Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ՆԱԵՎ
ԴՊՐՈՑ ԵՆ ԳՆԱՑԵԼ

Մայիս 25,2005 00:00

Սակայն
սիրահարվել են մանկապարտեզից Հասարակության մասին քաղաքական գործիչները հիշում
են ընտրությունից ընտրություն, սակայն մոռանում են, որ նույն այդ հասարակության մեջ
են նաեւ իրենց երբեմնի ուսուցիչներն ու նրանց հարազատները, իրենց սիրած աղջիկներն
ու համադասարանցիները: Այսօր դպրոցներում կհնչի վերջին զանգը, եւ երեկ փորձեցինք
հստակեցնել՝ արդյոք երկար տարիների քաղաքական կենսագրությունը չի՞ մթագնել մեր պատգամավորների
հուզական աշխարհը, արդյոք նրանք չե՞ն կորցրել հիշողությունը, չե՞ն մոռացել, որ իրենք
եւս դպրոցական են եղել, գրքեր են կարդացել, սիրած աղջիկ են ունեցել, թե՞ դրանք վաղուց
մոռացված կատեգորիաներ են, որոնց մասին նույնիսկ երազում ոչ մի պատգամավոր չի հիշում:
Պարզվեց, այն պատգամավորները, որոնց հետ զրուցեցինք, որոշ բաներ փորձում են մտապահել,
սակայն շատերին դա մեծ դժվարությամբ է հաջողվում: «Արդարություն» խմբակցության
քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ամենայն մանրամասնությամբ հիշում էր իր դպրոցական վերջին
զանգը, թե ո՞ւմ կողքին էր կանգնած, ո՞ւմ ձեռքն էր բռնել եւ ի՞նչ խոսքեր է արտասանել.
«Ինձ թվում է, մեր դասարանի վերջին զանգը շատ ավելի ռոմանտիկ էր, շատ ավելի երկնային
էր: Ինձ թվում է, հիմա այդ արարողությունը շատ ավելի պրագմատիկ է, հնարավոր է, ես
սխալվում եմ: Հիմա կյանքը համակարգչայնացվել է, արագացվել է, իսկ մեր ժամանակ այդպես
չէր, ավելի ազատ էր, ավելի սիրուն էր, այդպես ավելի հետաքրքիր էր»: Իսկ վերջին զանգի
օրը սիրահարվա՞ծ էր պատգամավոր Դալլաքյանը. «Առաջին անգամ ես սիրահարվել եմ մանկապարտեզում,
հինգ տարեկան էի, սիրահարվել էի ինձնից 15 տարով մեծ մի սիրուն աղջկա, որը մեր մանկապարտեզ
էր բերում իր քրոջը: Անձրեւոտ օրերին ինքը չէր գալիս, ու ես երազում էի, որ արեւոտ
օր լինի, որ նրան տեսնեմ: Ինչ վերաբերում է դպրոցին, ես վեցերորդ դասարանում սիրահարվել
էի մեր դասարանցի մի աղջկա, բայց մինչեւ այսօր նա չգիտի այդ մասին»: Հուսով ենք,
մեր այս հրապարակումը հնարավորություն կտա, որ Վիկտոր Դալլաքյանի համադասարանցին
վերջապես իմանա, թե ո՞վ էր իրեն գաղտնի նամակներ գրում դպրոցականի ձեռագրով: ՀՀԿ
խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեր հարցին՝ հիշո՞ւմ է իր վերջին զանգը,
ասաց. «Բնականաբար»: Նրա կարծիքով, վերջին զանգի հոգեբանությունը չի փոխվել, տեսքն
է փոխվել, որովհետեւ այն ժամանակվա միջոցները եւ այսօրվանը բոլորովին տարբեր են:
Վերջին զանգը մարդու կյանքում լուրջ տոնակատարություն է, որն անջնջելի է մնում, ինչպես
հարսանիքի օրը: Իսկ սիրահարված պարոն Սահակյանը եղել է մեկ անգամ եւ ընդմիշտ՝ իրենց
դասարանցի մի աղջկա, որն այսօր պարոն Սահակյանի կինն է. «Այո, վերջին զանգի օրը սիրահարված
էի այսօրվա իմ կնոջը, իսկ առաջին անգամ սիրահարվել եմ վեցերորդ դասարանում, դարձյալ
այսօրվա իմ կնոջը»: «Ժողպատգամավոր» խմբի անդամ Մկրտիչ Մինասյանը սեփական
վերջին զանգ չի ունեցել, որովհետեւ յոթերորդ դասարանից հետո տեղափոխվել է տեխնիկում,
բայց սիրում է վերջին զանգերը եւ, իր ասելով, հազարավոր վերջին զանգերի է մասնակցել:
Իսկ առաջին անգամ սիրահարվել է. «Յոթերորդ դասարանում, չեմ ասի՝ թե ում»: Ամենից
հետաքրքիրն ու անսպասելին այն էր, որ սիրահարված լինելու մասին մեր հարցին պատասխանելիս
բոլորը կարմրում էին, համենայնդեպս, թաքցնում էին հայացքը: Ավելի դժվար է
եղել Արշակ Սադոյանի պատանեկությունը, որովհետեւ նա էլ վերջին զանգ չի ունեցել, քանի
որ իններորդ եւ տասներորդ դասարաններում վնասված է եղել նրա ոտքը, եւ ապագա պատգամավորն
ու ռադիոլսողների սիրահարը բավականին երկար ժամանակ դժվարությամբ է շարժվել. «Բնական
է, որ վերջին զանգի խնդիր չկար, բայց հետո մեր ամբողջ դասարանը հավաքվեց մեր տանը
եւ բավական լավ նշեցինք մեր ավարտելը»: Իսկ սիրահարվել է պարոն Սադոյանը, իր բնորոշմամբ՝
աբստրակտ. «Քանի որ շփումը մեծ չէր, ավելի շատ աբստրակտ սիրահարված էի»: Արշակ Սադոյանը
չթաքցրեց. «Կյանքում մեկ անգամ եմ սիրահարված եղել, շատ, այսպես դառը բան էր, բայց,
ճիշտն ասած, գտնում եմ ոչ նպատակահարմար իմ կյանքի բոլոր էջերն անվանումներով թվարկելը»:
Հերմինե Նաղդալյանը եւս սիրահարված է եղել. «Ավելի վաղ, քան վերջին զանգը:
Սիրահարված էի մի դպրոցական ընկերոջ, որը մեր բակից էր, շատ անմեղ եւ գեղեցիկ զգացմունք
էր, որը կարծեմ երեք օր տեւեց»: Տիկին Նաղդալյանի կարծիքով, վերջին զանգերն այսօր
շատ ավելի լավն են եւ տոնական, բայց. «Մեր տարիներին դրանք ավելի համեստ էին: Իսկ
տխրում եմ նրա համար, որ բովանդակային, մարդուն ջերմացնող մասն այսօր քիչ է, մենք
այդքան կենտրոնացած չէինք արտաքին էֆեկտների վրա, ինչքան այսօր»: Իսկ այսօրվա դպրոցականների
մեջ տիկին Նաղդալյանին ամենից շատ տխրեցնում է այն, որ կորել է հավատը «Ալլադինի
կախարդական լամպի հանդեպ, սպասումը հրաշքի մասնակցությունը հրաշքին, այսօր կարծես
չկա: Շատ ավելի պրագմատիկ եւ պրոզայիկ է դարձել ամեն ինչ»: Պատգամավոր Հակոբ
Հակոբյանի (Վարդենիս) համար վերջին զանգը նույն խորհուրդն ունի, ինչպես որ դպրոցական
տարիներին էր. «Կարծում եմ, մեր երեխաների համար հիմա շատ ավելի լայն հնարավորություններ
կան, նրանք հիմա ավելի շուտ արդյունքի կհասնեն, կատարելության կհասնեն, քան՝ մենք»:
Իսկ սիրահարված եղե՞լ է. «Իհարկե, առաջին անգամ սիրահարվել եմ չորրորդ դասարանում»:
Մնում է հավատալ նաեւ, որ սերը կփրկի աշխարհը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել