Լրահոս
Օրվա լրահոսը

«27»-ը Ռուսաստանի ձեռքի գործն է

Մայիս 25,2005 00:00

Պնդում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության պահեստի փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվիենկոն:

«Իրական Ադրբեջանում» վերջերս հրապարակված մի տեղեկատվության համաձայն, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվիենկոն սենսացիոն հայտարարություն էր արել՝ ասելով, թե 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությունը ծրագրել էին ՌԴ հատուկ ծառայությունները, իսկ ավելի կոնկրետ՝ գլխավոր հետախուզական վարչությունը: Այդ հայտարարությանը շատ ուշացումով եւ, ըստ էության, հայաստանյան մամուլի դրդմամբ պատասխանել էր Հայաստանում ՌԴ դեսպանությունը: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված էր, թե Լիտվիենկոն հերյուրանքներ է տարածում, որն ուղղված է հայ-ռուսական բարեկամության խաթարմանը:

Օրերս ադրբեջանական նույն թերթը հրապարակել է իր թղթակից Էլնուր Էմինօղլուի բացառիկ հարցազրույցը Ալ. Լիտվիենկոյի հետ, որտեղ ռուս փոխգնդապետը պատասխանում է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հիշյալ հայտարարությանը: Հարցազրույցը ներկայացնում ենք միայն մասնակի կրճատումով:

– Պարոն Լիտվիենկո, ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հայտարարությունն այն մասին, թե ձեր հայտարարությունը՝ Հայաստանի խորհրդարանի գնդակահարությանը ՌԴ ԳՀՎ մասնակցության մասին, Բորիս Բերեզովսկու պատվերով է արվել եւ ուղղված է ռուս-հայկական հարաբերությունների դեմ:

– Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը փորձում է ցանկացած միջոցներով մաքրել ռուսական հատուկ ծառայությունների կատարած հանցագործությունները: Ես մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ Հայաստանի խորհրդարանի գնդակահարությունը կազմակերպել է ՌԴ գլխավոր հետախուզական վարչությունը:

Բորիս Բերեզովսկին քաղաքական դեմք է: Եվ այն, որ ռուսական դեսպանությունն ընդունում է նրա կարգավիճակը՝ արդեն խոսում է այն մասին, որ պաշտոնական Կրեմլի բոլոր նախկին հայտարարությունները Բերեզովսկու մասին՝ հիմնազուրկ են։ Իր որեւէ հայտարարության մեջ Բերեզովսկին չի ասել, թե ինքը շահագրգիռ է տարածաշրջանում Ռուսաստանի դերի թուլացմամբ եւ Հարավային Կովկասի երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմամբ:

Բացի այդ, նախկինում Բերեզովսկին ԱՊՀ գործադիր քարտուղարն էր եւ այդ ժամանակաշրջանում նա քիչ բան չի արել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխհարաբերությունների զարգացման համար: Հայաստանում ռուսաստանյան դիվանագետներն իրենց ցանկալին ներկայացնում են որպես իրականություն, երբ ասում են, թե ես հնչեցնում եմ Բերեզովսկու խոսքերը եւ կատարում եմ նրա կամքը:

Ներկայումս ես զինվորական ծառայության վետերան եմ, պահեստի փոխգնդապետ: Նույնիսկ երբ զինվորական դատախազը դիմել էր դատարան՝ առաջարկելով ինձ զրկել իմ զինվորական կոչումներից, իսկ դատարանն ինձ դատապարտել է հեռակա, դատախազի այդ առաջարկը մերժվել էր:

Անվտանգության դաշնային ծառայությունից ես հեռացվել եմ Վլադիմիր Պուտինի հրամանագրով, եւ ոչ թե ինձ անվանարկող, այլ՝ «հաստիքների կազմավորման» միջոցառումների հետ կապված հիմքով: Դեսպանատունն ինձ զրպարտում է:

– Կրեմլին մոտ կանգնած ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ներ հայտարարեցին, որ դուք չարաշահում եք ԱԴԾ-ում երբեւէ ունեցած ձեր բարձր կարգավիճակը եւ կանխամտածված կերպով ապատեղեկացնում եք հասարակությանը…

– Այդ դեպքում ես հարցնում եմ՝ ինչո՞ւ ոչ մի անգամ ինձ դատի չեն տվել: Մինչեւ վերջերս իմ գրքերը, քանի դեռ դրանք արգելված չէին, վաճառվում էին Մոսկվայում: Իսկ իմ երկրորդ գիրքը վաճառվում էր ՌԴ Պետդումայում: Ոչ ոք ոչ մի անգամ ինձ դատի չտվեց՝ ոչ Պուտինը, ոչ ԱԴԾ-ն: Իմ ցանկացած հայտարարություն հաստատվում է հատուկ ծառայությունների ներքին փաստաթղթերով:

Ինչ վերաբերում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան արած հայտարարությանը, ապա ես հայտարարում եմ, որ նրանք փորձում են մաքրել իրենց հատուկ ծառայությունները ահաբեկչությունից եւ այն կեղտից, որի մեջ դրանք մինչեւ ականջները թաղված են: Ռուսական հատուկ ծառայությունները ահաբեկչական կազմակերպություն է:

Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել