Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞վ է մոլորության մեջ

Մայիս 24,2005 00:00

Ո՞վ է մոլորության մեջ Մխիթար Գո՞շը, թե՞ բնակիչները Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Ռազմիկ Թովմասյան) շարունակվեց Սեբաստիա 3ա հասցեի բնակիչների եւ «Մխիթար Գոշ» համալսարանի միջեւ ծագած դատական վեճը: Բնակիչների փաստաբան Զ. Դանիելյանը մեկ անգամ եւս նշեց, որ հայցն անհիմն է, իսկ հակընդդեմ հայցը՝ հիմնավոր եւ ենթակա բավարարման, հետեւյալ պատճառաբանությամբ: ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության եւ «Մխիթար Գոշ» համալսարանի միջեւ 30.09.2003թ. կնքված պայմանագրով պատասխանողը պայմանավորվել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 16 պրոֆտեխուսումնարանում բնակվող 49 ընտանիքի (114 մարդ) անժամկետ օգտագործման տրամադրել իրենց կողմից զբաղեցրած տարածքները, իսկ վտարելու դեպքում բնակիչներին ապահովել համարժեք տարածքներով կամ կատարել համապատասխան դրամական փոխհատուցում: Մինչդեռ «Մխիթար Գոշ» համալսարանը դատարան է դիմել նույն հասցեի 56 սենյակի բնակիչներ Մ. Մկրտչյանին եւ նրա երկու որդիներին այդ տարածքից վտարելու պահանջով, հրաժարվելով կատարել պայմանագրի պահանջը: Հետեւաբար, եթե համալսարանի տնօրինությունը չէր կատարելու պայմանագրային պարտավորությունները, չպետք է ստորագրեր այն: «Հակընդդեմ հայցը ենթակա է բավարարման, հակառակ դեպքում իմ վստահորդը (Մ. Մկրտչյանը – Է. Մ.) ստիպված կլինի դիմել դատարան՝ պետգույքի օտարման պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով»,- ավելացրեց Զ. Դանիելյանը: Նրա կարծիքով, պետգույքի կառավարման վարչությունը գնորդին («Մխիթար Գոշ» համալսարանին) գցել է մոլորության մեջ, սակայն վերջինս ոչ մի հայց չի ներկայացրել տվյալ կառույցի դեմ եւ չի փորձել նրա ներկայացուցիչներին մասնակից դարձնել դատաքննությանը: Համալսարանի ներկայացուցիչ Ռ. Թերձյանը չհամաձայնեց հակառակ կողմի հետ, հիմնավորելով, որ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի 22.05.03թ. թիվ 26/01-2152 գրություն-խնդրագրի հիմքով (թաղապետ Ա. Գրիգորյանի ստորագրությամբ) թիվ 16 ուսումնարանի տնօրեն Վ. Նալբանդյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը եւ գերազանցելով իր վրա դրված լիազորությունները, պետական սեփականությունը դարձրել է առուծախի առարկա: Մինչդեռ շենքի տնօրինման իրավունքը վերապահված է միմիայն Երեւանի քաղաքապետարանին: Ռ. Թերձյանը նաեւ տեղեկացրեց, որ թաղապետարանի կողմից ուսումնարանի տնօրենին հասցեագրված նշյալ խնդրագրի մասին Ա. Գրիգորյանը նույնիսկ տեղյակ չէ եւ ստորագրությունն էլ նրանը չէ: Ուստի ի՞նչ հիմքով են Մ. Մկրտչյանը եւ նրա որդիները (Ռ. Թ.-ի պնդմամբ՝ Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչներ) բնակություն հաստատել վիճելի հասցեում, ինչո՞ւ է խնդրագրում նշված Մ. Մկրտչյանի եւ նրա միայն մեկ որդու՝ Գրիշա Սիմոնյանի անունը: Շահումյան գյուղի գյուղապետ Ն. Կարապետյանի տեղեկանքը մեջբերելով, Թերձյանն ասաց, որ Մ. Մկրտչյանը, Արթուր եւ Գրիշա Սիմոնյանները մինչ օրս համարվում են Շահումյան գյուղի մշտական բնակիչներ, ունեն սեփական տուն եւ սեփականաշնորհված հողամաս, սակայն այդ գյուղում չեն բնակվում: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել