Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ

Մայիս 26,2005 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԱՅԴՔԱՆ ՈՒՇԱՑՐԻՆ Զինծառայողի կյանքը փրկել կարո՞ղ էին Մայիսի 18-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացավ զինծառայող Սարգիս Մխիթարյանը: Մեղրիի Ագարակ ավանում տեղակայված ՊՆ թիվ N զորամասի զինծառայող, 1985թ. ծնված Սարգիս Մխիթարյանին, որը զորակոչվել է 1,5 տարի առաջ, մայիսի 11-ին ծանր վիճակում տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա երկկողմանի գլոմերուլո նեֆրիտ, երկկողմանի թոքաբորբ ախտորոշումով: «Սարգիսը առողջ, ուժեղ եւ հավասարակշռված տղա էր,- պատմում է մայրը՝ Զարուհի Մխիթարյանը,- նա ոչ մի անգամ չի հիվանդացել, նույնիսկ գրիպով: Իսկ երիկամներից առհասարակ չի բողոքել: 8-րդ դասարանն ավարտելուց հետո տեղափոխվեցինք ՌԴ-ի Սմոլենսկ քաղաք, որտեղից Սարգիսը իր կամքով եկավ ծառայության, ասելով, որ տղայի համար պատիվ չէ փախած մնալը, ինքը պարտք ունի, որը պետք է հատուցի»: Սարգիսը ծառայության ողջ ընթացքում արձակուրդ չի եկել, ինչին անհամբեր սպասում էր: Հայրը՝ Սուրեն Մխիթարյանը, վերջին անգամ զորամաս տղային տեսնելու էր մեկնել 2004-ի սեպտեմբերի 23-ին: «Ես տղայիս մի քանի ժամով դուրս բերեցի զորամասից եւ իմ ծանոթի տանը լողանալիս տեսա, որ ոտքերը պատված են սարսափելի վերքերով: Վախեցա ու զարմացա, թե ոնց է այդպես քայլում: Երեխան պատասխանեց, որ ստիպում են, ի՞նչ կարող է անել: Իսկ երբ բերեցին «Էրեբունի» կենտրոն, ձեռքերն էին ամբողջովին վերքերի մեջ, որոնց մի մասն արդեն սպիացել էր»,- պատմեց հայրը: Որդեկորույս ծնողները փնտրում են պատճառը, թե ինչի՞ հետեւանք կարող է լինել միանգամայն առողջ, 19-ամյա տղայի սուր նեֆրիտով հիվանդանալը: Հիվանդանոցում նրանք տղայի ծնոտին թարմ սպի են նկատել, որի վրա 4-5 կար էր դրված: Հարցին ի պատասխան՝ Սարգիսն ասել է. «Կարեւորը՝ հիմա լավ եմ, մի մտածեք»: «Ինքը չէր պատկերացնում, թե կմահանա եւ մեր հարցուփորձին պատասխանում էր՝ մամ ջան, հետո: Իսկ մինչ այդ անընդհատ տխուր ու վախեցած էր ու հարցնում էր, թե հայրը երբ է գալու Սմոլենսկից,- պատմում է տիկին Զարուհին:- Երեխայիս հետ խոսել եմ ապրիլի 20-ին: Նա 15 օրով պետք է գնար զորավարժությունների, սակայն պարզեցի, որ չի գնացել: Պատճառը չիմացա ու շատ անհանգստացա: Զորամասի բուժկետում երկու շաբաթ պահելուց հետո (ես համոզված եմ, որ մեզ խաբում են, ավելի երկար ժամանակ է պառկել), Սարգսին տեղափոխում են Սիսիան: Այնտեղ ազոտն այնքան է բարձրացել, որ անմիջապես տեղափոխել են Երեւան: ՊՆ զինվորական հոսպիտալում մահամերձ տղայիս թույլ չեն տվել զանգել տուն եւ մեզ տեղեկացնել: Նա ուրիշին է խնդրել: Մինչեւ հասանք, արդեն ուշ էր: Նույնիսկ շտապօգնության մեքենա չտրամադրեցին, պատճառաբանելով, թե աշխատանքային ժամն ավարտվել է: Մենք մեր մեքենայով նրան տեղափոխեցինք «Էրեբունի»: Չեն էլ մտածել, թե այդքան կդիմանա: Իսկ նա «Էրեբունի» կենտրոնում հրաշքով մեկ շաբաթ ապրեց: Ազոտը բարձրացել էր մինչեւ 1000, ճնշումը 200-ից չէր իջնում: Բարձր էր նաեւ շաքարը: Ինչո՞ւ այդքան ուշացրին, վստա՞հ էին, որ կմահանա եւ մենք ճշմարտությունը չենք իմանա, թե՞ հանցավոր անփութությունը դարձավ երեխայիս մահվան պատճառ: Տղայիս տեղափոխելիս ինչ-որ թղթեր են ստորագրել տվել, որի մասին նա մեզ հայտնել է, սակայն չի գիտակցել, թե ինչ թուղթ է ստորագրում»: «Էրեբունու» գլխավոր բժիշկ Արթուր Ռոստոմյանը ասաց, որ բավականին ուշ էր, երբ բերեցին Սարգիս Մխիթարյանին: Հնարավոր չէր փրկել: Սակայն թե ինչի՞ց կարող էր առաջանալ սուր նեֆրիտ 19-ամյա տղայի մոտ՝ բժիշկը դժվարացավ պատասխանել: Նա ասաց, որ պատճառները տարբեր կարող են լինել, սակայն բացառեց հարվածից նեֆրիտի առաջացումը: «Իսկ հնարավո՞ր է, որ երեխան հիվանդ զորակոչված լինի» հարցին գլխավոր բժիշկը մանրամասնեց. «Զորակոչի ժամանակ սովորաբար խոր եւ բազմակողմանի քննություն չի կատարվում: Դա հնարավոր էլ չէ եւ ոչ միայն ֆինանսապես»: Նեֆրոլոգ մի բժիշկ ասաց, որ երեխան շատ առողջ էր: Մեր հետաքննության արդյունքում պարզեցինք, որ հնարավոր է տղայի վերջույթներին եղած վերքերից վարակ անցած լինի, որը կարող է հանգեցնել նեֆրիտի: Որպես վերքերի առաջացման պատճառ՝ նշվեցին հիգիենայի բացակայությունը եւ բանակային վատթար պայմանները: «Թե ո՞վ է Երեւան բերել իմ տղային եւ ո՞վ պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար՝ մենք ոչինչ չգիտենք,- ասաց զինծառայողի մայրը:- Հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին մասնակցել է զորամասից Սարգսյան Հրաչ ներկայացած մի անձնավորություն՝ երկու զինծառայողների հետ: Սակայն նա պնդել է, թե տեղյակ չէ զորամասում Սարգսի հետ տեղի ունեցածից: Իսկ տեղյակներից որեւէ մեկը չներկայացավ, նույնիսկ ցավակցելու չեկան: Չէ՞ որ տարիուկես իրենց զինվորն է եղել: Ինչ-որ 100 հազար դրամ էին բերել, դա ի՞նչ է, իմ որդու գի՞նն էր»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆՀ. Գ. Զինվորական դատախազությունից տեղեկացրին, որ Եղեգնաձորի կայազորում հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է քննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել