Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր

Մայիս 21,2005 00:00

Մեր ներդրումը «Մեծ թատրոնում» Ավելի քան 20 տարվա ընդմիջումից հետո, մայիսի 21-24-ը Մոսկվայի Մեծ թատրոնը Ազգային օպերային թատրոնի բեմում կներկայացնի Չայկովսկու «Կարապի լիճ» եւ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետային ներկայացումները: Այս առիթով երեկ «Երեւան» հյուրանոցի մամլո սրահում հրավիրված էր ասուլիս՝ Մեծ թատրոնի առաջատար արտիստներ Մարիա Ալեքսանդրովայի եւ Վլադիմիր Նեպորոժնիի հետ: «Առավոտը» պարզեց, որ Վ. Նեպորոժնին Մոսկվայում ուսանել է բալետային արվեստի երախտավոր, ՌԴ ժողովրդական արտիստ, այժմ Երեւանի պարարվեստի ուսումնարանի բալետմայստեր-կոնսուլտանտ Մաքսիմ Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Արդյունքում մեզ ընձեռվեց հնարավորություն՝ մի քանի րոպե առանձնազրույց ունենալ արտիստների հետ: Ի դեպ, 17 տարի Մ. Մարտիրոսյանը ղեկավարել է Մոսկվայի բալետային ակադեմիան: Սա այն դեպքում, երբ, ըստ մեր տեղեկությունների, այդ տարիներին նշված պաշտոնին էին ձգտում աշխարհահռչակ Մայա Պլիսեցկայան եւ Վլադիմիր Վասիլեւը: Նշենք, որ բալետային արվեստը Եվրոպայի ծնունդ է, ավելի ստույգ՝ Ֆրանսիայի: Ռուսաստանում այս արվեստը շուրջ 300 տարվա պատմություն ունի: Ըստ Մ. Ալեքսանդրովայի եւ Վ. Նեպորոժնիի, աշխարհում ճանաչված ռուսական բալետի դպրոցում իր մեծ ներդրումն ունի մեր հայրենակցուհի Ագեպինա Վագանովան. «Նա առաջինն էր, որ բալետը դարձրեց գիտություն, մշակեց ծրագիր, մեթոդ, որից մինչ այսօր օգտվում են Եվրոպայի առաջնակարգ դպրոցները: Որպես երախտիքի արտահայտություն, 1957-ից Սանկտ Պետերբուրգի բալետային ակադեմիան կոչվում է Ա. Վագանովայի անունով, որտեղ եւ անցկացվում է նրա անվան բալետի արտիստների ամենամյա մրցույթ»: Դիտարկմանը՝ դատելով Մեծ թատրոնի բալետային խաղացանկից, կարելի է ենթադրել, որ մեծ տեղ է հատկացված ժամանակակից բալետին, ինչը չես ասի Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի մասին, արտիստները հավաստիացրին. «Ժամանակակից ցանկացած բալետային ներկայացման հենքը դասականն է: Այո, մեր թատրոնի խաղացանկում Մինկուսի «Դոն Կիխոտի», Ադանի «Ժիզելի», Խաչատրյանի «Սպարտակի», Չայկովսկու «Շչելկունչիկի» եւ այլ ներկայացումների կողքին տեղ են գտել Գավրիլինի «Անյուտան», Բախի «Կոնչերտո բարոկկոյի», Բիզեի «Դո մաժոր սիմֆոնիայի» ժամանակակից ոճով արված ներկայացումները: Մեր խաղացանկում դասականն ու ժամանակակիցը 50:50 են: Պարզ պատճառով՝ տարիները, էլ չասենք՝ դարերը, բերում են իրենցը, ինչը բոլոր ժամանակներում համարվում է նորամուծություն կամ ժամանակակից»: Հարցապնդմանը՝ այնուամենայնիվ, ժամանակին Մեծ թատրոնում Վլադիմիր Վասիլեւի բեմադրած «Ժիզելը», Մայա Պլիսեցկայայի բեմադրմամբ «Չայկան» եւ «Աննա Կարենինան» կարճ կյանք ունեցան, ինչո՞ւ, արտիստները պատասխանեցին. «Դա բնական է: Ամեն ներկայացում ունի իր ճակատագիրը: Հնարավոր է աշխարհահռչակ բեմադրիչի ներկայացումը կարճ կյանք ունենա: Մի խոսքով, ինչպես մարդը, այնպես էլ ներկայացումն ունի իր ճակատագիրը»: Հետաքրքրվեցինք՝ բալետի համար հարմա՞ր է մեր օպերային թատրոնի բեմը (նկատի ունենք մասշտաբները): Մ. Ալեքսանդրովան եւ Վ. Նեպորոժնին նշեցին, որ ԽՍՀՄ հանրապետություններից մերն առանձնանում է իր անկրկնելի ոճով, գեղեցկությամբ. «Ինչ վերաբերում է բեմին, ստույգ չենք կարող ասել, բայց ձեր թատրոնի բեմի խորությունը ընդամենը 1 մետրով է զիջում Մեծ թատրոնի բեմին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031