Լրահոս
Օրվա լրահոսը

Տարանցումներ

Մայիս 24,2005 00:00

Տարանցումներ
Այս օրերին տարածաշրջանում երկու կարեւորագույն իրադարձություն
է սպասվում: Վաղը Ադրբեջանում հանդիսավորապես շահագործման կհանձնվի «դարի կառույց»
համարվող եւ իր տեսակի մեջ աննախադեպ «Բաքու- Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը, որի բացմանը
ներկա կլինեն անմիջականորեն նախագծի մեջ ընդգրկված, ինչպես նաեւ ԲԹՋ-ի գործարկմամբ
շահագրգիռ մի շարք երկրների ղեկավարներ: Դրանից ընդամենը մի քանի օր անց՝ մայիսի
28-ին, Հայաստանի Արագած լեռան շուրջը տեղի կունենա ոչ պակաս աննախադեպ մի երեւույթ՝
«Միասնության շուրջպար» հորջորջված հանրային միջոցառումը: Ավելի քան 3 մլրդ
ամերիկյան դոլար արժեցած վերոհիշյալ նավթային ծրագիրը հավակնում է ամենամոտ ապագայում
անճանաչելիորեն փոխել ողջ տարածաշրջանի տնտեսական պատկերը, ինչի արդյունքում, բազում
փորձագետների գնահատմամբ, Հայաստանի տնտեսական վագրը շատ արագ քոս կընկնի եւ կսատկի:
Մինչդեռ, նույն փորձագետների դիտարկումներով, նավթամուղը սկզբունքորեն կբարելավի
մեր հարեւան հանրապետությունների ու հատկապես՝ Ադրբեջանի «վագրերի» վիճակը՝ այդ երկրների
պետական գանձարանների համար ապահովելով բարձր եւ կայուն եկամուտներ: «Բաքու- Թբիլիսի-Ջեյհան»-ի
կառուցման հիմնական նախաձեռնողը, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն է: Եվրոպական շատ առաջատար
երկրներ սկզբնապես զգուշանում էին միանալ խիստ արկածախնդրական թվացող այդ նախագծին:
Բանն այն է, որ նոր խողովակով կասպիական նավթի Եվրոպա տարանցումը, առնվազն սկզբնական
շրջանում, նկատելիորեն ավելի թանկ է լինելու՝ ի համեմատ ռուսական խողովակի «մատուցած
ծառայության» արժեքի: Բացի այդ, նավթամուղի շինարարության գաղափարի դեմ կատաղի պայքար
էին մղում եվրոպական եւ տարածաշրջանային բնապահպանական կազմակերպությունները: Սակայն
որոշ ժամանակ անց, իսկ ավելի ճշգրիտ՝ ռուսաստանցի նավթային մագնատ Խոդորկովսկու հետ
կապված դատական քաշքշուկների սկսվելուց ի վեր Եվրոպայում կտրուկ ընկավ ռուսական նավթային
ընկերությունների եւ առհասարակ Ռուսաստանի նավթարդյունաբերական համակարգի նկատմամբ
եղած վստահությունը: Դրանից հետո եվրոպական ընկերություններն արագորեն ներգրավվեցին
ԲԹՋ-ի իրագործման մեջ, այդպիսով նաեւ ապահովագրվելով Ռուսաստանի մենաշնորհային կարգավիճակով
պայմանավորված հավանական անակնկալներից: Ինչ վերաբերում է մի քանի օրից տեղի
ունենալիք երկրորդ կարեւոր միջոցառմանը՝ «Միասնության շուրջպարին», ապա դրա առնվազն
տնտեսական էֆեկտի մասին միջազգային փորձագետները լռում են: Տեղական դիտորդներից ոմանք
անհամարձակ պնդումներ են անում ՀՀ-ում ոչխարաբուծության, նարնջագույն գլխարկների
ուղղությամբ նեղ մասնագիտացած տրիկոտաժի արտադրության եւ տրանսպորտի զարգացման մասին:
Ավելի ռոմանտիկները ոգեւորված են միասնության գաղափարով, որի՝ Արագածոտնից Հայաստանի
այլ մարզեր տարանցելու խնդրում, սակայն, թերեւս դժվարություններ ծագեն: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել