«Վերջին զանգը» Արաբկիր համայնքում Երեկ հանրապետության շրջանավարտները տոնեցին իրենց «Վերջին զանգը» Արդեն մի քանի տարի է, որ Արաբկիր համայնքի տասներորդցիների համար «Վերջին զանգը» պայծառ հուշերի առիթ է դառնում, քանի որ այդ օրը թաղապետ Լեւոն Հարությունյանն անձամբ է այցելում համայնքի դպրոցներ, նվերներ տալիս ու շնորհավորում շրջանավարտներին: Երեկ, ավանդույթի համաձայն, Լեւոն Հարությունյանը եղավ համայնքի մի քանի դպրոցներում: Շնորհավորելով բոլոր տասներորդցիներին «Վերջին զանգի» կապակցությամբ, թաղապետը նրանց «հասուն կյանքում հաղթանակներ ու բարի երթ» մաղթեց. «Այսօր, այս հանդիսավորության, ժպիտների մեջ հուզմունք կա, քանզի հրաժեշտի պահ է: Դպրոցական տասը տարիներին այսօր հրաժեշտ եք տալիս ու փակելով արկածներով լի անհոգ մանկության դռները, բացում եք հասուն կյանքի պայքարի ու հաղթանակների դարպասը: Առջեւում թող միայն հաղթանակներ լինեն՝ կերտված ուժեղ կամքի, գիտելիքների ու բարության շնորհիվ: Ամենաուրախ ու տխուր օրերին հիշելու եք այս դպրոցը, ուսուցիչների աչքերը, թեւավոր խոսք դարձած արտահայտությունները ու այս հիշողությամբ հեշտ է լինելու ապրել աշխարհում: Թող հավերժ ուղեկից լինեն ձեզ կամքն ու բարությունը: Բարի երթ ձեզ»: Այս անգամ էլ Լ. Հարությունյանը համայնքի 22 դպրոցներին եւ 2004-2005 թվականի շրջանավարտներին նվիրեց ՝ «Բացել 10 տարի անց, վայելել միասին» մակագրությամբ հայկական կոնյակով լի տակառիկներ, որ թաղապետի ներկայացմամբ, խորհրդանշում է դպրոց-շրջանավարտ կապը: Ինչը կնշանակի՝ տակառիկը կբացվի 2015 թվականի մայիսի 25-ին՝ 2005 թվականի շրջանավարտների ու նրանց ուսուցիչների համար: «Վերջին զանգի» արարողությունը ինքնին հուզիչ է, իսկ այցելությունը իր՝ թիվ 148 դպրոց, առավել էր հուզել թաղապետին: Առաջին դասարանը Թբիլիսիում հաճախելուց հետո Լ. Հարությունյանը տեղափոխվել է Երեւան եւ ուսումը շարունակել այս դպրոցում: Չնայած պարոն Հարությունյանի դպրոցն ավարտելուց ի վեր տարիներ են անցել, սակայն թաղապետն իր ուսուցիչների ներկայությամբ կրկին աշակերտ էր զգում իրեն: Դպրոցական տարիների հուշերը վերապրելով՝ Լ. Հարությունյանը մեկ առ մեկ հիշեց աշակերտական տարիների չարաճճիություններն ու հիշարժան դիպվածները: Թաղապետը համայնքի այլ դպրոցների թվում այցելեց նաեւ Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոց: Այս տարի Շիրվանզադեի դպրոցն ունի 77 շրջանավարտ: Վերջիններս ոգեւորվել էին համայնքի ղեկավարի ներկայությունից: Այս կրթօջախում էլ պարոն Հարությունյանը շրջանավարտներին բարի երթ մաղթեց, իսկ հայրենանվեր գործի համար մանկավարժներին շնորհակալություն հայտնեց: Տասներորդցիներն էլ իրենց հերթին երախտիքի ջերմ ու հուզառատ խոսքեր ասացին իրենց ուսուցիչներին, բանաստեղծություններ ձոնեցին եւ հայցեցին նրանց ներողամտությունը տասը տարիներին արած չարաճճիությունների ու խենթությունների համար: R