Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԼՄ՝

Մայիս 21,2005 00:00

ՖԻԼՄ՝ ՍՈՂԱՑՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2006թ.-ի առաջին կիսամյակում հանրության դատին կհանձնվի «Սողանք» ֆիլմը՝ Վահրամ Մարտիրոսյանի նույնանուն վեպի հիման վրա: Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Միքայել Դովլաթյանն է: Հենց նա էլ վստահեցնում է, որ «ինչ ուզում է պատահի՝ 2006-ի մարտին ֆիլմը պատրաստ պիտի լինի: Էդ խողովակի մեջ ես արդեն մտել եմ, պիտի պատվով դուրս գամ»: «Սողանքի» հեղինակը նույնպես ներգրավված է ֆիլմի աշխատանքներին՝ մասնակցություն կունենա սցենարի պատրաստմանը: «Վահրամը որտեղ էլ լինի՝ Տանգանիկայում, Մոզամբիկում, թե Հունգարիայում, մինչեւ վերջին կադրը պիտի մասնակցի էս գործին»՝ սպառնալու նման խոստանում է Միքայել Դովլաթյանը: Ռեժիսորը պատմեց, որ «Սողանքի» մասին տեղեկացել է իր ֆրանսահայ գործընկերոջից՝ կինոգործիչ Սերժ Ավետիքյանից. «2 տարի առաջ նա ինձ նամակ գրեց՝ «գիժ, դու խաբա՞ր ես, որ սենց մի հատ գործ կա ու սենց մի հատ երեւույթ»: Գործի անունն էր «Սողանք», երեւույթի անունը՝ Վահրամ Մարտիրոսյան: Սերժը կարդացել էր ֆրանսերեն եւ շատ ոգեւորված էր: Հավատացի, կարդացի, ապշեցի, ցավացի, որ ես Վահրամի հետ նույն քաղաքում եմ ապրում, բայց ֆրանսիացի Սերժից իմացա այդ գործի մասին: Հասկացա, որ ես էլ եմ ապրում այդ գրքի մեջ: Ես ինձ մի քիչ նույնացնում եմ գլխավոր հերոսի հետ, ուզում եմ իր հոտը տեսնել, իր փորացավը, իր սրտի թխթխկոցը, ուզում եմ մեջը լինել… Իմացա, որ Սերժն ուզում էր դա Փարիզում նկարահանել, գումար էր գտնվել, պրոդյուսերներ: Դա խոսում է վեպի կոսմոպոլիտիզմի մասին: Իզուր չի, որ տարբեր լեզուներով թարգմանվել է: Վերջերս նաեւ ռուսերեն հրապարակվեց «Դրուժբա նարոդով» ամսագրում՝ մի մեծ շարքի մեջ, որտեղ կային Հրանտ Մաթեւոսյան, Սիլվա Կապուտիկյան եւ Վահրամ Մարտիրոսյան, Շարլ Ազնավուր: Ես որոշեցի գործ անել»: Պարզվեց, որ Սերժ Ավետիքյանը, չնայած որոշակի կատարված աշխատանքներին, որոշել է թողնել «Սողանքի» էկրանավորման գաղափարը, քանի որ հասկացել է, որ չի կարող սցենար գրել դրա վրա, եւ գտել, որ Փարիզում «Սողանքը» նկարահանելը հիմարություն է: Ի դեպ, մեր զրույցին Վահրամ Մարտիրոսյանը պատմեց, որ «Սողանքը» նկարելու գաղափար նաեւ գերմանացի կինոգործիչներ են ունեցել, սակայն ի վերջո, գործը հասել է Հայաստան՝ Միքայել Դովլաթյանին: Ֆիլմը համատեղ ծրագիր է, պաշտոնապես ՀՀ եւ ՌԴ մշակույթների նախարարություների ձեռնարկն է, որն իրականացնելու են «Հայֆիլմը» եւ «Արտ-միր պրոդակշընը»: Մ. Դովլաթյանն, իր խոսքերով, շատ ճիշտ պահի է հայտնաբերել «Սողանքը». «Այդ ժամանակ թեմա էի փնտրում: Այսօր ոչ միայն հայ կինոյում, այլեւ ամեն տեղ հետաքրքիր սցենարի, գաղափարի պակաս կա: Վերջերս հանդիպեցի ՌԴ կինոմատոգրաֆիայի դեպարտամենտի շեֆի՝ Սերգեյ Լազարուկի հետ, նա ասաց՝ հիմա ռուսական կինոն վերելք է ապրում, բայց թարմ, նոր մտքերի սով կա, փող ունենք, բայց գաղափար չկա»: Իսկ «Սողանքը» թարմ գաղափար է եղել, որից հաճույքով կառչել են մեր ռուս գործընկերները, սակայն այժմ որոշակի բարդություններ կան շատ նուրբ հարցերի հետ կապված: Լծվելով «Սողանքի» էկրանավորման գաղափարին՝ ռեժիսորը դիմել է ռուսաստանյան լավագույն սցենարիստներից մեկին՝ Ալեքսանդր Մինդաձեին. «Մոտեցա, տվեցի գործը, որ կարդա: Եկա Երեւան, զանգեցի, ասեց՝ խոնարհվեք հեղինակին, ես վաղուց այդքան ինտելեգենտ պրոզա չեմ կարդացել»: Ամենայն հավանականությամբ, Մինդաձեն էլ կլինի գլխավոր սցենարիստը: Սակայն ռուսական կողմը միայն այդ մասնակցությամբ չի բավարարվում: «Սողանքը» կարդացածները գիտեն, որ ողջ վեպը հիմնված է գլխավոր հերոսի վրա, հետեւաբար ֆիլմը, որն, ըստ ռեժիսորի, քիչ է տարբերվելու գրքից, քանի որ «վեպն արդեն պատրաստի սցենար է, դրա վրա հնարավոր չէ այլ սցենար գրել, ջարդել, մտնել մեջը, ուղղակի պետք է ապրել այդ ամեն ինչը եւ ցույց տալ այն, ինչ կա գրքում», նույնպես պիտի հիմնվի գլխավոր հերոսի վրա: Այստեղ կարեւորվում է գլխավոր դերակատարի դերը: «Գլխավոր դերակատարի մի քանի տարբերակ կա: Ռուսական կողմը պնդում է Մաքսիմ Սուխանովի վրա, որը շատ լավ դերասան է Վախթանգովի թատրոնից, բայց ես չեմ կարծում, որ ճիշտ կլինի ոչ հայ դնել: Դա նորմալ է՝ կո-պրոդուկցիա է, փող են տալիս եւ ուզում են: Դերակատարուհի, օպերատոր են առաջարկում եւ այլն: Բայց ես ուզում եմ ինձ հարազատ մատերիալով աշխատել»: Իրեն հարազատ «մատերիալը» Վարդան Պետրոսյանն է: Այս թեկնածության վերաբերյալ մի փոքր կասկածներ ուներ գրքի հեղինակը. «Այս հերոսը ռեակցիաներ չունի, իսկ Վարդանի մոտ ամեն ինչ ուժեղ ռեակցիաներով է: Կանոնավոր դիմագծերով, ամբոխից չառանձնացող, բայց ռեակցիաներ չունեցող, իներտ մարդ է իմ հերոսը, որը ոչինչ չարտահայտելով է բան արտահայտում»: Գլխավոր դերի հավակնորդների ցուցակն այսքանով չի ավարտվում, խոսվում է մի քանի լուրջ դերասանների մասին, այդ թվում՝ Դմիտրի Խառատյանի: Սակայն այս կարգի ստեղծագործական հարցերը լուծվող են, քանի որ «ֆիլմն արդեն արտադրություն է մտցված, գործը սկսված է, հիմա պավիլյոն ենք կառուցում, օրացույցը մշակված է»՝ վստահեցնում է բեմադրիչը: Գլխավոր խոչընդոտը «չինովնիկական» է: Պարզվում է՝ մինչ այսօր մենք չունենք համապատասխան պայմանագիր ռուսական կողմի հետ. «ՌԴ-ն շատ երկրների հետ միջկառավարական համաձայնագրեր ունի՝ Կինոյի ոլորտում համագործակցության մասին, նույնիսկ Թուրքմենիայի եւ Մերձբալթյան երկրների, եւ միայն ՀՀ-ի հետ չկա նման համաձայնագիր, չնայած ամենաախպերը մենք ենք,- ցավով նկատում է Մ. Դովլաթյանը ու ավելացնում:- Մշակույթի նախարարության հարցն է: Երեք անգամ ես այդ համաձայնագիրը բերել եմ նույն Լազարուկից: Մշակույթի նախկին փոխնախարար Կարեն Արիստակեսյանի հետ նստում-խոսում էինք, ասում էր՝ կինոյի մասին օրենքը դեռ չկա: Այսօր Լազարուկը դա իջեցրել է մինչեւ ֆիննախի մակարադակի, ընդամենը ֆիննախարարի ստորագրությամբ, եւ կինոյի մասին օրենքի հարցը դուրս կգա: Բայց՝ չեն անում: Ստացվում է, որ ՌԴ-ն փող է տալիս, մերոնք ասում են՝ մի տուր, պետք չի»: Թեեւ Վահրամ Մարտիրոսյանը գործուն մասնակցություն է ունենում իր վեպի էկրանավորմանը, այնուամենայնիվ, ֆիլմի «տերը» ռեժիսորն է, եւ հարցը՝ չե՞ք վախենում, որ կփչացնեն «Սողանքը», անտեղի չէ: «Վեպը գրված է կինոյի լեզվով, որը զանգվածային մշակույթի լեզու է: Չգիտեմ՝ դա ճի՞շտ է, թե՞ ոչ: Գուցե պետք է ստեղծես պատվանդանի վրա գտնվող արվեստը, եւ դա ադապտացվի, դառնա կինո: Ես արել եմ նաեւ ադապտացիան՝ չվնասելով արվեստին: Մնում է, որ ֆիլմը նկարողները դա ցույց տան»: Ինչ վերաբերում է ֆիլմը նկարողներին, ապա ըստ Մ. Դովլաթյանի՝ «Եթե նույնիսկ առհասարակ սողանքի պրոցեսը ցույց չտրվի, կարեւորը մթնոլորտն է, գույներն են, ռիթմը, միմիկան կամ միմիկայի բացակայությունը: Սողում ենք, էլի»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031