Բայրաքդարյանը՝ Երեւանում Այս անգամ էլ «ստեղնաշարի ակրոբատի»՝ ամուսնու հետ Կարճ ժամանակահատվածում (1997-ից) համաշխարհային երաժշտական կյանքում լուրջ հայտ ներկայացրած կանադահայ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը կրկին Երեւանում է, այս անգամ ամուսնու՝ «ստեղնաշարի ակրոբատ» Սերուժ Քրաջյանի հետ (այսպես են երաժշտական քննադատները որակում դաշնակահարին), որի առաջին այցն է հայրենիք: «Ա. Խաչատրյան» համերգասրահում մայիսի 25-ին եւ 27-ին Ի. Բայրաքդարյանը հանդես կգա Ռոզինայի դերերգով՝ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը» օպերայում, խաղընկերներ ունենալով Բեսիկ Գաբիտաշվիլուն (Ֆիգարո), Պերճ Քարազյանին (կոմս դը Ալմավիվա), ֆրանսաբնակ Սուրեն Շահիջանյանին (դոն Բազիլիո), Լուսինե Ազարյանին եւ Դավիթ Բաբայանցին: Համերգային կատարմանը կմասնակցեն «Սերենադ» կամերային նվագախումբը, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմը, «Հովեր» կամերային երգչախումբը (դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Իսկ Ս. Քրաջյանը մայիսի 29-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Յուրի Պողոսյան) հանդես կգա մենահամերգով: Արդեն մեզ ծանոթ համաշխարհային առաջնակարգ օպերային թատրոններում գլխավոր դերերգերով հանդես եկող Ի. Բայրաքդարյանի եւ Ս. Քրաջյանի մտերմությունը սկսվել է 2003-ից, իսկ անցյալ տարի երաժիշտները կազմել են ընտանիք: Ի դեպ, ամուսնության արարողությունը կայացել է Գեղարդում: Դեռեւս մեզ անծանոթ մեր հայրենակցի՝ Ս. Քրաջյանի մասին տեղեկացնենք, որ նա «բազմաշերտ» ստեղծագործող է: Նրա կատարումները, ինչպես նաեւ հեղինակային գործերն ու մշակումները հնչել են աշխարհի հեղինակավոր բեմերում, հանրահայտ նվագախմբերի կողմից: Բազմակողմանիությունը դաշնակահարին տարել է դեպի դաշնամուրային ֆլամենկո ոճը՝ դուետ կազմելով աշխարհահռչակ կիթառահար Խոսե Լուիս Մոնթոնի հետ: Արվեստագետ ամուսինները, թեեւ հասկանալի պատճառով տանը քիչ են հանդիպում, սակայն մեծ թափով սկսել են խտասալիկների (CD) համատեղ ձայնագրման գործընթացը: 2004-ին CBC ընկերության կողմից թողարկված նրանց «Կլեոպատրա» խտասալիկը տարվա լավագույն ձայնագրության համար արժանացել է «Ջունո» մրցանակին: 2005-ին Ի. Բայրաքդարյան եւ Ս. Քրաջյան համագործակցությամբ թողարկվել են Փոլին Վիարդո Գարսիայի երգերը: Ինչպես հավաստիացնում են ամուսինները, դուետով հանդես գալը ամենեւին չի խանգարում նրանց առանձին ստեղծագործելուն: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ