ԲԱՑԵՐ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը հայտարարությամբ երկրի իշխանություններին կոչ է անում վերանայել «Ընտրական օրենսգիրքը» եւ այն ամբողջությամբ համապատասխանեցնել ազատ եւ արդար ընտրությունների միջազգային չափանիշներին: Երեկ հրավիրված ասուլիսում «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամներ, «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավարներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանը մտահոգություն հայտնեցին «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի փորձագետների կողմից իբրեւ առաջընթաց գնահատելու կապակցությամբ: «Վենետիկի հանձնաժողովը ողջունում է մի հակասահմանադրական դրույթ»,- ասաց Հրայր Թովմասյանը՝ ընդգծելով դատավորներին ընտրական հանձնաժողովներում ընդգրկելու հակասությունը Սահմանադրության 98 հոդվածին: Սակայն առավել տարակուսելի համարվեց այն, որ Վենետիկի հանձնաժողովի անդամը հաշվի չի առել Եվրախորհրդի բազմիցս արտահայտած մտահոգությունը Հայաստանում դատական իշխանության կախյալ վիճակի վերաբերյալ: Վարդան Պողոսյանը նշեց, թե գործադիր իշխանությունից կախվածության մեջ գտնվող դատական իշխանության ներգրավումը ընտրահանձնաժողովներում չի կարող գնահատվել որպես «դրական քայլ՝ քաղաքական պլյուրալիզմի ավելի մեծ մակարդակի հասնելու համար»: Այս առնչությամբ եւս մի խնդիր մատնանշվեց, թե 40 ընտրատարածքային հանձնաժողովներից յուրաքանչյուրում նշանակվելու են երկուական դատավորներ, իսկ սա ըստ Հրայր Թովմասյանի՝ «կազմում է մեր ընդհանուր իրավասության դատական կորպուսի 70-80%-ը, այսինքն՝ կունենանք կազմալուծված դատական համակարգ»: «Գործընկերություն հանուն բաց հասարակության» ներկայացուցիչների կարծիքով՝ «ԸՕ»-ում կատարված փոփոխությունները չեն կարող դիտվել իրական բարեփոխում, առավել եւս, որ հետընթաց են ապրել որոշ կարեւոր դրույթներ: Հրայր Թովմասյանը նշեց, թե այս անգամ ընտրակեղծիքների մեխանիզմներն ավելի պարզունակ են: Առավել որոշակի՝ քվեաթերթիկների վրա հանձնաժողովի երեք անդամների կողմից ստորագրելու մասին դրույթի «բացակայության պարագայում քվեաթերթիկների մի տեղից մյուսում հայտնվելը, կամ արդեն քվեարկած քվեաթերթիկները փոխելը որեւէ դժվարություն չի ստեղծում, եւ չկա որեւէ միջոց ստուգելու դրանց իդենտիկությունը տվյալ ընտրական տեղամասի հետ»: Զինվորական մասերում կազմված ընտրական ցուցակները հրապարակման ենթակա չլինելու առնչությամբ Հրայր Թովմասյանը կանխատեսեց, թե առավել դյուրությամբ կգործադրվի զինվորականների մի քանի անգամ քվեարկելու վաղուց կիրառվող հնարքը. «Եվ որեւէ հսկողական մեխանիզմ կարծես չկա՝ բացի հետախույզներից, որ նրանց հետեւից ընկած գնան եւ տեսնեն, թե ուր գնացին»: Առարկելով հնարավոր այն հակափաստարկներին, թե այդ ցուցակները չեն հրապարակվում գաղտնիության նկատառումով՝ նա հիշեցրեց, որ ստեղծվելու է ընտրողների ազգային գրանցամատյան, որը տեղադրվելու է ինտերնետում. «Հիմա պարզ չէ, թե այդ զինվորականները լինելո՞ւ են ընտրողների այդ ցուցակում, թե՞ ոչ: Եթե լինելու են, ապա այս փակ լինելը կարծես թե չի գործում: Իսկ եթե նրանք չեն լինելու, ապա ինչի՞ հիման վրա են հրապարակելու ընտրողների ընդհանուր թիվը… Մաթեմատիկական շատ հեշտ գործողությամբ՝ հրապարակված ընդհանուր թվից կհանեն ինտերնետում տեղադրված ցանկում նշված թիվը եւ կստանան զինվորականների թիվը»: «Առավոտի» հարցին՝ հնարավոր է համարում, թե զինմասերում առկա զինվորականների վերաբերյալ տվյալնե՞րն էլ տեղադրվեն ինտերնետում, պրն Թովմասյանը պատասխանեց բացասաբար, սակայն նաեւ նշեց, թե այդ տվյալները պիտի համեմատության համար տրամադրվեն վստահված անձանց՝ պայման առաջադրելով, թե դրանք ենթակա չեն հրապարակման: «Ընտրական օրենսգրքում» նրա բացահայտած մեկ այլ «ստորջրյա խութ» էլ վերաբերում է ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցմանը. «Ըստ էության՝ որեւէ չափորոշիչ չսահմանելը, թե ուսուցումն ինչպես է կազմակերպվելու եւ որակավորման վկայականներն ով է տալու՝ ստիպում է խորհել, թե այս անգամ ինչ են մտածել… Իմ կարծիքով, բավականին պարզ է՝ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին պարզապես վկայական չեն տալու»: Նշենք, որ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» ներկայացուցիչները մտադիր են իրենց այս մտահոգությունները փոխանցել Եվրոպայի խորհրդին՝ ակնկալելով, որ վերանայվի մոտեցումը «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունների վերաբերյալ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆՀ. Գ. Վարդան Պողոսյանը նշեց. «Հստակ գիտեմ, որ ե՛ւ սահմանադրական, ե՛ւ հավաքների անցկացման օրենքի փոփոխությունների առնչությամբ բավականին խիստ գնահատականներ են պատրաստվում Վենետիկի հանձնաժողովի կողմից»: