Երեկ
հանրապետության շրջանավարտները տոնեցին իրենց «Վերջին զանգը» Արդեն մի քանի
տարի է, որ Արաբկիր համայնքի տասներորդցիների համար «Վերջին զանգը» պայծառ հուշերի
առիթ է դառնում, քանի որ այդ օրը թաղապետ Լեւոն Հարությունյանն անձամբ է այցելում
համայնքի դպրոցներ, նվերներ տալիս ու շնորհավորում շրջանավարտներին: Երեկ,
ավանդույթի համաձայն, Լեւոն Հարությունյանը եղավ համայնքի մի քանի դպրոցներում: Շնորհավորելով
բոլոր տասներորդցիներին «Վերջին զանգի» կապակցությամբ, թաղապետը նրանց «հասուն կյանքում
հաղթանակներ ու բարի երթ» մաղթեց. «Այսօր, այս հանդիսավորության, ժպիտների մեջ հուզմունք
կա, քանզի հրաժեշտի պահ է: Դպրոցական տասը տարիներին այսօր հրաժեշտ եք տալիս ու փակելով
արկածներով լի անհոգ մանկության դռները, բացում եք հասուն կյանքի պայքարի ու հաղթանակների
դարպասը: Առջեւում թող միայն հաղթանակներ լինեն՝ կերտված ուժեղ կամքի, գիտելիքների
ու բարության շնորհիվ: Ամենաուրախ ու տխուր օրերին հիշելու եք այս դպրոցը, ուսուցիչների
աչքերը, թեւավոր խոսք դարձած արտահայտությունները ու այս հիշողությամբ հեշտ է լինելու
ապրել աշխարհում: Թող հավերժ ուղեկից լինեն ձեզ կամքն ու բարությունը: Բարի երթ ձեզ»:
Այս անգամ էլ Լ. Հարությունյանը համայնքի 22 դպրոցներին եւ 2004-2005 թվականի
շրջանավարտներին նվիրեց ՝ «Բացել 10 տարի անց, վայելել միասին» մակագրությամբ հայկական
կոնյակով լի տակառիկներ, որ թաղապետի ներկայացմամբ, խորհրդանշում է դպրոց-շրջանավարտ
կապը: Ինչը կնշանակի՝ տակառիկը կբացվի 2015 թվականի մայիսի 25-ին՝ 2005 թվականի շրջանավարտների
ու նրանց ուսուցիչների համար: «Վերջին զանգի» արարողությունը ինքնին հուզիչ է, իսկ
այցելությունը իր՝ թիվ 148 դպրոց, առավել էր հուզել թաղապետին: Առաջին դասարանը Թբիլիսիում
հաճախելուց հետո Լ. Հարությունյանը տեղափոխվել է Երեւան եւ ուսումը շարունակել այս
դպրոցում: Չնայած պարոն Հարությունյանի դպրոցն ավարտելուց ի վեր տարիներ են անցել,
սակայն թաղապետն իր ուսուցիչների ներկայությամբ կրկին աշակերտ էր զգում իրեն: Դպրոցական
տարիների հուշերը վերապրելով՝ Լ. Հարությունյանը մեկ առ մեկ հիշեց աշակերտական տարիների
չարաճճիություններն ու հիշարժան դիպվածները: Թաղապետը համայնքի այլ դպրոցների թվում
այցելեց նաեւ Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոց: Այս տարի Շիրվանզադեի դպրոցն ունի
77 շրջանավարտ: Վերջիններս ոգեւորվել էին համայնքի ղեկավարի ներկայությունից: Այս
կրթօջախում էլ պարոն Հարությունյանը շրջանավարտներին բարի երթ մաղթեց, իսկ հայրենանվեր
գործի համար մանկավարժներին շնորհակալություն հայտնեց: Տասներորդցիներն էլ իրենց
հերթին երախտիքի ջերմ ու հուզառատ խոսքեր ասացին իրենց ուսուցիչներին, բանաստեղծություններ
ձոնեցին եւ հայցեցին նրանց ներողամտությունը տասը տարիներին արած չարաճճիությունների
ու խենթությունների համար: R