Այլընտրանքայինը դիակ հարդարող չէ Երկու օր առաջ Սեւանի հոգեբուժարանից փախել էին այլընտրանքային զինվորական ծառայության մեջ գտնվող 4 անձինք: Այդ մասին տեղեկացանք «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված քննարկման ժամանակ: Օրակարգում դրվել էր «Այլընտրանքային զինվորական ծառայության արդի վիճակը» թեման: Նախ ցուցադրվեց ֆիլմ, ապա ելույթներ ունեցան ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի մարդու իրավունքների հարցերով պատասխանատուի օգնական Մուշեղ Եկմալյանը, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ զինկոմիսարիատի զորակոչի հարցերով պատասխանատու Գալստյանը: 2003թ. դեկտեմբերի 17-ին ընդունվեց «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը, որը, ըստ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, փաստորեն, չտարածվեց գարնանային զորակոչի վրա, ինչի արդյունքում «մի զորակոչով խախտվեցին Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած մեր պարտավորությունները»: Միայն 2004-ին, աշնանային զորակոչի ժամանակ, 26 Եհովայի վկաներ եւ 1 մոլոկան ծառայության են ուղարկվել առողջապահական եւ սոցիալական ոլորտի հիմնարկներ: Մուշեղ Եկմալյանի գնահատմամբ, զինկոմիսարիատները չունեն հստակ կողմնորոշում (հատուկ բաժին կամ պատասխանատու սպա), որը կկոորդինացներ այլընտրանքայինների հետ աշխատանքները: ԵԱՀԿ ներկայացուցիչը գտնում էր, որ այլընտրանքային զինծառայողները պետք է գտնվեն քաղաքացիական գերատեսչությունում: Իրավապաշտպան Ա. Իշխանյանն էլ այդ կարծիքին էր: Նա նույնիսկ բերեց մի օրինակ, երբ այլընտրանքային զինծառայողին վերոնշյալ հիմնարկներից մեկում առաջարկել էին դիակ հարդարել, եւ նա գտնում էր, որ պետք է համազգեստի վրայից հանել «Այլընտրանքային ծառայող» նշանը, օրենքը վերանայել եւ ընդունել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք: Այլընտրանքային ծառայության մեջ զինվորը, փաստորեն, գտնվում է 42 ամիս, մինչդեռ իրավապաշտպանը գտնում էր, որ այն պետք է իջեցվի եւ դառնա 36 ամիս: Պաշտպանության նախարարության զորակոչի հարցերով պատասխանատու Գալստյանը գտնում էր, որ այլընտրանքային զինծառայողները ամեն մի պատրվակ օգտագործում են չծառայելու համար: Մասնավորապես, իրենց դիմումներ էին գրել, թե մահճակալները զինվորական են, հագուստը պատվիրված է ՊՆ-ում եւ որ իրենք հսկվում են ուժային կառույցների կողմից: Նրա կարծիքով, անհիմն էին նմանօրինակ պատճառաբանությունները: Վարդենիսի հոգեբուժական հիվանդանոցում այլընտրանքային աշխատանքային ծառայությունն անցող ութ երիտասարդներ Հայաստանի հելսինկյան կոմիտեի հարցման ժամանակ հայտարարել էին, որ արժանապատվությունը նսեմացնող որեւէ աշխատանք չեն կատարելու: Սակայն երկու օր հետո զինկոմիսարը եկել եւ ծանոթացրել էր կառավարության որոշմանը, նաեւ հայտնել, որ նրանք սանիտարի աշխատանք պետք է կատարեն՝ մաքրեն զուգարանները, դիակ հարդարեն: Հրաժարվելու դեպքում սպառնացել էին քրեական պատասխանատվության ենթարկել «Զինծառայության մասին» օրենքի 364 հոդվածով: «Զինվորի մայր» կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը գտնում էր, որ այլընտրանքայինը նույն պետական ծառայությունն է: Սակայն քննարկման մասնակիցներից շատերի կարծիքով, զորակոչի տարիքում գտնվող այլընտրանքայինի համար այնքան էլ տեղին չէ, մասնավորապես, հոգեբուժարաններում ծառայությունն անցկացնելը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ