Լրահոս
Օրվա լրահոսը

Գազի կրակը նույնիսկ ձեռք չի վառում

Մայիս 25,2005 00:00

Գյումրիի Կոմիտասի 1-ին նրբանցքի բնակիչները զայրանում են իրենց գազի «անճնշում ճնշումից»:

Նրանց ներկայացնելով, արդեն երկրորդ տարին է՝ գազի երես չեն տեսնում. ճնշումը տատանվում է 60 մինչեւ 90, որի արդյունքում էլ իրենք «միլիարդներ» են ծախսում, էլեկտրաէներգիան էլ գազի հետ համաչափ վառում են՝ դարձյալ քնելով «սառույցի մեջ»: Նրանց ասելով՝ դեռ քաղաքում գազից գաղափար ունեցող չկար, որ իրենք փող չխնայեցին ու 1995-ին այն հասցրին թաղամաս: Սակայն, ըստ բնակիչների, օրերից մի օր, ընդ որում ձմռան ցրտին պարզվեց, որ սեփական ուժերով կառուցած «շերպեն թալանվել է», իրենց գազն էլ բերվել է բավականին մեծ հեռավորության վրա գտնվող Փանյան փողոցից, որից սնուցվում են տարբեր թաղամասեր: «Մինչեւ մեզի կհասնի, գազի ճնշումը կընկնի»,- համոզված են բնակիչները: Նրանցից մեկը դժգոհում էր, որ ջեռուցման համար արդեն 400 դոլար փող է մուծել, սակայն ամբողջ տունը բորբոսի մեջ կորել է: Նրանք երկու տարվա մեջ այդպիսի ամիս չեն հիշում, որ գոնե 5-6 անգամ գազի գրասենյակ չբողոքեն, այստեղ էլ թեեւ տարբեր միջոցների դիմել են, նույնիսկ խողովակների դիրքն են փոխել, բայց ճար ու հնար չի եղել: Բնակիչների ասելով՝ գազի նման ճնշումից երբեմն վառարանը չի վառվում, իսկ վերջին շրջանում գազի մարդկանց տված «օգուտն» այն է, որ գալիս-ճնշումը չափում են, մի բան էլ համոզում են, որ իրենց տան ճնշումն էլ է այդքան: «Եթե այդպես է՝ եկեք տանս տեղերը փոխենք»,- առաջարկում են Կոմիտասի 1-ին նրբանցքի բնակիչները: Նրանց ասելով, հարակից թաղամասերում գազն այնքան ուժեղ է, որ մարդիկ վախենում են պայթյուններից, մինչդեռ իրենց գազահաշվիչները գիշեր-ցերեկ «ֆռռում են, պեչկն էլ նույնիսկ ինքն իրեն չի տաքացնում»: Նրանք նաեւ ապշած են Գյումրիի գազամատակարարման ու գազիֆիկացման մասնաճյուղի տնօրեն Վահան Պողոսյանի «կոպիտ ու կամայական» վերաբերմունքից:

Բնակիչների վկայությամբ, նա անընդմեջ խորհրդակցությունների մեջ է՝ իրենց հանդիպելու ժամանակ չունի կամ էլ պարզապես տեղում չէ, թեեւ, ինչպես պնդում են կոմիտասցիները, մեքենան միշտ էլ դրսում կանգնած է: Բնակիչների ասելով, պաշտոնյան իրենց խորհուրդ է տվել «շերպեից» հույսները կտրել. կամ սեփական միջոցներով վերականգնել, կամ էլ պարզել, թե ով է թալանել: «Ինչ է, հո մենք միլիցու գործը ձեռքից չե՞նք առել, կամ էլ ամեն անգամ 500 դոլար ծախսենք՝ մեկ ուրիշն էլ ախորժակը բացի ու կապարակնքված շերպեն նորից թալանի՞»,- ասում են Կոմիտասի 1-ին նրբանցքի ապրողները՝ միաժամանակ սպառնալով խնդրի չլուծման դեպքում գազի գրասենյակը «համաշխարհային խայտառակ անել»:

«Առավոտը» պատրաստ է լսել նաեւ մյուս կողմի պարզաբանումները:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել