Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ երգիչը՝ «ասերի» հետ նույն բեմում

Մայիս 25,2005 00:00

Երիտասարդ երգիչը՝ «ասերի» հետ նույն բեմում Այսօր «Ա. Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնած Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերայի համերգային կատարումը նվիրվում է Իտալիայի Հանրապետության ազգային տոնին: Հանրահայտ «ինտերնացիոնալ» հայազգի երգիչների՝ Իզաբել Բայրաքդարյան (Կանադա), Սուրեն Շահիջանյան (Ֆրանսիա), Պերճ Քարազյան (Սիրիա), ինչպես նաեւ հայաստանցիներ Լուսինե Ազարյանի, Դավիթ Բաբայանցի եւ Բեսիկ Գաբիտաշվիլիի (Վրաստան) կողքին մեծ բեմում իր մկրտությունը կստանա Երեւանի պետկոնսերվատորիայի այս տարվա շրջանավարտ (դոցենտ Սարգիս Թորոսյանի դասարան), Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Խաչիկ Մարտիրոսյանը (բաս-բարիտոն): «Առավոտի» մտավախությունը, թե մեծ սրահում առաջին անգամ, այն էլ նման անունների հետ հանդես գալը երիտասարդ երգչին կարող է շփոթեցնել, Խ. Մաթեւոսյանը փարատեց: Պարզվում է՝ դեռ կոնսերվատորիայում ուսանելու տարիներին երգիչը Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում բազմիցս հանդես է եկել վերոհիշյալ օպերայում: «Արդեն առանց փնթփնթան բժշկապետ Բարտոլոյի կերպարի չեմ պատկերացնում իմ՝ օպերային երգչի հետագա գործունեությունը»,- կատակեց երիտասարդ արվեստագետը: 2001-03թթ. Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կազմում Փարիզ, Մոսկվա, Աթենք համերգային շրջագայության մեկնած երգիչը մեզ հետ զրույցում չթաքցրեց օպերային մեներգիչ դառնալու իր վաղեմի ցանկությունը. «Իհարկե, մեծ դպրոց էր օպերային ստուդիայի բեմը, որտեղ այսօր էլ մասնակցում եմ ներկայացումներին, բայց, կարծում եմ, հասկանալի է յուրաքանչյուր երգչի ձգտումը դեպի մեծ բեմ: Մասնակցեցի Ազգային օպերային թատրոնում վերջերս անցկացված մեներգիչների մրցույթին եւ այժմ աշխատում եմ թատրոնում: Առայժմ պատրաստում եմ Մարկիզի դերերգը Վերդիի «Տրավիատայում» եւ Սալերիինը՝ Ռիմսկի-Կորսակովի «Մոցարտ եւ Սալիերիում»: Տեղեկացանք նաեւ, որ երիտասարդ երգիչը հասցրել է 2002-ին մենահամերգով հանդես գալ Բեռլինում: «Համերգային ծրագրում միայն Կոմիտաս էր: Համերգից հետո շնորհավորեցին նաեւ թուրք հանդիսատեսները, շեշտելով հատկապես «Կռունկի», «Հով արեք, սարեր ջանի» կատարումները»,- հիշեց երգիչը: Կարճատեւ զրույցի ավարտին հումորով հարցրինք, թե երիտասարդ երգիչը դեռ չի՞ հիասթափվել «օպերային աշխարհից»: Խ. Մաթեւոսյանը պատասխանեց. «Հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը: Ես էությամբ այնպիսի մարդ եմ, որ շուրջբոլորս ինչ էլ որ կատարվի՝ ինձ վերաբերող կամ չվերաբերող, կարողանում եմ աչք փակել, մի խոսքով՝ ես իմ երգն եմ երգում»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031