Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որկրամոլությո՞ւն, թե՞ բովանդակություն

Մայիս 25,2005 00:00

Այսօր հանրապետության 48 հազար շրջանավարտներ
տոնում են իրենց «Վերջին զանգը» Մայրաքաղաքի մի քանի դպրոցներ այդ հարցում
շտապողականություն են ցուցաբերել եւ դեռ անցյալ շաբաթ ավարտել բոլոր կարգի միջոցառումները:
Այս անհամաձայնությունն առաջ եկավ, երբ ուսումնական տարվա ավարտին ԿԳ նախարարը ներքին
կարգով տնօրեններին հրահանգեց տուրք չտալ ձեւին եւ դպրոցական ավարտական միջոցառումներն
անցկացնելիս հավատարիմ մնալ օրվա խորհրդին: Երեկ էլ այս առթիվ մեր հարցին ի պատասխան,
ԿԳ նախարարն ասաց. «Միջոցառումներն անցկացվում են այնպես, ինչպես դպրոցները ցանկանում
են: Որեւէ սահմանափակում որեւէ դպրոցի համար՝ չի արվել: Ես ասել եմ, որ պետք է լինեն
բովանդակություն արտահայտող միջոցառումներ»: Ասվածը՝ յուրաքանչյուր տնօրեն,
ինչպես այս օրերին համոզվեցինք, հասկացել է յուրովի: «Վերջին զանգի» ավանդական մեծ
միջոցառումների կազմակերպման հարցում որոշակի սահմանափակումներ մտան. առաջ եկավ նոր
տերմին՝ «Վերջին դաս», որ կազմակերպվում է դասարաններում, սահմանափակվում կարճ ելույթներով
եւ տասներորդցիների դժգոհության առիթ է դարձել: Որոշ տնօրեններ պարզապես արգելել
են երեխաներին բեմ բարձրանալ: Գուցե նրանց համար դա լոկ ձե՞ւ է, իսկ ամենահեղինակավոր
ռեստորանում քեֆ անելը՝ բովանդակությո՞ւն: Խմբագրություն եկած բազմաթիվ ահազանգերը
վկայում են, որ ռեստորանների եւ տնօրեններին ու ուսուցիչներին տրվելիք նվերների համար
հավաքված գումարը հասնում է մինչեւ 50 հազարի դրամի՝ կապված այն հանգամանքից, թե
դպրոցը ծայրամասային է, թե, այսպես կոչված, «էլիտար», կամ՝ կապված տնօրենի բարեխղճության
հետ: Փորձը ցույց է տալիս, որ, օրինակ, կենտրոնում գտնվող դպրոցներում թե՛ աշակերտների,
թե՛ ուսուցիչների պահանջներն ավելի մեծ են: Որոշ դպրոցներ էլ «Վերջին զանգի» շնորհիվ
առաջ են տանում իրենց սեփական բիզնեսը: Օրինակ, թիվ 22 դպրոցի տնօրենն առաջարկել
է ավարտական երեկոն անցկացնել իր՝ Դավիթաշենում գտնվող «օբյեկտում»: Թիվ 137-ը, ինչպես
եւ նախորդը, բոլոր ծախսերը գնահատել է 50 հազար դրամ, որից միայն 20 դոլարը հատկացնելու
է «Մայամի» ռեստորանում յուրաքանչյուր անձին: Ի դեպ, նշված գումարի մեջ մտնում է
նաեւ քննությունների ժամանակ ուսուցիչներին կերակրելը: Թիվ 27 դպրոցն այսօր,
ավանդույթի համաձայն, «Վերջին զանգի» միջոցառումից հետո (որին, ի դեպ, Թաթայի հայտնի
երգով հանդես են գալու նաեւ դպրոցի 60 ուսուցիչներն ու տնօրենը) եկեղեցում կկնքի
նաեւ իր չկնքված շրջանավարտներին: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆՀ.
Գ. Երեկ հանրապետության 24 շրջանավարտներ՝ ընտրված մարզային կրթության վարչությունների
կողմից, ԿԳ նախարարի հրամանով ստացան շնորհակալագրեր՝ ուսման բարձր առաջադիմության
եւ օրինակելի վարքի համար: Շնորհակալագրերը հանձնեց անձամբ նախարարը: Այս 24 հոգու
շրջանում նախարարի անցկացրած հարցումից պարզվեց, որ այս տարի հեղինակավոր է «Թարգմանչական
գործ» մասնագիտությունը: Բուհական մասնագիտություններին հատկացված տեղերի մասին՝
վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել