Կկառուցվի
երախտիքի տաճար «Երախտիքի տաճար» ՀԿ-ի վարչության նախագահ,
գյումրեցի Խաչիկ Գրիգորյանը գտնում է, որ հայ ժողովուրդը ըստ արժանվույն դեռ չի հայտնել
իր երախտագիտությունը աշխարհին, որը 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո ձեռք մեկնեց
Հայաստանին: Նա առաջարկում է կառուցել Երախտիքի տաճար-համալիր: Ըստ նախագծի՝ համալիրն
իր մեջ ընդգրկելու է Բարեկամության այգի, իսկ Երախտիքի տաճարը պետք է կառուցվի բարձունք-պատվանդանի
վրա, որը կծառայի որպես հուշահամալիր՝ բոլոր ժամանակների անմեղ զոհերի հիշատակին:
Տաճարը պետք է բաղկացած լինի նիստերի դահլիճից (որտեղ կկազմակերպվեն միջազգային գիտաժողովներ,
փառատոներ, ցուցահանդեսներ) եւ թանգարանից, որը կունենա բաժիններ (1988-ի երկրաշարժի,
աշխարհի օգնության, համաշխարհային խոշոր աղետների, աշխարհի պատմության եւ մշակույթի
եւ այլն): ՀԿ-ի նախագահը առաջարկում է թեկուզ աշխարհի օգնության 10-ամյակի
առիթով մեկ օր կազմակերպել Երախտագիտության տոնահանդես՝ «Շնորհակալ ենք ձեզ, աշխարհի
մարդիկ» նշանաբանով, որը հետագայում դառնա երախտագիտության միջազգային օր: ՀԿ-ն պատրաստվում
է դիմել աշխարհի բոլոր հայ արտիստներին, որպեսզի յուրաքանչյուրն իր երկրում տարին
մեկ անգամ կազմակերպի համերգ-շոու, որի հասույթը կուղղվի տաճարի կառուցմանը: Ձեռնարկի
հեղինակը հանրապետության բյուջեից լումա անգամ չի ակնկալում, Երախտիքի տաճարը պետք
է կառուցել համայն հայության նյութական ու բարոյական աջակցությամբ: Այդ նպատակով
առաջարկվում է եռամսյակը մեկ օր աշխատել տաճար-համալիրի կառուցման օգտին: Խ. Գրիգորյանը
հույս ունի, որ Երախտիքի տաճարը հետագայում համամարդկային գործունեությամբ կդասվի
միջազգային հեղինակավոր կազմակերպությունների շարքին՝ ստեղծելով «Աղետյալ երկրների
միություն» կազմակերպությունը, որի խնդիրն է լինելու մոլորակի պահպանությունը բնական
եւ արհեստական աղետներից: Ըստ ակցիայի հեղինակների, այդպիսով աշխարհը կճանաչի հայ
ժողովրդին՝ որպես Արժանապատվություն եւ Բարոյականություն ունեցող պետության ժողովրդի,
տաճարը Երկիր մոլորակի երախտագիտության խորհրդանիշ ճանաչվելու դեպքում՝ Հայաստանը
ձեռք կբերի հատուկ կարգավիճակ: «Երախտիքի տաճար» ՀԿ-ն դիմել է հնարավոր բոլոր ատյաններ,
սակայն Խ. Գրիգորյանի հավաստմամբ՝ «բացի ճառից ուրիշ բան չենք լսել»: Սկզբում նախատեսված
էր տաճարը հիմնել Գյումրիում, սակայն տեղական իշխանավորները պատրաստակամություն չեն
հայտնել աջակցելու: Ավելին, ըստ «Երախտիքի տաճար» ՀԿ-ի վարչության նախագահի, վարչության
նախկին անդամներից մեկը «սեփականաշնորհել» է իր գաղափարը ու աղավաղել: Ուստի, Խ.
Գրիգորյանը որոշել է տաճարը կառուցել Երեւանում, ինչը արժանացել է ՀԿ-ի վարչության
փոխնախագահ, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հավանությանը: Խ.
Գրիգորյանը տեղեկացրեց, որ օրերս դիմել է նաեւ Համազգային շուրջպարի շտաբի պետ Արամ
Կարապետյանին եւ խնդրել մայիսի 28-ին հատուկ հայտարարել Երախտիքի տաճարի կառուցման
մասին: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ