Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆԸ

Մայիս 24,2005 00:00

ԼԵՎՈՆԸ ՆՈՐԻՑ ՆԱԽԱԳԱՀ Է Հայաստանի գրողների մի մասը, գրելուց բացի, ամեն ինչի տաղանդ ունի՝ հայհոյելու, քծնելու, գրչակցին վատաբանելու, առողջ քննադատությունը սվիններով ընդունելու: Այս ամենի ականատեսը եղանք ՀԳՄ 14-րդ համագումարում, ուր շաբաթ օրը ՀԳՄ նախագահի պաշտոնում կրկին վերընտրվեց Լեւոն Անանյանը: 270 անդամներից միայն արձակագիր Լեւոն Խեչոյանը «դեմ» քվեարկեց, եղավ նաեւ 3 «ձեռնպահ»: Մյուսները կողմ էին Անանյանի նախագահ դառնալուն: Ամբիոնից եւ դահլիճից գրչակիցները միմյանց կոչ էին անում քվեարկել միմիայն նրա օգտին. «Մեկ ա ընկեր Անանյանն անցնելու ա»: Իսկ ողջ ընթացքում Էդվարդ Միլիտոնյանը անհամ կատակներով «ծաղկեցնում» էր համագումարը: Մի անհաջող հումոր էլ արվեց «երկնագույն» մանդատների մասին: Գրողներից Սասուն Գրիգորյանը քննադատեց իշխանավորներին, Ազգային ժողովն անվանեց «Ազգային աղբի կոլոլ», բողոքեց, որ համագումարին պաշտոնյաներն անձամբ չեն ժամանել, այլ ընդամենը շնորհավորական ուղերձներ են ուղարկել: Ֆելիքս Շաքարյանն էլ, հավանաբար գրական-գրողական խնդիրները լուծված համարելով, «Առավոտին» ամոթանք տվեց Ալավերդու քաղաքապետի ընտրությունները ոչ ի նպաստ իր նախընտրած թեկնածուի լուսաբանելու համար: Մի ուրիշ գրող առիթը բաց չթողեց բամբասելու նրան. «Իր տղան էլ էր խառնված էդ ընտրություններում, դրա համար ա վառված»: Արձակագիր Լեւոն Խեչոյանի ելույթը ուղեկցվեց ներկաների աղմուկ-աղաղակներով: Ընդ որում, Խեչոյանը նախապես հայտարարել էր, որ հավակնություն չունի ՀԳՄ ղեկավար մարմիններում իր թեկնածությունը առաջադրելու: «Գրողների միությունը այսպիսի կառույցով չի համապատասխանում ներկա պահանջներին: Տոտալիտար երկիրը փլուզվել է, բայց նրանից որպես բանդագուշանք մնացել է տոտալիտար կառույց՝ իր համայնավարական սկզբունքներով… Հարկավոր է այստեղ հավաքված 300 հոգով արիություն ունենալ եւ ՀԳՄ նոր կանոնադրության մեջ փոփոխություններ կատարել: Այնպիսի կետեր մտցնել, որ ցանկացողները կարողանան դուրս գալ հին գրողների միությունից եւ որեւէ գրական ուղղության, սկզբունքի, նորարարության շուրջ իրենց պատկերացրած նոր, անկախ գրողների ընկերություններ ստեղծեն, այն էլ մի քանիսը»,- ասաց արձակագիրը՝ ՀԳՄ-ին կոչ անելով հրաժարվել իշխանությունների առաջ լավ պարողի համբավից եւ քաջություն ունենալ արձագանքել հասարակության համար ճակատագրական հարցերին: «Օրինակ, համագումարը չի կարող չանդրադառնալ ու մյուս հասարակական կազմակերպություններին էլ կոչ չանել, որ արձագանքեն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ելույթին, թե Աղդամը մեր հայրենիքը չէ… Ոչ նախագահը, ոչ պաշտպանության, ոչ էլ ԱԳ նախարարները հողերի տերը չեն, իրենք իրավունք չունեն առանց հանրաքվեի մի թիզ անգամ վերադարձնել, պատերազմը ժողովրդական է եղել, հողերի տերը ժողովուրդն է»,- շարունակեց նա: Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանի կարծիքով, Հայաստանում գրական պրոցեսը մի կողմ է քաշվել Գրողների միությունից եւ ժամանակն է կենդանացնել գրական ընթացքը: ՀԳՄ նորընտիր նախագահ Լեւոն Անանյանը խոստովանեց, որ 4 տարի առաջ չգիտեր, թե ինչ ծանր լուծ է վերցնում: Ասաց նաեւ, որ նորմալ է վերաբերվում քննադատական ելույթներին. «Գուցե ինչ-ինչ բաներ չեմ կիսում, բայց ինձ ուրախացնում է ընդհանուր մտահոգությունը, հատկապես քննադատական ելույթների այն հատվածները, որոնցում կա հետագա ճանապարհի դժվարությունները տանելու միակամություն»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել