Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուշին՝ ոչ, դատարանին՝ այո

Մայիս 24,2005 00:00

Երեկ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը հստակեցրեց Պանթեոնի շուրջ ծավալված շինարարության մասին տեղեկությունները:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ բացի Շենգավիթի դատարանին տված տարածքից, Կոմիտասի զբոսայգում այլ հողհատկացում չենք արել, նախագիծ չենք հաստատել: Այնտեղ հանգչում են մեր ազգի մեծերը, եւ մենք պետք է հարգենք նրանց անդորրը»,- ասաց նա: Իսկ Պանթեոնին կիպ կպած դատարանի գոյությունը արդյո՞ք անհարգալից վերաբերմունք չէ նույն մեծերի նկատմամբ. այս հարցին պարոն Դանիելյանն անորոշ արձագանքեց. «Ես դժվարանում եմ դատարանի համար ինչ-որ բան ասել, բայց հողհատկացումն արդեն արված է»: Ինչ վերաբերում է օրեր առաջ այգում սկսված նորակառույցին, որի տերն ըստ «հարեւանների»՝ Մանուշ անունով մեկն է, ապա, մեր տեղեկություններով, նրան տարածքը տրվել է տարիներ առաջ: Այստեղ գլխավոր ճարտարապետը ճիշտ է՝ Մանուշին իրենք տարածք չեն տվել: Նա տեղեկացրեց նաեւ, որ հունիսի 1-ից կսկսվեն Պանթեոնի վերակառուցման աշխատանքները, որի նախագծի հեղինակը ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանն էր, այժմ այն ավարտում են նրա ճարտարապետ զավակները:

Կոմիտասի այգին առայսօր համեմատաբար թերծանրաբեռնված է սրճարաններով ու ռեստորաններով, բայց՝ կան: Պարոն Դանիելյանի հավաստմամբ, դրանք տարածքը զբաղեցնում են վարձակալությամբ. «Այգին ընդհանրապես կարիք ունի լուրջ բարեկարգման՝ ոռոգման ցանց ենք անցկացնում, ծառուղիները պետք է վերանորոգել եւ այլն»: Հաշվի առնելով քաղաքապետարանի սովորույթը՝ բարեկարգումն անել անհատների հաշվին, փոխարենը նրան տարածք հատկացնելով, պետք է սպասել, որ այս այգում էլ կարող է նույնը կրկնվել: Ի դեպ, բոլորովին վերջերս գործարար Հրանտ Վարդանյանը, «Մասիս Տոբակոյի» տնօրեն Սամվել Սահակյանն ու նրանց հետ էլի մի քանիսը շրջում էին այգում եւ կասկածելի-տնտղող հայացքներով ուսումնասիրում շրջակայքը:

Երեւանի գլխավոր ճարտարապետը երեկ անդրադարձավ նաեւ իրացվող տարածքներում առկա հուշարձան-շենքերի ճակատագրին: Դրանք ապամոնտաժվում են, որպեսզի հետագայում վերականգնվեն կամ՝ տեղում, կամ՝ այլ վայրում: Սակայն վերականգնումից հետո այդ շենքերից ոչ մեկը չի պահպանի նախկին միահարկ կամ երկհարկ տեսքը՝ դրանց վրա վեր կխոյանան բարձրահարկեր: Գլխավոր ճարտարապետը դա նորմալ է համարում, քանի որ «Երեւանն այն ժամանակ կառուցապատվել է ցածրահարկերով, որն այսօր պահպանել՝ ուղղակի ճիշտ չէ»: Մեր հարցին, թե շենքերը կպահպանե՞ն ներքին տեսքն ու հարդարանքը, պարոն Դանիելյանն ասաց. «Նայած որ հատվածը՝ կան հետաքրքիր բազրիքներ, պատշգամբներ, բուխարիներ, բայց չէ՞ որ ամեն ինչը չէ, որ մշակութային արժեք է ներկայացնում»:

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել