Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ

Մայիս 24,2005 00:00

«ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ» Հիմնարար օրենքներում վերջերս կատարված փոփոխությունները գնահատում է «Արդարության» պատգամավոր Շավարշ Քոչարյանը: – Համամի՞տ եք, որ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրենքը եւ «Ընտրական օրենսգիրքն» իրոք բարեփոխվել են: Կոալիցիան պնդում է, թե ընդունված են եվրոպական փորձագետների գրեթե բոլոր առաջարկները: – Իհարկե, ահագին դրույթներ փոխվել են: Եվ իհարկե, միշտ աշխատում են հետեւել փորձագետների այն առաջարկներին, որոնք իրենց համար շատ էական չեն: Սակայն երբե՛ք նահանջ չի արձանագրվում էական կետերում: Դրա փայլուն օրինակն «Ընտրական օրենսգիրքն» է: – Այսինքն՝ վստահված անձանց լիազորությունները կտրուկ ավելացնելը համարում եք ոչ էակա՞ն: Կամ՝ քվեաթերթիկները համարակալելը, դակելը (պերֆորացիան) էական փոփոխություննե՞ր չեն: – Իհարկե, էական են: Թեեւ պերֆորացիայի առումով կատարյալ խառնաշփոթ է ստեղծվել: Փորձագետներն այլ բան են հասկանում պերֆորացիա ասելով, թե քվեաթերթիկը պետք է բաղկացած լինի երկու մասից՝ պետք է մի կտոր լինի, որ պոկվում եւ առանձին է հաշվառվում: Չհասկանալով, թե ինչի մասին է խոսքը՝ մեր մեծամասնությունը փորձել է դակելով փոխարինել պերֆորացիան: Պարտավորությունները եւ փորձագետների առաջարկները չկատարելու երկու ձեւ կա՝ կա՛մ իմիտացիա անել, որ կատարվել է՝ էությունը թողնելով նույնը, կա՛մ էլ ընդհանրապես չընդունել: Այս փոփոխություններում հիմնականում երեւում են իմիտացիայի փորձերը, բայց տեղեր կան, որտեղ ընդհանրապես են հրաժարվել առաջարկներն ընդունելուց: Ասենք՝ ընտրական հանձնաժողովների կազմը քաղաքական առումով պետք է հավասարակշռված լիներ, քանի որ բոլորի համար ակնհայտ է, որ թիվ 1 կեղծարարն իշխանության ներկայացուցիչներն են: Այդ հավասարակշռությունը փոխարինեցին նախագահի 3 տեղերից 2-ը տրամադրելով Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարաններին, իսկ անցումային դրույթներով՝ «Ժողպատգամավոր» խմբին: Ակնհայտ է, որ որեւէ բան չփոխվեց: – Սակայն Վենետիկի հանձնաժողովն «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ եզրակացության մեջ նշել է, թե ընտրահանձնաժողովների ձեւավորման նոր կարգը «մեծացնում է քաղաքական պլյուրալիզմը»: – Նրանք փոփոխությունների տեքստը դեռ չեն տեսել եւ տեղյակ չեն, որ պետք է հենց դատավորներ նշանակվեն ընտրական հանձնաժողովներում, որ ինքնին հակասում է իրավական մտածելակերպին: Չէ՞ որ մեր Սահմանադրության 98 հոդվածում նշվում է. «Դատավորը եւ Սահմանադրական դատարանի անդամը չեն կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: Հիմա թող բացատրեն՝ ընտրատարածքային հանձնաժողովին մաս կազմելը դատավորի համար ի՞նչ աշխատանք է: – Երեւի՝ ստեղծագործական, քանի որ առնչվում է թվանկարչությանը: – Եթե թվեր են նկարելու՝ այո, ստեղծագործական է: Սա մի օրինակ, որ կատարվում է իմիտացիա, բայց էությունը մնում է նույնը: «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրենքում կա մի օրինակ, երբ ուղղակի չեն կատարվել եվրոպական փորձագետների առաջարկները: Նախագահի նստավայրի առջեւ ցույց թույլատրելն իրենց համար անընդունելի է, եւ այս հարցում նրանք ընդհանրապես չեն պատրաստվում նահանջել: – Օրենքի փոփոխությունները ներկայացնելիս՝ նախաձեռնության հեղինակ Տիգրան Թորոսյանը նշեց, թե նման սահմանափակումներ, դեռ ավելի խիստ, գործում են նաեւ Եվրամիության անդամ Լատվիայում: – Բայց ինչո՞ւ հաշվի չեն առնում, որ դա մի երկիր է, որ Եվրամիության անդամ դառնալով՝ այնուամենայնիվ մնում է դիտարկման ներքո: Սա աննախադեպ է եւ պայմանավորված է ռուսալեզու բնակչության իրավունքներով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ խորհրդարանից 50 մետր հեռավորության վրա ցույցեր անցկացնելու արգելքն ուղղված է հենց այդ բնակչության դեմ: Հայտարարվում է, թե այս վերջին փոփոխություններով ապաքրեականացվել են երթերի եւ ցույցերի կազմակերպումն ու մասնակցությունը: Սակայն սա էլ է իրականացվել կիսով չափ. ուժը կորցրած ճանաչեցին միայն մի հոդվածը, բայց ընդամենը փոխեցին մյուս հոդվածի ձեւակերպումը, որ պատասխանատվություն է նախատեսում ապօրինի հրապարակային միջոցառումներ կազմակերպելու համար: Մինչդեռ շատ լավ գիտենք, որ մեր դատախազության եւ քննչական մարմինների համար եթե օրենքում կա կառչելու որեւէ տեղ՝ պարզ է, թե ինչ է կատարվելու, այն պայմաններում, երբ նրանք կարող են գործ հարուցել առանց որեւէ հոդվածի էլ: – Մի խոսքով, չե՞ք ընդունում, որ այս օրենքներն առավել ժողովրդավարական են դարձել: – Սկզբունքային հարցադրումների առումով՝ իհարկե, այդ երկու օրենքներում էլ չկա առաջընթաց: Եթե հետեւենք, թե ինչ չեն արել «Ընտրական օրենսգրքում»՝ հստակ կերեւա, որ իշխանությունը մտադիր չէ չկեղծել ընտրությունները: Այն հանգամանքը, որ հանձնաժողովների հավասարակշռված կազմի, հաշվարկման ամբողջ գործընթացի թափանցիկության եւ այլ խնդիրները համառորեն կա՛մ չեն լուծում, կա՛մ էլ լուծում են թերի՝ ապացուցում է, որ նրանք այսօրվանից մտադիր են կեղծել: Իսկ եթե այդպիսին է իշխանության մտադրությունը, ապա մնացած խնդիրները, որոնք իրենք իհարկե բարելավել են՝ սկզբունքորեն հարց չեն լուծում: Նույնը վերաբերում է նաեւ մյուս օրենքին. այստեղ էլ հստակ երեւում է, որ իշխանության համար երթերն ու ցույցերն անցանկալի են, եւ պետք է որեւէ առիթ գտնեն, որ դրանք կա՛մ տեղի չունենան, կա՛մ կարողանան պատժել կազմակերպիչներին եւ մասնակիցներին: – Քննարկումների ընթացքում կոալիցիայի գործիչները բազմիցս մատնանշեցին, որ այսքան դժգոհելով մասնավորապես «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրենքից՝ ընդդիմադիր պատգամավորներից եւ ոչ մեկն անցած տարում նախագիծ չներկայացրեց՝ փոփոխելու դրա վիճահարույց դրույթները: – Մենք ներկայացրել ենք «Ընտրական օրենսգրքի» ամբողջական նախագիծ եւ այն հիմա էլ տեղադրված է ինտերնետում. դրանից ի՞նչ է փոխվել: Նրանց տե՞քստն էր պետք, թե՞ որ գայինք, քվեարկեինք, եւ մերժվեր մեր նախագիծը, ու դրանով ցույց տային, որ իբր տեսեք՝ տարբեր կարծիքների բախում կա, դե հիմա՝ հաղթեց սա: Բայց եթե կոալիցիան չկարողացավ անգամ Գուրգեն Արսենյանի հետ գալ ընդհանուր հայտարարի, ապա ակնհայտ է, որ ընդդիմության հետ չէին կարող եւ մտադիր էլ չէին գալ: Այնպես որ՝ այդ մեղադրանքները չունեն որեւէ բովանդակություն: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել