Առաջիկա օրերին ՀՀ նախագահը կվավերացնի կառավարության որոշումը՝ ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2005/06 ուսումնական տարվա անվճար (3542) եւ վճարովի (5658) ուսուցման տեղերը հաստատելու մասին:
Թեեւ ԿԳ նախարարն իր վերջին ասուլիսներից մեկում ժխտեց լուրը՝ այդ տեղերի կրճատման մասին, եւ ասաց, որ նոր մասնագիտությունների ավելացման հետ կապված՝ տեղերը նույնիսկ կավելանան, այնուամենայնիվ, այս տարի ընդհանուր առմամբ 50-ով պակասել են վճարովի տեղերը: Դրանք կրճատվել են հիմնականում Տնտեսագիտություն, Իրավագիտություն, Կիրառական մաթեմատիկա, Տեխնոլոգիա եւ ձեռնարկչություն մասնագիտությունների հաշվին:
ՀՀ վարչապետը վերջերս հայտնեց, որ բուհական տեղերը սահմանելիս երբեք էլ բավարար չափով մոնիտորինգ չի իրականացվում շուկայում: (Նկատենք, որ կառավարության վերոնշյալ պաշտոնական փաստաթղթում նշվում է ոչ թե «պետպատվերով» տեղեր, ինչպես ընդունված էր մինչ այժմ, այլ՝ «անվճար»): Ըստ Ա-ինֆոյի երեկվա տեղեկատվության էլ, Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը հայտնում է, որ «Հայաստանում բուհական ծրագրերի զարգացման տեմպերը չեն համապատասխանում ՏՏ ոլորտի պահանջների զարգացմանը: Հայաստանում գոյություն ունի ոչ միայն միկրոէլեկտրոնիկայի մասնագետ-ինժեներների, այլեւ տեղեկատվական տեխնոլոգիաների մենեջերների նախապատրաստման խնդիր»: Սա եւս հաշվի չեն առնում անձինք, ովքեր սահմանում են բուհական անհրաժեշտ տեղերը: Ըստ էության, գոյություն ունեն մի քանի կոմպոնենտներ, ըստ որոնց կազմվում է մասնագետների անհրաժեշտ թվաքանակը. գերատեսչությունների առաջարկները, հասարակական պատվերը (կախված նրանից, թե հասարակության շրջանում որ մասնագիտություններն են այս կամ այն շրջանում համարվում հեղինակավոր), եւ իհարկե՝ բուհերի առաջարկները, որոնք վճարովի տեղերի հաշվին ֆինանսական խնդիրներ են լուծում:
Դատելով այս եւ նախորդ մի քանի տարիներին սահմանած թվերից, պատասխանատու անձինք առաջնորդվում են միայն իրենց ձեռնտու կոմպոնենտներով՝ արհեստականորեն բարձր պահելով վարձավճարների ու տեղերի սահմանը՝ հասարակության կողմից պահանջարկ վայելող մասնագիտությունների դեպքում: Այսպես՝ ամենամեծ թիվը հանդիպում է ԵՊՀ Իրավագիտություն՝ համապատասխանաբար՝ 20-120, (Իջեւանի մասնաճյուղում՝ 15-20), Տեսական տնտեսագիտություն, ֆինանսներ եւ վարկ…- 25-160 (Իջեւանի մասնաճյուղում՝ 12-20), Կիրառական մաթեմատիկա- 65-75, Բուժական գործ, մանկաբուժություն- 98-121 մասնագիտությունների պարագայում: Փոխարենը մեզ պետք է 40+42 հայոց լեզվի եւ գրականության մասնագետ (Իջեւանի մասնաճյուղում՝ 13-15), գրեթե նույնքան էլ անգլերենի՝ 10+70:
Ի դեպ, ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանն այս տարի առաջարկում է Արժեթղթերի շուկայի վերլուծություն եւ կառավարում մասնագիտության համար՝ 10+15 տեղ՝ շուկայի չգոյության պայմաններում, իսկ, օրինակ, ՀՊՃՀ Ռադիոտեխնիկա (9+9), Ռադիոէլեկտրոնային միջոցների նախագծում եւ տեխնոլոգիա (10+9) մասնագիտությունների կողքին այս տարի ավելացել է նաեւ Ռադիոէլեկտրոնային համակարգեր մասնագիտությունը՝ 5+5 տեղով: Մասնագիտական տեղերի մասին տվյալներ կներկայացնենք նաեւ առաջիկայում:
Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ