Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀԱՆԴԻՊԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մայիս 24,2005 00:00

Հայաստանյան
ընդդիմադիրները շարունակում են դիմել Եվրոպական դատարան Վերջերս «Հանրապետություն»
կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը գրություն է ստացել Եվրոպական դատարանից,
որով ծանուցվում է, թե «Զեյնալյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը գտնվում
է ԵԴ քննության փուլում: Հիշեցնենք, որ սա Եվրոպական դատարանին դիմած այն գործերից
մեկն է, որը վերաբերում է 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցած դեպքերին:
Հիշեցնենք, որ այդ օրը կուսակցության գրասենյակից ձերբակալվել եւ ոստիկանություն
բերման էր ենթարկվել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ա. Զեյնալյանը:
Ի դեպ, այս օրերին շատ է խոսվում ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների
կատարման մասին: Եթե հավատանք իշխանություններին, ապա դրանք մինչեւ այս տարեվերջ
պետք է որ ամբողջովին կատարվեն: Միայն թե իշխանությունները լռում են իրենց ուղղված
այն պարտավորությունների կատարման մասին, որոնք արձանագրված են ԵԽԽՎ 2004-ի ապրիլին՝
ապրիլյան իրադարձություններից հետո ընդունված բանաձեւում: Իշխանություններին հավանաբար
թվում է, որ եթե ՀՀ-ում այս օրերին քիչ է խոսվում այդ բանաձեւի եւ ԵԽԽՎ-ի՝ ՀՀ իշխանություններին
ուղղված կոչ-պահանջների մասին, ուրեմն իրենք պլստացել են, ուրեմն դա մոռացվել է եւ
անցած փուլ է այլեւս: Իսկ մենք հիշեցնենք, որ ԵԽԽՎ հիշյալ բանաձեւի հատկապես 9-րդ
կետի «գ» ենթակետով Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել. «Թափանցիկ
եւ վստահված ձեւով անմիջապես ուսումնասիրել վերջին իրադարձությունների ժամանակ տեղի
ունեցած միջադեպերը եւ մարդու իրավունքների ոտնահարման փաստերը, այդ թվում՝ լրագրողների
եւ իրավապաշտպանների վրա հարձակումները, եւ Վեհաժողովին տեղեկացնել բացահայտումների
ու պատասխանատու անձանց հանդեպ հնարավոր օրինական գործողությունների մասին»: Հարկ
է հիշեցնել, որ անցած ավելի քան մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում այդպես էլ ոչ ոք, ոչ
մի պաշտոնյա, ոչ մի իրավապահ պատասխանատվություն չի կրել 2004-ի ապրիլյան դեպքերի
ժամանակ մարդու իրավունքների ոտնահարման, ընդդիմության անդամների եւ համակիրների
խոշտանգման, նաեւ ընդդիմադիր երեք՝ «Հանրապետություն», ՀԺԿ եւ «Ազգային միաբանություն»
կուսակցությունների գրասենյակները տակնուվրա անելու, նրանց գույքն ապօրինաբար բռնագրավելու
համար: Ահավասիկ, երեկ էլ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Արտակ Զեյնալյանի հետ զրույցի ժամանակ նա փաստեց, որ 2004-ի ապրիլյան դեպքերի ժամանակ
Կենտրոնի ոստիկանության կողմից կուսակցության գրասենյակի ասպատակության ժամանակ,
որն իրավապահները շատ մեղմորեն խուզարկություն էին անվանել, անհետացել էին գրասենյակային
կահ-կարասիներ, գույք ու կուսակցության անդամների անձնական իրեր, որոնց զգալի մասը
մինչ օրս այդպես էլ չի վերադարձվել, թեեւ այդպիսի պահանջով կուսակցությունը բազմաթիվ
անգամ է դիմել եւ Կենտրոնի ոստիկանապետին, եւ ՀՀ գլխավոր դատախազին: Խոսքը գնում
է շուրջ 20 անուն գույքի մասին, այդ թվում՝ 2 հատ տեսաձայնագրիչ, 1 հատ աուդիոձայնագրիչ,
1 հատ լուսանկարչական խցիկ, 1 տեսախցիկ, 5 հեռախոս, 4 բջջային հեռախոս (լիցքավորման
սարքերով), 1 հատ համակարգչային տեսախցիկ, 2 հատ գրասենյակային բազկաթոռ, 3 ձայնագրված
տեսաերիզներ, 4300 ԱՄՆ դոլար, 1 կաշվե բաճկոն եւ այլն: ՀԺԿ-ից էլ մեզ փոխանցեցին,
որ տակավին անպատասխան են մնացել եւ ընթացք չեն տվել իրավապահներին եւ ՀՀ գլխավոր
դատախազությանն ուղղված կուսակցության բազմաթիվ դիմում-պահանջները՝ պատասխանատվության
ենթարկել ՀԺԿ գրասենյակն ավիրած եւ այնտեղից ապօրինաբար իրեր առգրաված մարդկանց:
Հիշեցնենք նաեւ, որ 2004-ի ապրիլին ընդունված բանաձեւի կետ 11-ում արձանագրված
էր. «Վեհաժողովը հավատացած է, որ վերջին իրադարձություններն առավել հրատապություն
հաղորդեցին իր պահանջներին՝ ԵԽ առջեւ ստանձնած Հայաստանի պարտավորությունները լիակատար
եւ առանց պայմանների կատարելու համար: Վեհաժողովը մտադիր է հանձնարարել Մոնիտորինգի
խմբին իր զեկուցողներին ուղարկել Հայաստան՝ ներկա դրության վերաբերյալ զեկույց կազմելու
եւ 9 կետի «ա» եւ «զ» ենթակետերով սահմանված պահանջները կատարելու ընթացքի մասին
զեկույցը մինչեւ սեպտեմբերին կայանալիք նիստը ներկայացնելու համար։ Եթե մինչեւ սեպտեմբերյան
նստաշրջան վերոնշյալ կետերի վերաբերյալ առաջընթաց չարձանագրվի, կվերանայվի Հայաստանի
պատվիրակության լիազորությունները Վեհաժողովի ընթացակարգի 9-րդ կանոնի համապատասխան»:
Այս բանաձեւի կատարման հաշվետվությունը ԵԽԽՎ-ն իր հաջորդ նստաշրջաններում հետաձգել
էր: Շուրջ մեկ ամիս հետո կգումարվի ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Ու թեեւ հայտնի է,
որ այս անգամ ԵԽԽՎ-ն այդ հարցերին չի անդրադառնա, բայց աշնանը ԵԽԽՎ-ն կքննարկի ՀՀ
պարտավորությունների եւ բանաձեւի կատարումը՝ մասնավորապես: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել