Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐԻ ԲՈՒՇԸ

Մայիս 26,2005 00:00

ԱՊՐԻ ԲՈՒՇԸ Հիմա էլ նրա հայտարարությունն է Հայաստանում հեղափոխության համար հավելյալ նախադրյալ դիտարկվում: Հայաստանում հեղափոխության կամ, ինչպես ընդդիմությունն է ասում, ժողովրդավարական հեղափոխության գաղափարը շարունակում է շրջել քաղաքական շրջանակներում: Միայն թե դրա համար անհրաժեշտ նախադրյալները, որոնցից մեկն էլ կազմակերպված եւ ուժեղ ընդդիմության առկայությունն է՝ Հայաստանում չկան: Չկա նաեւ հեղափոխություն անելու մեկ այլ նախապայման՝ հասարակությունն իներտ է, շերտավորված: Կա՞ արդյոք այլ գործոն, որը կարող է Հայաստանում խթանել ժողովրդավարական բարեփոխումները, կամ հեղափոխության ալիք բարձրացնել: «Հեղափոխություններն ինքնանպատակ չեն լինում: Դրա անհրաժեշտությունը ծագում է մի քանի գործոնների առկայության դեպքում. հասարակությունն այլեւս չի ուզում այսպես ապրել, հասարակությունը համաձայն չէ կառավարման այն համակարգին, որն այսօր գոյություն ունի, հասարակությունը չի ուզում, որ իր ձայնը մշտապես կեղծվի եւ այլն: Մյուս գործոնն այն է, որ իշխանություններն այդ ամենը հասարակությանը չեն ուզում տալ, ուստի՝ պետք է գնան: 2003-ին հասարակությունը ոտքի կանգնեց՝ հույսով, որ ընտրությունների միջոցով փոխելու է իշխանությունները: Իշխանությունները գնացին կեղծիքների եւ ուժի կիրառման ճանապարհով: Ժողովուրդը դա չի մոռանում: Չի մոռանում, որ իր ձայնը կեղծվել է, որ իրեն ծեծել են, եւ նա մշտապես իշխանությունների հետ ներքին պայքարի մեջ է: Որպեսզի ժողովրդի այդ էներգիան կուտակվի եւ վերածվի նոր շարժման, պետք է նրան համախմբել այդ գաղափարի շուրջ»,- իր դիտարկումները մեզ փոխանցեց Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Իսկ ո՞վ պետք է տա այդ գաղափարը, ո՞վ պետք է համախմբի հասարակությանը, եթե ընդդիմությունն այսօր դա ի վիճակի չէ անել: Հովհ. Հովհաննիսյանը դա բացատրեց նաեւ ընդդիմության բազմաշերտությամբ, բայցեւ հավելեց. «Ընդդիմության մեջ միշտ էլ կարելի է գտնել գոնե մի 3 կուսակցություն, մի 10 մարդ, որը կարող է այդ շարժումն արթնացնել»: Քաղաքական շրջանակներում այսօր ակտիվորեն քննարկվում է ԱՄՆ նախագահ Բուշի հայտարարությունը մասնավորապես նաեւ Հարավային Կովկասում ժողովրդավարական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Այդ հայտարարությամբ ոմանք նաեւ ՀՀ-ում են ժողովրդավարական բարեփոխումներ պայմանավորում: «Նախագահ Բուշն իր հայտարարությունը դարձրեց ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Նա ուղղակի բացահայտորեն ասաց բաներ, որ մինչ այդ այդքան ուղղակի չէր ասվում: Նա ամբողջ աշխարհին եւ իր սեփական ժողովրդին հայտարարեց, որ իր երկրի հարկատուների գումարները ուղղվելու են նաեւ այդ խնդիրների լուծմանը: Դա շատ լուրջ քայլ էր: Իսկ քանի որ մենք գիտենք, որ ԱՄՆ-ն իր առջեւ դրած խնդիրները լուծելու է, ապա պետք է հասկանալ, որ ոչ միայն Հարավային, այլեւ ողջ Կովկասում այդպիսի գործընթացներ են սկսվելու: Բուշը հիմա այլեւս չի ասում, որ հակամարտությունների լուծումն ինքը տեսնում է հակամարտություններում ներգրավված երկրների ժողովրդավարացման մեջ: Նա ասում է, որ այդ երկրներում իշխանության կգան ժողովրդավարական ուժեր, որոնք ի վիճակի կլինեն լուծել այդ հակամարտությունները: Նա վաղուց է հասկացել, որ բռնապետական երկրներում հակամարտությունները չեն լուծվում, եւ որ դա է նաեւ այսպիսի իշխանության պահպանման ռեսուրսը»,- նկատեց պրն Հովհաննիսյանը: Բայց ակնհայտ միտում կա որեւէ մակարդակում որեւէ հարց լուծելիս պահել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պարիտետը, ինչպես դա եղավ անգամ ԵԽ-ին անդամակցության ժամանակ: Այս երկրներում ամեն ինչ փորձ է արվում անել զուգահեռաբար: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ժողովրդավարական փոփոխությունները Հայաստանում եւ Ադրբեջանում եւս զուգահեռաբար են տեղի ունենալու: Ըստ մեր զրուցակցի՝ «դրանք իրար հաջորդող ժողովրդավարացման գործընթացներ են լինելու՝ նաեւ պայմանավորված մեկը մյուսով»: Ընդդիմության մի մասը կարծում է, որ աշնանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարող է նշանակել նաեւ Ռոբերտ Քոչարյանի վստահության հանրաքվե: Կուսակցության նախագահը դա չբացառեց. «Կարծում եմ, որ այդ առիթն անպայման պետք է օգտագործել»: Այս աշունը հագեցած է լինելու կարեւոր իրադարձություններով. սպասվում է, որ աշնանը ԵԽԽՎ-ում կքննարկվի ՀՀ պարտավորությունների կատարման գործընթացը, Ադրբեջանում ընտրություններ են լինելու, որոնցով պայմանավորվում են այդ երկրում հնարավոր փոփոխություններ, ըստ որոշ տեղեկությունների՝ նաեւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն է աշնանը այցելելու տարածաշրջան: Շատ չե՞ն արդյոք զուգադիպությունները: «Մենք մի բան պետք է հասկանանք, որ աշխարհի ամենահզոր երկրի նախագահը պատահական ելույթներ եւ «մեսիջներ» չի ուղարկում: Ժողովրդավարական բարեփոխումները մեր տարածաշրջանում դարձել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Բուշն ինքն էլ է հայտարարել, որ այդ պրոցեսներն իրենք չեն ձգձգելու եւ անգամ աշխատանքային խմբեր են ձեւավորելու, որոնք լինելու են այդ կետերում եւ փորձելու են աջակցել ժողովրդավարացման գործընթացներին: Հիմա դա կլինի աշնանը, թե ավելի վաղ՝ ժամանակի հարց է: Հայաստանում ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել, եւ այնպես չի, որ իշխանություններն ամենակարող են: Մի բառ, մի քայլ կարող է ամեն ինչ փոխել»,- ասաց Հովհ. Հովհաննիսյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031