Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԸՐՔՈՐՅԱՆԸ «ՄԵՍԻ՞Ջ» ԷՐ ԲԵՐԵԼ

Մայիս 26,2005 00:00

ՔԸՐՔՈՐՅԱՆԸ
«ՄԵՍԻ՞Ջ» ԷՐ ԲԵՐԵԼ Հայաստանյան քաղաքական որոշ շրջանակներում
ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանի անակնկալ եւ ինչ-որ տեղ նաեւ գաղտնի այցը Հայաստան
մեկնաբանությունների առիթ է տվել: Ոմանք կարծիք են հայտնում, թե Քըրքորյանը Հայաստան
էր ժամանել որոշակի առաքելությամբ, որի նպատակն էր Ռոբերտ Քոչարյանին փոխանցել ԱՄՆ-ի
ոչ պաշտոնական տեսակետները ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների, Ռ. Քոչարյանի՝
իշխանությունից հեռանալու ու նրա անվտանգության երաշխիքների շուրջ: Ի դեպ, որ նախկինում
էլ նման պրակտիկա կիրառվել է, օրերս մեր զրույցի ժամանակ խոստովանեց նախկին իշխանության
բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Նրա ասելով՝ տարբերությունն այն է, որ այն ժամանակ
ՀՀ առաջին նախագահին ամերիկյան «մեսիջները» փոխանցվում էին սովորաբար Հովնանյանների
եւ Լուիս Սիմոն Մանուկյանի միջոցով: «Ես այդ հարցին չեմ կարող միանշանակ պատասխանել:
Հաշվի առնելով, որ այդ հանդիպման մանրամասներին տեղյակ չեմ, ուստի՝ ենթադրություններ
չեմ կարող անել: Բայց մի բան կարող եմ հստակ ասել. Քըրքորյանը մի անձ է, որի՝ Հայաստան
գալու մասին եթե իշխանությունները ժամանակին իմանային, կամ եթե այդ այցն իրենց սրտով
լիներ, կարող էին դրանից շոու սարքել: Բայց տվյալ դեպքում նրանք դա չարեցին: Քըրքորյանի
այցն, ըստ էության, բավականին գաղտնի այց էր, եւ իշխանություններն ամեն ինչ արեցին,
որ այդ այցը ստվերում մնա, ինչը նրանց մասամբ հաջողվեց»,- նկատեց Ազատական-առաջադիմական
կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Ըստ նրա, հենց իշխանությունների
այդ պահվածքից էլ կարելի է եզրակացություններ անել, բայց՝ միայն եզրակացություններ:
«Կարծում եմ, նրա այցը Հայաստան միայն իր նախնիների Հայրենիքն այցելելու ցանկությամբ
չէր պայմանավորված, որովհետեւ նրա տրամաչափի մարդը Հայաստան գալուց անպայման որեւէ
առաքելություն պետք է ունենա: Իսկ ընդհանրապես, այդպիսի պրակտիկա կիրառվում է, մանավանդ՝
ԱՄՆ կողմից: Նահանգները նման առաքելությունն իրականացնելու համար սովորաբար ընտրում
է տվյալ երկրում ընդունելի եւ որոշակի հեղինակություն վայելող մարդկանց, անգամ՝ նախկին
նախագահների, նախկին պատգամավորների, նախկին ԱԳ նախարարների»: Ն.
Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել