ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՀՈԼԱՆԴԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏ Երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մարզական լրագրողներին հրավիրել էր ֆեդերացիա՝ ներկայացնելու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» նորանշանակ գլխավոր մարզչին: «Այս նշանակմանը բոլորը երկար սպասեցին,- ասաց նա,- սակայն դա էլ իր դրական նշանակությունն ունի, քանի որ մենք չէինք ուզում հապճեպ որոշում կայացնել: Երկար ուսումնասիրություններից ու բանակցություններից հետո ես ուզում եմ ձեզ ներկայացնել հոլանդացի 48-ամյա Հենկ Վիսմանին: Նրա հետ պայմանագիրը կնքել ենք յոթ ամսով՝ մինչեւ դեկտեմբերի վերջ, ավելացրած երկու տարի: Նա միեւնույն ժամանակ կոորդինացնելու է մեր մանկապատանեկան ֆուտբոլը: Շնորհավորում եմ բոլորիս եւ մարզչին մաղթում ֆուտբոլային հաջողություններ»: Այնուհետեւ Վիսմանը լրագրողների առաջարկով հակիրճ ներկայացրեց իր մարզական կենսագրությունը: Նա ութ տարի խաղացել է «Այաքսի»՝ մինչեւ 16, 17, 18 տարեկանների պատանեկան թիմերում, Հոլանդիայում որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ հանդես եկել մոտ հինգ տարի: Դրանից հետո անցել է մարզչական աշխատանքի եւ այժմ արդեն 25 տարվա աշխատանքային փորձ ունի: Որպես երիտասարդ մարզիչ աշխատել է սիրողական բարձր լիգայում՝ իր մարզած թիմերով յոթ անգամ դառնալով չեմպիոն: Մարզչական գիտելիքները հարստացրել է «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Հերենվենում»: Նիդեռլանդների «Հոլենդամը» երկու տարի մարզելուց հետո Վիսմանը երրորդ տարում այդ ակումբը առաջին լիգայից բարձրացրել է բարձրագույն խումբ: Հետո ստանձնել է «Դեմբոշ» թիմը, որտեղից հեռացել է մեկ տարի հետո: Եվ ստանալով ՀՖՖ նախագահի հրավերը՝ հիմա այստեղ է: «Անշուշտ, կփորձենք անել հնարավորինը ներքին առաջնությունում՝ «Փյունիկի», ինչպես նաեւ ազգային հավաքականի հաջողությունների, հնարավոր առավելագույն ցուցանիշների հասնելու համար»,- ասաց Հենկ Վիսմանը: Խոսելով հայ ֆուտբոլիստների մասին՝ մարզիչն ասաց, որ նրանք տեխնիկապես հմուտ են, սակայն չափից շատ են պաշտպանական ոճի ֆուտբոլ խաղում: Նրա կարծիքով՝ նախապատվությունը պետք է տալ մամլիչ պաշտպանությանը: Ֆուտբոլիստները պետք է մի բան լավ հասկանան. ֆուտբոլը թիմային խաղ է, առանց թիմի հաջողության չես հասնի: Այն հարցին, թե նորանշանակ այս մարզիչն արդյո՞ք այն մասնագետն է, որի մասին ակնարկվում էր շուրջ երեք ամիս, Ռ. Հայրապետյանը պատասխանեց. «Ոչ, նա այդ մասնագետը չի: Այս ընթացքում եղան մարդիկ, ովքեր երեւակայությանը հագուրդ տալով հայտարարություններ արեցին՝ խանգարելով ինձ»: «Առավոտը» հետաքրքրվեց. «Հավաքականի նախորդ արտասահմանցի մարզիչները երկու հոգով էին ժամանում Հայաստան: Պարոն Վիսմանը միայնա՞կ է աշխատելու: «Ես մի հոլանդացի օգնական եմ ունենալու, բայց այս պահին «Փյունիկում» իմ օգնականը լինելու է Վարդան Մինասյանը»,- պատասանեց Հենկ Վիսմանը: Իսկ Ռուբեն Հայրապետյանն ավելացրեց. «Մենք արդեն պայմանավորվել ենք, որ մարզիչը գնա իր ասիստենտին բերելու: Նրա հետ էլ ենք բանակցելու, պայմանները ճշտելու: Եթե համաձայնության եկանք, կմնա ու օգտակար կլինի: Բայց ուզում եմ նաեւ ավելացնել, որ ես լուրջ ծրագրեր ունեմ: Հավաքականի առաջիկա երկու խաղերից հետո, հնարավոր է, պատանիների հետ աշխատող մի քանի արտասահմանցի մարզիչներ էլ բերենք, որպեսզի ամեն մի դպրոցում գոնե մեկից-երեք մարզիչ ունենանք»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ