Լրահոս
Օրվա լրահոսը

2006-ը՝

Մայիս 25,2005 00:00

2006-ը՝ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ Խոստանում է Արամ Կարապետյանը Նախորդ օրը երեկոյան Մոսկվայից Երեւան է վերադարձել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: «Առավոտը» կես կատակ, կես լուրջ հարցրեց. «Մոսկվայում հստակեցվեցի՞ն հեղափոխության ժամկետները»: Պարոն Կարապետյանը, միանգամայն լրջորեն, երկու հետաքրքիր հանգամանք ներկայացրեց իր այդ այցից. «Իմ այցը համընկավ նրա հետ, որ ողջ ռուսական անալիտիկ դաշտը սկսեց ասել, որ Հայաստանը առաջնային է հեղափոխությունների շարքում: Եվ երկրորդը, որը հայկական քաղաքական դաշտում մի քիչ ավելի տարօրինակ է թվում՝ այդ ընթացքում Ջորջ Բուշը հայտարարեց, որ Կովկասն ու Միջին Ասիան սպասելիքներ ունեն, որոնք իրականանալու են»: Սրանք պարոն Կարապետյանը վկայակոչում է հաստատելու իր այն տեսակետը, որ Անդրկովկասում գործելու է ռուս-ամերիկյան դաշինք: Ի դեպ, Հայաստանի համար դա մեր զրուցակիցը լավագույն տարբերակն է համարում: Արդյունքում՝ «Ես արդեն որեւէ կասկած չունեմ, որ Հայաստանում հեղափոխությունը հաղթելու է: Եվ եթե ինձ հարցնեն, թե ինչով եմ զբաղվելու՝ այսօրվանից սկսած մենք պատրաստվելու ենք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների»,- հայտարարում է Ա. Կարապետյանը: «Առավոտի» դիտարկմանը՝ արդյո՞ք 2006 թվականը Հայաստանը կդիմավորի նոր իշխանություններով, Ա. Կարապետյանն ասաց. «Միանշանակ»: Ըստ պարոն Կարապետյանի, իր մոսկովյան այցն ավելի նպատակաուղղված էր հստակեցնելու առաջիկայում տարածաշրջանում Հայաստանի դերը: Թե հատկապես ում հետ են հանդիպումներ եղել, նա չի բարձրաձայնում, բայց հայտարարում է. «Ինձ շատ ուրախացնում են այն ինֆորմացիան եւ անալիզները, որոնք ես կարողացա փոխանակել շատ բարձր՝ քաղաքական, պետական, անալիտիկ ատյանների հետ եւ կարողացա հասկանալ»: Պարոն Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի տեղի ու դերի մասին իր պատկերացումները, որոնք ընդունվել են: Մասնավորապես՝ «ԼՂՀ հարցում ես դեմ եմ որեւէ ավանտյուրայի, որը հիմա արագացված տեմպերով ուզում է անել իշխանության մեծ հատվածը՝ իրեն «բարերար» ներկայացնելու, իրականում իշխանությունը պահելու համար: Ես ջատագով չեմ, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը լինի արագ եւ մենք չհասցնենք հասկանալ, թե դա ինչի համար ենք անում, ինչ է դա մեզ տալու տնտեսական, գեոքաղաքական տեսակետից: Ինձ շատ անհանգստացնում է Թուրքիայի ակտիվությունը Վրաստանում եւ Ադրբեջանում, որովհետեւ մենք կարող ենք հայտնվել թուրքական գեոքաղաքական դաշտում: Սա նույնպես ավանտյուրա է, որը մեզ կարող է բերել շատ ծանր հետեւանքների: ՌԴ-ն Հայաստան կտեղափոխի շատ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք վրացական բազաներից, ուստի Հայաստանի դերը, որպես ռուսական ռազմական գործակցի՝ խիստ կաճի: Հայաստանի ապագա իշխանություններն ամեն ինչ կանեն՝ բարելավելու ռուս-ամերիկյան հարաբերակցությունը Կովկասում, որպեսզի մրցակցությունը չվերաճի առճակատման: Եվ մեր գլխավոր խնդիրը դառնալու է ժողովրդավարացումն ու տնտեսության զարգացումը»: Պարոն Կարապետյանի համոզմամբ, թե ՌԴ-ն, թե ԱՄՆ-ը հետամուտ են Հայաստանի ուժեղացմամբ եւ մրցակցությունը լինելու է՝ թե ով ավելի շատ է ուժեղացնելու. «Գեոքաղաքական առումով Հայաստանը լինելու է տեղ՝ ուր պայմանավորվածությունները գործելու են միանշանակ: Հայաստանն այս բոմժային կարգավիճակից դուրս է գալու եւ երբեք չի լինելու կոմպլեմենտար: Նա իր շահն է ներկայացնելու՝ հաստատ կանգնած իր համոզմունքին եւ փաստարկված պետք է ներկայացնի, թե ինչու՞ այդ երկրները պետք է օգնեն»: Մինչեւ Եվրոպա՝ մեր զրուցակիցը «երկար ճանապարհ» է կանխատեսում, մինչդեռ Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ՝ հարաբերությունների բազմակողմանի սերտացում, քանզի վերջիններս ցանկություն ունեն Կովկասում նավթային ու գազային խնդիրների հետ կապված տնտեսական շահեր ունենալ: Բարեկամական հարաբերություններ են նախանշվում նաեւ Իրանի հետ: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել