Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական 31-րդ եւ աղջիկների 11-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին խաղարկվող մեդալներից:
Ավագ մարզչի պաշտոնակատար, հանրապետության պատանեկան հավաքականի մարզիչ Աշոտ Մխիթարյանը մրցավայր էր տարել Հռիփսիմե Խուրշուդյանին, Դավիթ Մուրադյանին, Գեւորգ Կակոյանին, Տիգրան Մարտիրոսյանին եւ Արեն Հակոբյանին: Մոտ մեկուկես-երկու ամիս առաջ Ա. Մխիթարյանը, ոգեւորված ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Շահեն Հովասափյանի՝ Գյումրիում մարզիկների համար մարզումային պայմանները բարելավելու ուղղությամբ կատարած գործնական քայլերից, հայտարարել էր, թե հիմա արդեն հերթը ծանրորդներինն է, ու նրանք միջազգային մրցումներում նվաճած մեդալներով վարձահատույց կլինեն: Սակայն Բուսանից ձեռնունայն վերադառնալը մեզ թույլ է տալիս ենթադրել, որ նա նախ եւ առաջ նկատի ուներ իրեն վստահված պատանեկան հավաքականի անդամներին:
Ինչեւէ, Հարավային Կորեայում լավագույնը ավելի բարձր քաշային կարգ տեղափոխված Հռիփսիմե Խուրշուդյանի 98+122=220կգ արդյունքն է, որով նա գրավեց 5-րդ տեղը: Տղաներից երեկ երեկոյան հայտնի էին միայն երեքի ցուցանիշները. 56կգ քաշային Դավիթ Մուրադյանը երկամարտի 229 (101+128) կիլոգրամով 13-րդն է, Գեւորգ Կակոյանը՝ 62կգ, 9-րդը (116+141=257), Տիգրան Մարտիրոսյանը՝ 69կգ, 10-րդը (133+160=293): Անհայտ էր միայն+105կգ քաշային Արեն Հակոբյանի արդյունքը: Սակայն տեղյակ էինք, որ նա էլ ոչնչով աչքի չի ընկել:
Երբ ցանկացանք լսել Սպորտպետկոմի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանի գնահատականները, նա ասաց, որ դրանում սարսափելի բան չկա, եթե հաշվի առնենք, որ մեր ծանրորդների մեծ մասը դեռ պատանեկան հասակում են:
Սակայն տրամագծորեն հակառակ կարծիքի էր ՀԱՕԿ-ի փոխնախագահ, օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանը: «Վերջին տարիներին մեր՝ մինչեւ 20 տարեկան ծանրորդները այսքան անհաջող մրցելույթներ չէին ունեցել,- ասաց նա:- Այդ տարիքային խմբի աշխարհի առաջնություններում ունեցել ենք մեդալներ, մի անգամ էլ նույն առաջնությունում տվել աշխարհի երկու չեմպիոն: Թիմային հաշվարկով էլ գրավել ենք 2-րդ, 3-րդ տեղեր: Սակայն ինձ ավելի շատ մտահոգում են ոչ այնքան գրավված տեղերը, որքան ցածր արդյունքները: Օրինակ, ինչպե՞ս կարելի է, որ 56կգ քաշային ծանրորդը ցույց տա 101+128 կիլոգրամ, կամ 62կգ քաշայինը բարձրացնի 116 եւ 141 կգ: Անցյալում նման արդյունքներով հավաքական չէին ընդգրկվի ու աշխարհի առաջնություն չէին գործուղվի: Ինչ վերաբերում է ծանրորդների տարիքին, դա ոչ մի նշանակություն չունի: Եթե մարզիկը գնացել է աշխարհի առաջնություն, պետք է պայքարի: Պարտադիր չէ, որ բոլորն էլ մեդալ նվաճեն: Սակայն մրցանակակիրներից 20 եւ ավելի կիլոգրամով ետ մնալն էլ բանի նման չէ: 1983-ին, երբ ես մասնակցում էի աշխարհի առաջնությանը եւ այն ժամանակ 22 տարեկան էի, մրցակիցս 16-ամյա Նաիմ Սուլեյմանովն էր: Ու նա հավասար պայքար էր մղում «ոսկու» համար: Ինձ մեծ ջանքերի գնով վերջին մոտեցման ժամանակ հաջողվեց հաղթել նրան ու դրա համար պահանջվեց աշխարհի ռեկորդ սահմանել՝ բարձրացնելով 165կգ: Եթե նայեք Բուսանում երիտասարդների ցույց տված արդյունքներին, կտեսնեք, որ դրանք բավականին լուրջ ցուցանիշներ են: Եվ դա այն դեպքում, երբ օլիմպիական վարկանիշային մրցումները դեռ չեն սկսվել: Այդ ժամանակ պայքարն անհամեմատ դաժան է լինելու, առավել եւս, որ «միջամտելու» են նաեւ անվանիներն ու փորձառուները: Օգոստոսին մեկնարկելու է պատանիների Եվրոպայի առաջնությունը: Այսպիսի արդյունքներով մերոնք կկարողանա՞ն բարձր տեղերի հավակնել: Կասկածում եմ: Մանավանդ, որ նրանք կարող է հոգեբանորեն էլ ճնշված լինեն: Ես կարծում եմ, որ այստեղ պատճառը մարզչական կազմի սխալ աշխատանքն է: Մարզիկները դեռ հավաքների ժամանակ են այսպիսի, որոշ դեպքերում էլ՝ ավելի բարձր արդյունքներ ցույց տվել: Պետությունը, ֆեդերացիան, օլիմպիական կոմիտեն ժամանակին մարզիչների ներկայացրած բոլոր պահանջները բավարարել են: Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ համեմատած, ասենք, մարտ ամսվա Հայաստանի առաջնության հետ, արդյունքների աճ չի եղել: Ավելին, 17-ամյա Տիգրան Մարտիրոսյանը, չմոռանանք, անցած տարվա պատանիների ու մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոնն է: Իսկ Կորեայում գրավել է ընդամենը 10-րդ տեղը: Եթե պիտի այսպես հանդես գային, ավելի ճիշտ կլիներ՝ ընդհանրապես մրցման չմեկնեին: Կամ հակառակը. չեմ հասկանում, թե ի՞նչ իմաստ ուներ հինգ ծանրորդի հետ երեք մարզիչ ուղարկել: Եթե որոշվել էր անպայման մասնակցել, ավելի լավ կլիներ մյուս երկու մարզիչների փոխարեն այդ $2000/2200-ը հատկացնել եւս երկու մարզիկի: Ինչ եղել՝ եղել է: Պարզապես, մարզիչը մեկնելուց առաջ սպորտպետկոմի նախագահի աշխատասենյակում հրավիրված հրաժեշտի հանդիպման ժամանակ չպետք է վստահեցներ, թե ծանրորդները այնտեղ կարող են 10-15կգ ավելի քաշեր բարձրացնել ու կգրավեն 1-6-րդ տեղեր»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ