Պնդում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության պահեստի փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն:
«Իրական Ադրբեջանում» վերջերս հրապարակված մի տեղեկատվության համաձայն, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն սենսացիոն հայտարարություն էր արել՝ ասելով, թե 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությունը ծրագրել էին ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ավելի կոնկրետ՝ գլխավոր հետախուզական վարչությունը:
Այդ հայտարարությանը շատ ուշացումով եւ, ըստ էության, հայաստանյան մամուլի դրդմամբ պատասխանել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված էր, թե Լիտվինենկոն հերյուրանքներ է տարածում, որն ուղղված է հայ-ռուսական բարեկամության խաթարմանը:
Օրերս ադրբեջանական նույն թերթը հրապարակել է իր թղթակից Էլնուր Էմինօղլուի բացառիկ հարցազրույցը Ալ. Լիտվիենկոյի հետ, որտեղ ռուս փոխգնդապետը պատասխանում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հիշյալ հայտարարությանը: Հարցազրույցը ներկայացնում նենք միայն մասնակի կրճատումով:
Կարդացեք նաև
– Պարոն Լիտվինենկո, ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հայտարարությունն այն մասին, թե ձեր հայտարարությունը՝ Հայաստանի խորհրդարանի գնդակահարությանը ՌԴ ԳՀՎ մասնակցության մասին, Բորիս Բերեզովսկու պատվերով է արվել եւ ուղղված է ռուս-հայկական հարաբերությունների դեմ:
– Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը փորձում է ցանկացած միջոցներով մաքրել ռուսական հատուկ ծառայությունների կատարած հանցագործությունները: Ես մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ Հայաստանի խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել է ՌԴ գլխավոր հետախուզական վարչությունը: Բորիս Բերեզովսկին քաղաքական դեմք է: Եվ այն, որ ռուսական դեսպանությունն ընդունում է նրա կարգավիճակը՝ արդեն խոսում է այն մասին, որ պաշտոնական Կրեմլի բոլոր նախկին հայտարարությունները Բերեզովսկու մասին՝ հիմնազուրկ են։
Իր որեւէ հայտարարության մեջ Բերեզովսկին չի ասել, թե ինքը շահագրգիռ է տարածաշրջանում Ռուսաստանի դերի թուլացմամբ եւ Հարավային Կովկասի երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմամբ: Բացի այդ, նախկինում Բերեզովսկին ԱՊՀ գործադիր քարտուղարն էր եւ այդ ժամանակաշրջանում նա քիչ բան չի արել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխհարաբերությունների զարգացման համար:
Հայաստանում ռուսաստանյան դիվանագետներն իրենց ցանկալին ներկայացնում են որպես իրականություն, երբ ասում են, թե ես հնչեցնում եմ Բերեզովսկու խոսքերը եւ կատարում եմ նրա կամքը:
Ներկայումս ես զինվորական ծառայության վետերան եմ, պահեստի փոխգնդապետ: Նույնիսկ երբ զինվորական դատախազը դիմել էր դատարան՝ առաջարկելով ինձ զրկել իմ զինվորական կոչումներից, իսկ դատարանն ինձ դատապարտել է հեռակա, դատախազի այդ առաջարկը մերժվել էր: Անվտանգության դաշնային ծառայությունից ես հեռացվել եմ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, եւ ոչ թե ինձ անվանարկող, այլ՝ «հաստիքների կազմավորման» միջոցառումների հետ կապված հիմքով: Դեսպանատունն ինձ զրպարտում է:
– Կրեմլին մոտ կանգնած ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ներ հայտարարեցին, որ դուք չարաշահում եք ԱԴԾ-ում երբեւէ ունեցած ձեր բարձր կարգավիճակը եւ կանխամտածված կերպով ապատեղեկացնում եք հասարակությանը…
-Այդ դեպքում ես հարցնում եմ՝ ինչո՞ւ ոչ մի անգամ ինձ դատի չեն տվել: Մինչեւ վերջերս իմ գրքերը, քանի դեռ դրանք արգելված չէին, վաճառվում էին Մոսկվայում: Իսկ իմ երկրորդ գիրքը վաճառվում էր ՌԴ Պետդումայում: Ոչ ոք ոչ մի անգամ ինձ դատի չտվեց՝ ոչ Պուտինը, ոչ ԱԴԾ-ն: Իմ ցանկացած հայտարարություն հաստատվում է հատուկ ծառայությունների ներքին փաստաթղթերով:
Ինչ վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան արած հայտարարությանը, ապա ես հայտարարում եմ, որ նրանք փորձում են մաքրել իրենց հատուկ ծառայությունները ահաբեկչությունից եւ այն կեղտից, որի մեջ դրանք մինչեւ ականջները թաղված են: Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչական կազմակերպություն է:
Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ