Լրահոս
Օրվա լրահոսը

«Խայտառակում են իրենց»

Մայիս 24,2005 00:00

«Խայտառակում են իրենց» Կարծում է թալիշական ազգային շարժման ներկայացուցիչը Ինչպես հայտնի է, մայիսի 20-23-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել թալիշագիտական առաջին միջազգային համաժողովը: Սույն միջոցառման առիթով, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանում լուրջ դժգոհություններ կան: Ադրբեջանի հարավ-արեւելյան շրջանում բնակվող մոտ մեկ միլիոն թալիշները 1980-ականներին, ապա՝ 1993-ից, պայքարում են Թալիշական Ինքնավար Հանրապետություն ստեղծելու համար: Ադրբեջանում թալիշական ազգային շարժման ներկայացուցիչ Ֆահրեդդին Աբբոսզոդան, որը, ի դեպ, Ադրբեջանում անցանկալի անձ է հայտարարված, պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ասաց, որ ինքը նորմալ է վերաբերվում այս համաժողովի առիթով Ադրբեջանում սկսված «հիստերիային»: «Ադրբեջանն ինձ ոչնչով չզարմացրեց, ես վստահ էի, որ այդպես էլ լինելու է»,- ասում է մեր զրուցակիցը: Նա կարծում է, որ այդպիսով «Ադրբեջան պետությունը, այդ երկրի հասարակությունը եւ քաղաքական այրերը հերթական անգամ խայտառակեցին իրենց աշխարհի առջեւ: Որովհետեւ նրանք աշխարհին ապացուցեցին, որ ապրում եւ արարում են առանց տրամաբանության: Նրանք չեն կարողանում տարբերել գիտական համաժողովը քաղաքական միջոցառումից, ուստի նրանց հետ անգամ չարժե խոսել»: Ավելի անկեղծանալով՝ պարոն Աբբոսզոդան խոստովանեց, որ եթե ֆինանսական հնարավորություններ ունենային, իրենք կկազմակերպեին նմանատիպ համաժողով, այն էլ Լենքորանում՝ իրենց հայրենիքում. «Չնայած համոզված եմ, որ Բաքու հասնելուն պես կձերբակալվեմ, բայց պատրաստ եմ դրան, հանուն նրա, որ նմանատիպ հավաք Լենքորանում կայանա»,- ասում է նա: Ինչ վերաբերում է Լենքորանի շրջանի ղեկավար Զեյնալ Նաղդալիեւի՝ թալիշ ժողովրդի անունից այս հավաքը եւ նրա մասնակիցներին դատապարտմանը, Ֆ. Աբբոսզոդան ասաց. «Նա թալիշ չէ, ուստիեւ որեւէ իրավունք չունի իմ ազգի անունից խոսելու: Առավել եւս հրամայել մեզ ու փորձել ճանապարհ ցույց տալ: Մենք ինքներս ենք մեր ճանապարհն ընտրում, եւ փառք Ալլահին, որի օգնությամբ եւ մեր իրանցի բարեկամների աջակցությամբ կպաշտպանենք մեր ազգի իրավունքները, կպայքարենք նրա փրկության համար»: Տեղեկացնենք նաեւ, որ այս համաժողովի արդյունքում ձեւավորվեց Միջազգային թալիշագիտական ասոցիացիա, որը կկոորդինացնի այս ոլորտի գիտական գործունեությունը: Ասոցիացիան կզբաղվի նաեւ գիտական, մշակութային միջոցառումների կազմակերպմամբ: Ասոցիացիայի գործունեության արդյունքները կհրատարակվեն ամեն տարի: «Մենք հույս ունենք, որ այս գործունեությունը կնպաստի թալիշ ժողովրդի գիտության եւ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը»,- ասված է համաժողովի հայտարարությունում: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031