Ներքին
ասկյարներ Ինչպես ասում են՝ կարկուտը խփած տեղն է խփում: Ասես
վերջնականապես ու հանդիսավորապես ամրագրելու համար Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային
կարեւորագույն տնտեսական իրողություններից, երեկ Բաքվում երեք նախագահների կողմից
ստորագրվեց վաղուց սպասվող մի համաձայնագիր: Ասել է թե՝ բավական չէր, որ Ադրբեջանում
մեծ շուքով գործարկվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, հենց նույն օրն էլ, կարծես
Հայաստանի «ինադու», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ
Սեզերի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու մասնակցությամբ ստորագրվեց եռակողմ
համաձայնագիր՝ Կարս -Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարության իրականացման մասին:
Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղին դիտվում է որպես Հարավային Կովկասը Թուրքիային
կապող Կարս-Գյումրի երկաթուղու այլընտրանք: Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը նախատեսում
են երկաթուղի կառուցել Կարսի ու Ախալքալաքի միջեւ եւ վերանորոգել Ախալքալաք-Մարաբդա
(Թբիլիսիից ոչ հեռու) գոյություն ունեցող, բայց գրեթե չգործող երկաթգիծը: Կարս-Ախալքալաք
կառուցվելիք երկաթգծի ողջ երկարությունը կազմում է 258 կիլոմետր, որից 160-ը Ախալքալաք-Մարաբդա
երկաթգծի երկարությունն է: Կառուցվելիք 98 կիլոմետրից 68-ը Թուրքիայի տարածքով է
անցնելու, իսկ 30-ը՝ Վրաստանի Ջավախքի երկրամասով: Երկաթուղու կառուցման համար, ըստ
նախնական հաշվարկների, պահանջվում է մոտ 400 միլիոն դոլար: Հիշեցնենք, որ
նախօրեին Բաքվում կայացել են ադրբեջանա-ղազախական բարձր մակարդակի բանակցություններ,
որոնց արդյունքում Ղազախստանի ղեկավարը հայտարարել է ԲԹՋ նախագծին ղազախական կողմի
միանալու մասին եւ առաջարկել է նավթամուղն անվանել Աքթաու-Բաքու-Թբիլիսի-Ջեյհան:
Չէր խանգարի հիշեցնել նաեւ, որ չնայած ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի մոտ ՀՀ վարչապետի
արած աղիողորմ գանգատներին, թե Իրանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի մասնակցությամբ կյանքի կոչվելիք
«Հյուսիս-Հարավ» հաղորդակցական ծրագիրը հաշվի չի առնում ՀՀ-ի շահերը, եւ չնայած Լավրովի՝
խնդիրը «տեղ հասցնելու» խոստումներին, այս հարցում եւս որեւէ հուսադրող նորություն
չկա: Այսպիսով, մեր երկիրն իսկապես հայտնվել է խիստ ծանր իրադրության մեջ,
եւ սա արդեն ոչ թե ինչ-որ անմեղ քաղաքագիտական դիտարկում է, այլ դառը եւ մեր ժողովրդի
համար բավականաչափ վտանգավոր իրականության արձանագրում: Թվում էր, թե Հայաստանի ներկայիս
կառավարիչներն իրենց անձնուրաց եւ ազգանպաստ գործունեության փոքրիկ ընդմիջումներին
պետք է որ ընկալեին վերը նկարագրված իրավիճակի ողջ լրջությունը եւ համարժեք քայլեր
ձեռնարկեին, ասենք՝ ադրբեջանական նավթային գործոնին ինչ-որ բան հակադրելու ուղղությամբ:
Կհարցնեք ի՞նչ. ենթադրենք՝ ժողովրդավարական ինստիտուտների կայացում եւ մանր ու միջին
ձեռներեցության լիարժեք զարգացման խթանում: Արվե՞լ է այդ բանը: Բոլորովին: Եվ դա
արդեն «շուն ասկյարի» մեղքը չէ: Դա մեր ներքին ու խիստ ազդեցիկ ասկյարների մեղքն
է: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ