Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիան կենսաձե՞ւ է

Մայիս 21,2005 00:00

Կոռուպցիան կենսաձե՞ւ է Մի քանի ամիս առաջ 12 պետական բուհերի 500 ուսանողների շրջանում Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի կողմից իրականացված հարցումներից պարզվել է, որ նրանք առավել կոռումպացված են համարում ԵՊՀ-ն, Գյուղակադեմիան եւ Երեւանի բժշկական համալսարանը: Ուսանողները, իբրեւ կանոն, իրենց բուհերը չեն համարել առավել կոռումպացված, միայն ԵՊՀ-ն է, որ իր ուսանողների կողմից համարվել է երրորդ առավել կոռումպացվածը: Իբրեւ բարձրագույն կրթության ամենակոռումպացված փուլ, ուսանողների մեծամասնությունը նշել է ընդունելության քննությունները՝ «իբրեւ կոռուպցիայի գլխավոր աղբյուր»: Կաշառքի չափերի մասին հարցին պատասխանելիս ուսանողների մեծ մասը նշում է մինչեւ 100 ԱՄՆ դոլարը: Հետաքրքիրն այն է, որ հարցվածների մոտ երեք-չորրորդը, կախված իրավիճակից, պատրաստ է դիմելու կոռուպցիոն եղանակներին, քանի որ բուհից վտարվելու վտանգն ու քննություններին պատրաստվելու համար ժամանակի սղությունը կոռուպցիայի առավել մեծ ռիսկեր պարունակող իրավիճակներ են ստեղծում: Ուսանողների միայն 35,8 տոկոսը կոռուպցիան ընդունելի չի համարում, իսկ ավելի քան երկու-երրորդն այն ընդունելի է համարում՝ կախված իրավիճակից: Հարցման արդյունքում հաստատվել է այն մտայնությունը, թե կոռուպցիան ազդում է ուսման որակի վրա: Միեւնույն ժամանակ, պարզվել է, որ ուսանողների գերակշիռ մասը երբեք չի փորձել պաշտպանել իր իրավունքները կամ ինչ-որ ձեւով պայքար սկսել այդ երեւույթի դեմ: Բարեկամական կապերի օգտագործումը գրեթե բոլոր բուհերում համարվել է կոռուպցիայի ամենավտանգավոր տեսակը: Այդ առումով բացառություն է կազմում միայն Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտը: «Բարեկամական կապերի օգտագործման» նկատմամբ ամենահանդուրժող կեցվածք են ընդունել Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները: Իսկ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ուսանողները, ի տարբերություն մյուս բուհերի, առավել հանդուրժող են կաշառակերության հանդեպ: Ընդհանուր առմամբ, ուսանողների գերակշիռ մասի՝ մոտ 77 տոկոսի կարծիքով, կոռուպցիան Հայաստանում կենսաձեւ է: Այս առումով ազգի հանդեպ լավատես են Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողները: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել