակույթի նախարարությունը հավանության է արժանացնելու աննշան փոփոխությունների ենթարկված, ավելի ճշգրիտ՝ անգրագիտություններից մաքրված ծրագիրը: Ինչպես խոստացան Ն. Հովնանյանի գրասենյակում, ծրագիրը հանրությանը կներկայացվի եկող շաբաթ: Այս համատեքստում ուշադրության է արժանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի՝ մշակույթի նախարարությանն ուղարկած պատասխանը, որը մեզ հաջողվեց ստանալ երկու օր առաջ: Նախ՝ իրենց պատասխանը տրամադրելու մեր խնդրանքին ի պատասխան, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը բանավոր «փոխանցեց» դրա բովանդակությունը։ Այն է՝ այդպիսի ծրագիր չի կարող գործել, բայց իրենք պատրաստ են համագործակցել նման կազմակերպությունների հետ։ Մի՞թե նրանք կարող են համագործակցել այնպիսի կազմակերպության հետ, որը ծրագրում է Պատկերասրահի իններորդ հարկում ռեստորան բացել։ Մեր այս հարցին ի պատասխան՝ Փ. Միրզոյանը ցանկացավ անձամբ ծրագրում տեսնել այս տողը։ Տեսնելուց հետո ասաց. «Ռեստորանի մասին առաջին անգամ եմ կարդում» (մինչ այդ հավաստիացնում էր. «Ես այդ ծրագրին ծանոթ եմ»)։ Այդ դեպքում ի՞նչն են ուսումնասիրել եւ քննարկել Ազգային պատկերասրահում։ Եվ ինչպե՞ս են պատասխան գրել։ Մեր այս հարցերն արժանացան հետեւյալ պատասխանին. «Ռեստորան չի կարող լինել»։ Բայց ավելացրեց. «Հիմա էլ եմ գտնում, որ նման կազմակերպությունների հետ պետք է համագործակցել»: Մեզ ի վերջո հաջողվեց պրն Միրզոյանի աշխատասենյակում կարդալ նրանց պատասխանը՝ առանց դրա պատճենն ունենալու իրավունքի. «14.04.05-ի թիվ 02/705 գրությանն ի պատասխան հայտնում ենք, որ մեր կողմից ուսումնասիրվել եւ քննարկվել է (ընդգծումը մերն է- Ա. Գ.) Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության գործադիր տնօրեն Ն. Հովնանյանի ներկայացրած «Հայաստանը սկսվում է Աբովյան 1-ից» ծրագիրը։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արամի 1 հասցեում գտնվող շենքը ներկայումս տնօրինում են Հայաստանի ազգային պատկերասրահը եւ Հայաստանի պատմության թանգարանը, որոնք նույն շենքում ունեն տարածքային ընդհանուր ենթակառուցվածքներ, ապա վերոնշված ծրագիրը, կարծում ենք, կգործի անարդյունավետ։ Դրա լիարժեք իրականացումը, թերեւս, հնարավոր է, եթե պետական ոչ առեւտրային այդ երկու կազմակերպությունները, կառավարության հաստատմամբ, վերակազմավորվեն մեկ կանոնադրությամբ, որում նախատեսվի նաեւ տուրիզմի ենթակառուցվածքների ստեղծման իրավունք»: ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ www.hetq.am