«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆԸ ՉԻ ԱՐՎՈՒՄ ՍՊԻՏԱԿ ՁԵՌՆՈՑՆԵՐՈՎ» Կարծում է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը Լրատվական աղբյուրներն անցած ուրբաթ տարածել էին հաղորդագրություն այն մասին, որ Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում այլընտրանքային զինծառայություն անցնող 4 ծառայողներ մայիսի 19-ին ինքնակամ լքել են իրենց աշխատավայրը: Ըստ ՀՀ զինկոմիսարիատի զորակոչային բաժնի սպա, փոխգնդապետ Արթուր Գալստյանի, մինչ այդ նրանք տնօրինությանը դիմումներ էին ներկայացրել այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու մասին: Այլընտրանքային զինծառայություն անցնող 24 մարդուց 11-ը վերջերս այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու դիմումներ է ներկայացրել այն պատճառաբանությամբ, որ իրենց ծառայությունը կրում է զինվորական բնույթ, քանի որ իրենց դրամական ապահովումը, սնունդը, համազգեստը հատկացված են պաշտպանության նախարարության կողմից, իսկ իրենց ծառայությունը վերահսկում են զինկոմիսարիատների ներկայացուցիչները: Դիմումներում նշվում է նաեւ, որ իրենք հնարավորություն չունեն զբաղվելու կրոնական քարոզչությամբ: Նշվեց, որ դիմումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բոլորն էլ գրված են նույն «ձեռագրով»՝ ինչ-որ մեկի կողմից տրված հրահանգի համաձայն: Իսկ ըստ իրավապաշտպան մի շարք կազմակերպությունների, այլընտրանքային զինծառայություն անցնողներից շատերը բողոքում են, որ ոտնահարվում են իրենց իրավունքները, որ իրենց պարտադրվում է իրականացնել արժանապատվությունը վիրավորող հանձնարարություններ: Հիմնականում այլընտրանքային զինծառայությունն անցկացվում է հոգեբուժարաններում եւ հիվանդանոցներում: Եվ, ըստ որոշ տեղեկությունների, այլընտրանքայինները հաճախ փորձում են հրաժարվել, ասենք՝ դիակ հարդարելուց կամ զուգարան մաքրելուց: «Այլընտրանքային զինծառայության մասին» օրենքն ընդունվեց որպես ԵԽ առջեւ ստանձնած հերթական պարտավորություն, եւ պատգամավորներից շատերը օրենքին կողմ քվեարկեցին առանց երկար-բարակ մտածելու: Օրենքն ընդունվեց բազմաթիվ բացթողումներով, մասնավորապես, եթե ԵԽ-ի պահանջն էր այլընտրանքային զինծառայության ժամկետ նշանակել ոչ թե 42 ամիսը, այլ՝ 36-ը, ապա ԵԽ-ի այս պահանջը մեր խորհրդարանը չկատարեց: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ինքը տեղյա՞կ է, որ այլընտրանքայինի հետ կապված դժգոհությունները շատանում են, որ մարդիկ բողոքում են, թե ոտնահարվում են իրենց իրավունքները, եւ եթե դժգոհությունների ալիքը մեծանա, ի՞նչ հակաքայլեր ունի խորհրդարանը: Վահան Հովհաննիսյանի գնահատականը միանշանակ պարզ էր. «Այլընտրանքային ծառայությունը նախատեսում է բանակին անհրաժեշտ, երկրի անվտանգության համակարգին կամ սոցիալական, առողջապահական ոլորտներին անհրաժեշտ աշխատանքներ, որոնք չեն արվում սպիտակ ձեռնոցներով: Այն անձինք, ովքեր գնացել են այլընտրանքային ծառայության, պետք է պատրաստ լինեն կատարել նաեւ այն աշխատանքը, որը շատ բարձր «պրեստիժ» չունի հասարակության մեջ»: Սակայն մարդիկ դժգոհ են եւ գտնում են, որ իրենց իրավունքները ոտնահարվում են: Կա՞ այդ իրավունքը պաշտպանելու մեխանիզմ հենց բանակում: Վահան Հովհաննիսյանն ասաց, որ այլընտրանքային ծառայության գնացող երիտասարդը պետք է շատ լավ հասկանար, թե կոնկրետ ինչ տիպի ծառայության է ինքը գնում. «Եթե նա ենթադրում էր, որ այլընտրանքային ծառայությունը ինչ-որ արտոնություններ են կամ ազատության մեջ ման գալ, ապա այդ պատկերացումը սխալ է: Ես կարծում եմ, իհարկե, ստորացնել չի կարելի, «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը դա արգելում է, բայց նաեւ ծառայությունը ինքը նախատեսում է այս կարգի աշխատանք: Կոնկրետ աշխատանքի ցանկերը օրենքը չի կարող, իհարկե, նախատեսել, բայց բնական է, որ այդ աշխատանքները ստորացուցիչ բնույթ չպետք է կրեն: Մյուս կողմից շատ պայմանական հասկացություն է, թե որն է ստորացուցիչ աշխատանքը: Օրինակ, հավաքարարները, որոնք զուգարան են մաքրում, ստորացուցի՞չ աշխատանքն են անում, թե՞ ոչ: Նա վարձվել է այդ գործն անելու»: Մանուկ Գասպարյանի կարծիքը հետեւյալն է. «Երբ այդ օրենքը ընդունվեց պաշտպանության նախարարության ակտիվ մասնակցությամբ, հենց այդ ժամանակ ոտնահարվեցին այլընտրանքային ծառայությունն ընտրողների իրավունքները: Քանի որ օրինագիծը ներկայացնող պաշտպանության փոխնախարարը չէր թաքցնում իր զզվանքն այդ օրենքի հանդեպ, կարելի է ասել, որ դրանում կային հայկական բռիության էլեմենտներ, որը հնչում էր մոտավորապես այսպես. «Դե որ այդպես է, կտեսնեք, այնպիսի աշխատանքների կտանենք, որ դուք կփոշմանեք»: Այդ մարդիկ ուզում են անել այնպես, որ Հայաստանում այլընտրանքային ծառայությունը լինի օրենքով, բայց՝ ոչ ոք չգնա: Դրա համար էլ այլընտրանքային ծառայությունն ընտրածներին տանում են ամենաստոր աշխատանքներին, ստիպում են կատարել ամենակեղտոտ գործերը»: Արշակ Սադոյանը օրենքի ընդունումից լավ բան չէր էլ սպասում. «Բնական է, այսօրվա իրավիճակը հաշվի առնելով, նկատի ունեմ չհայտարարված, բայց՝ պատերազմական վտանգը, այլընտրանքային ծառայության առաջ պետք է ավելի բարդ պահանջներ դրվեին: Եվ առաջինն այն էր, որ ծառայության ժամկետը երկու անգամ երկար լիներ: Իհարկե, կարող են ասել՝ եթե դուք չեք ցանկանում հրացան վերցնել, ուրեմն պարտավոր եք դիակներ լվանալ եւ այլն: Սա համարում եմ այսօրվա հայաստանյան իրավիճակի բնական հետեւանքը: Եվ այս իրավիճակը պարզ էր հենց օրենքն ընդունելու բուն պահին, վերաբերմունքը խիստ բացասական էր»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ