Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայիսի 28-ին չեն պարի

Մայիս 26,2005 00:00

Մայիսի 28-ին չեն պարի Տարբեր քաղաքական համոզմունքների տեր գործիչներից յուրաքանչյուրը դրա համար իր հիմնավորումներն ունի: Մայիսի 28-ին կայանալիք միասնության շուրջպարը տարբեր քաղաքական ուժերի կողմից տարբեր որակումներ եւ երանգավորումներ է ստանում: Սակայն քչերը կասկած չունեն, որ շուրջպարը քաղաքական ենթատեքստ ունի, ինչքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձի դա հերքել: Շատերը սա դիտում են իբրեւ միավորում, որը լավագույնս կարող է օգտագործվել ապագա ընտրություններում՝ «Այսօր պարում ենք, վաղը՝ կեղծում» սկզբունքով: Քաղաքական ուժերին մտահոգում է նաեւ այն, որ կազմակերպիչը ոչ այլ ոք է, քան հանրապետության գլխավոր դատախազը՝ սեփական հայրենակցական միությամբ, որը քաղաքականացված եւ բավականին հավակնոտ կառույց է: «Առավոտի» հետ զրույցում «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանն այսպես ասաց. «Այդ շուրջպարը ես համարում եմ խրախճանք՝ ժանտախտի ժամանակ: Լուրջ մարդը չի կարող իրեն թույլ տալ դրան մասնակցել կամ քաջալերվել դրանով»: Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը կտրուկ արտահայտվեց. «Ես կարծում եմ, որ այդ շուրջպարում անելիք չունեմ»: Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը տարակուսում է. «Ժողովրդի այսպիսի ծանր պայմաններում, երբ մարդը չգիտի իր ապրելակերպն ինչպես կազմակերպի՝ ի՞նչ պարի մասին կարող է խոսք լինել: Պարը միշտ բնութագրել է մեր հաղթական կեցվածքը. այսպիսի խղճուկ վիճակում պարելը ժամանակավրեպ է: Պար էր եւ իսկական միասնություն, երբ 1968-ին Էրեբունի ամրոցի բացումը եղավ: Դա դարձավ ավանդույթ եւ ամեն տարի աշնանը «Էրեբունի-Երեւան» տոնահանդեսներն էին կազմակերպվում, որի ժամանակ բոլորն էին պարում, այն էլ՝ ինքնաբուխ: Դա էր ազգային տոնակատարությունը, հիմա ի՞նչ…»: «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը ներողամտությունն է հայցում այն մարդկանց, ովքեր այլընտրանք չունեն եւ պիտի մասնակցեն այդ պարին, այն մարդկանց, որոնք սոցիալական վիճակից ելնելով՝ «որովհետեւ մի կտոր հաց ու միս են տալու», պիտի գնան, բայց այդ միջոցառումն անբարոյականություն է համարում: Ինչ վերաբերում է կազմակերպիչներին. «Այդ գումարները ժողովրդի արյուն-քրտինքից գողացած գումարներ են: Մենք նրանց շոտլանդական յուբկաներ ենք հագցնելու, որովհետեւ նրանք տղամարդ չեն, հայ չեն: Էդ ո՞ր հաղթանակն են տոնում…Դատախազը թող իր ֆունկցիաներով զբաղվի: Ո՞ր երկրում նման բան կա, երբ դատախազն իր գործը թողած՝ պար է կազմակերպում ու քաղաքականությամբ է զբաղվում»: Միայն ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ոչինչ չունի միասնության շուրջպարի դեմ: «Պարողները թող պարեն: Հենց այդ օրն է պետք պարել, բայց մայիսի 28-ը կոչել միասնության օր՝ ծիծաղելի է»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է նա: Հայրիկյանը դեռ չի կողմնորոշվել՝ կպարի՞ ինքը Արագած լեռան շուրջը, թե՞ ոչ: Համենայնդեպս, ինքն ու ԱԻՄ-ը ամեն տարի այդ օրը պարում են: Շուրջպարի շրջանակներում նրան մտահոգող միակ հարցը հետեւյալն է. «Եթե կազմակերպիչները պարկեշտ մարդիկ են՝ կնշեին ԱԻՄ-ի դերը, իմ դերը»: Ինչ վերաբերում է շուրջպարի կազմակերպման հետին նկատառումներին՝ «Թող այդ օրը ոչինչ չնշեն հետին նկատառումներով»: Համենայնդեպս, այն, որ այս տարի մայիսի 28-ը «աննախադեպ խանդավառությամբ» պետք է տոնվի, Հայրիկյանը ողջունում է: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել