ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ
ԴՐՍԻՑ «Ինթերնեյշնլ Կրիզիս Գրուփ» («Միջազգային ճգնաժամային
խումբ») կազմակերպությունը տպագրել է իր այս տարվա հաշվետվությունը, որում մասնավորապես
նշված է Հայաստանի քաղաքական դաշտի վերլուծությունը եւ որոշ գնահատականներ ԵՆ տրված
քաղաքական եւ պետական այրերին: ՀՀ նախագահը բնորոշվում է այսպես. «Քոչարյանը
համարվում է օտար՝ Հայաստանում: Նախնական դիմադրության հանդիպելով հայաստանցիների
կողմից՝ նա ամրապնդել է իր իշխանությունը՝ ջարդելով նախկինը եւ ղարաբաղաբնակ իր աջակիցներին
առանցքային պաշտոններ տալով: Նա հենվում է ղարաբաղյան կլանի վրա: Նրա ժամկետը լրանում
է 2008-ին, եւ մինչ այժմ նա չի ընտրել իր իրավահաջորդին»: Քոչարյանի շրջապատը բնութագրվում
է այսպես. «Սերժ Սարգսյան: Քոչարյանի ընկերը, ղարաբաղցի: Մեծ ազդեցություն ունի քաղաքական
եւ տնտեսական դաշտում, նույնիսկ կրկնօրինակում է նախագահի իշխանությունը: Նա եւ Քոչարյանը
կարող են չհամաձայնել որոշակի հարցերի շուրջ, բայց՝ խիստ իրար կարիք ունեն»: Ասվում
է նաեւ. «Քոչարյանը հայտարարել է, որ իր կուսակցությունը իր ժողովուրդն է, բայց հենվում
է կոալիցիոն կառավարության վրա»: Կոալիցիայի երեք քաղաքական ուժերը բնորոշված են
հետեւյալ կերպ. «Հանրապետականը բաղկացած է նախկին ֆունկցիոներներից, ապավինում է
ուժեղին, վախենում են, որ Քոչարյանը կվերսկսի կոնֆլիկտը Ադրբեջանի հետ եւ որպես հետեւանք՝
նրա իշխանությունը կթուլանա: Եթե Քոչարյանը թուլանա, կարող են միանալ ընդդիմությանը»:
ՕԵԿ-Ը բնորոշված է որպես Արթուր Բաղդասարյանի կուսակցություն, իսկ վերջինս «երիտասարդ
է եւ սիրված Արեւմուտքում, մասնավորապես Ֆրանսիայում, կարող է համաձայնեցված թեկնածու
դառնալ Քոչարյանին հաջորդելու»: Դաշնակցության մասին գրված է շատ ավելի երկար՝ վերջինիս
կենսագրությանը համապատասխան. «Ազգայնական են, մտերիմ ղարաբաղյան կլանի հետ: Նրանց
միավորում է հակաթուրքական դիրքորոշումը»: Ապրիլյան դեպքերի
մասին գրված է. «Ապրիլյան դեպքերից հետո բոլորը սպասում էին կոալիցիայի մասնատմանը:
Միակ պատճառը, որ դա չկատարվեց, իշխանության ղեկի մոտ մնալու գայթակղությունն էր»: