Ըստ «ԱՀԱ Ինվեստ» ՍՊԸ-ի («Լունա»
սրճարան) ներկայացուցիչ, փաստաբան Մելանյա Առուստամյանի, մեր եկեղեցին թալանում է
օտարերկրյա ներդրողներին: Սա այն ՍՊԸ-ներից մեկն է, որ վարձակալել է ԳԱԱ Լեզվի
եւ Տնտեսագիտության ինստիտուտներին պատկանող շենքից մի հատված եւ հիմա, դատարանի
«բացահայտ կողմնակալ» վճռով պետք է թողնի տարածքը, որովհետեւ կառավարությունը դեռ
2003-ին, Գարեգին Բ-ի խնդրանքով, ինստիտուտների շենքը նվիրաբերել է Հայաստանյայց
առաքելական եկեղեցուն՝ մայրաքաղաքում Հայրապետական վեհարան կառուցելու նպատակով:
2005-ին եկեղեցին դիմել է դատարան՝ վարձակալության պայմանագիրը, պետական գրանցումն
անվավեր ճանաչելու եւ «ԱՀԱ Ինվեստ» ՍՊԸ-ին տարածքից վտարելու պահանջով: Եկեղեցու
հիմնավորումը, ըստ փաստաբանի, այն է, որ հիշյալ շենքը ԳԱԱ-ի սեփականությունը չէ,
որ իբր վկայականը վավեր չէ: Սակայն այդ դեպքում իրավաբանորեն գոնե պետք է անվավեր
ճանաչվեր սեփականության վկայականը, որի հիման վրա էլ՝ վարձակալությանը: Ինչո՞ւ եկեղեցին
սեփականության վկայականի անվավերության պահանջով դատարան չի դիմել: Որովհետեւ հակառակ
դեպքում նվիրատվության պայմանագիրն էլ անվավեր կճանաչվեր: «Եթե անվավեր է վարձակալության
պայմանագիրը, ուրեմն անվավեր է եւ նվիրատվության պայմանագիրը: Քանի որ միայն ու միայն
սեփականատերը կարող է նվիրաբերություն իրականացնել»: Փաստորեն, գործում է երկակի
ստանդարտ. երբ վարձակալության հարցն է դրվում, պարզվում է, որ շենքը ԳԱԱ սեփականությունը
չէ, իսկ երբ նվիրվում է, պարզվում է՝ սեփականությունն է: Ի դեպ, «ԱՀԱ Ինվեստ»
ՍՊԸ-ն վարձակալության պայմանագիրը կնքել է օրենքով սահմանված կարգով, ներկայացվել
է պետական կադաստրի մարմին, գրանցվել է, ստացել է վարձակալության իրավունքի վկայական,
մի խոսքով, արել է օրենքով սահմանված ամեն ինչ: Իսկ դա արվել է Կադաստրի պետական
կոմիտեի կողմից՝ 2002 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 1013300 վկայականի հիման վրա, ըստ որի
Լեզվի ինստիտուտի տարածքը ճանաչված է որպես ԳԱԱ սեփականություն: Կա հարցի
ոչ պակաս կարեւոր կողմը եւս: ԳԱԱ-ի ու ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրում նշված է,
որ «եթե ԳԱԱ-ն փորձի պայմանագիրը խախտել, պետք է ՍՊԸ-ին վճարի կատարված ներդրումները,
որ կազմում է մոտ 61 մլն դրամ»: Քաղաքացիական օրենսգրքով էլ ամրագրված է, որ սեփականատիրոջ
իրավունքի փոփոխությունը հիմք չէ պայմանագիրը դադարեցնելու համար: Այսինքն՝ ՍՊԸ-ի
հետ նոր պայմանագիր պետք է կնքվեր, որ չի արվել: Փաստաբան Մելանյա Առուստամյանը
երեկ լրագրողներին ներկայացրեց նաեւ մի շարք իրարամերժ փաստեր: Դատարան դիմելուց
հետո արդեն եկեղեցու հարցումներին ի պատասխան կադաստրն ասել է, որ տարածքը ԳԱԱ-ին
է տրված ոչ թե սեփականության, այլ օգտագործման իրավունքով: «Եվ նույնիսկ ապացույցների
իրարամերժության պայմաններում էլ դատարանը այդ կողմերին չի կանչում հարցաքննության:
Սա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6 հոդվածի բացահայտ խախտում է, որովհետեւ
կողմը զրկվել է ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: «ԱՀԱ Ինվեստ» ՍՊԸ-ի
սեփականատերը ԱՄՆ քաղաքացի է, ներդրում է կատարել, իսկ Հայ առաքելական եկեղեցին թալանում
է օտարերկրյա ներդրողներին»,- եզրափակեց տիկին Առուստամյանը: «Սա մութ գործարք
է, որին խառնվել է եկեղեցին, եւ դա շատ վտանգավոր է: Կառավարությունը պետք է չեղյալ
համարի իր որոշումը, գա զրոյական վիճակի, շենքը վերադարձնեն Լեզվի եւ Տնտեսագիտության
ինստիտուտներին, այնուհետեւ ճշտեն հարաբերությունները վարձակալների միջեւ: Վտանգը
ես տեսնում եմ եկեղեցու՝ այսպիսի խաղերում ներգրավվելու մեջ, որին ե՛ւ Ակադեմիան,
ե՛ւ կառավարությունը աջակցում են»,- մեզ հետ զրույցում ասաց Լեզվի ինստիտուտի փոխտնօրեն
Լավրենտի Հովհաննիսյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ.
Գ. «Լունա» սրճարանի տնօրեն Յուրա Ստեփանյանն ասում է, որ, ըստ տարածված լուրերի,
Վեհարանի հետեւում, բակի կողմից նաեւ բնակելի շենք պետք է կառուցվի: