«ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻ ԿՅԱՆՔԸ» «Չեխական ավիաուղիների» հայաստանյան ներկայացուցչությունը մի խումբ լրագրողների մայիսի 12-15-ը հնարավորություն էր ընձեռել Պրահա այցելել Երեւան-Պրահա-Երեւան ուղիղ չվերթով: Երեւան-Պրահա-Երեւան տոմսի արժեքը սկսում է 500 դոլարից: Այս չվերթը իրականացվում է շաբաթը երեք անգամ: Մենք թռանք Airbus A320 օդանավով: Այն չափազանց հարմարավետ է: Չեխերի հյուրասեր եւ ժպտերես լինելու մասին կարելի էր եզրակացության հանգել արդեն իսկ օդանավում, երբ ուղեկցորդուհիները ուղեւորներին սպասարկելիս անընդհատ ժպտում էին եւ օգնում ցանկացած հարցում: Օդանավում մի քանի րոպե անց ուղեւորներին արդեն առաջարկվեցին ալկոհոլային եւ, ոչ միայն, խմիչքների լայն տեսականի: Այնուհետեւ՝ կերակուր: Մոտ չորս ժամ տեւողությամբ թռիչքի ընթացքում չձանձրանալու համար օդանավում՝ ամեն շարքի գլխավերեւում, տեղակայված էին հեռուստացույցներ: Եվ ընդհանրապես՝ թռիչքից միայն հաճույք ես ստանում: Ինչպես համոզվեցինք արդեն Պրահայում, «Չեխական ավիաուղիները» հզոր կազմակերպություն է: Այն զբաղեցնում է Պրահայի օդանավակայանի մոտակայքում գտնվող ահռելի մի շենք: «Չեխական ավիաուղիները» հիմնվել է 1923 թվականի հոկտեմբերի 6-ին, եւ առաջին չվերթն իրականացվել է նույն թվի հոկտեմբերի 23-ին՝ դեպի Բրատիսլավա: «Չեխական ավիաուղիները» ունի 48 օդանավ, իսկ վերջերս ձեռք են բերել եւս տասը: Դրանք թռիչքներ են իրականացնում 77 ուղղությամբ՝ 4 մայրցամաք՝ Եվրոպա, Ամերիկա, Ասիա եւ Աֆրիկա: 2004 թվականը նրանց համար ռեկորդային էր՝ «Չեխական ավիաուղիները» տեղափոխել է 4,4 միլիոն ուղեւոր: Իսկ ամենածանրաբեռնված ուղիներն են դեպի Փարիզ, Լոնդոն, Ամստերդամ, Ֆրանկֆուրտ, Մադրիդ, Մոսկվա եւ այլն: Միայն մեկ օրվա ընթացքում այս ընկերությունը իրականացնում է յոթ չվերթ դեպի Լոնդոն: Սակայն սրանցով «Չեխական ավիաուղիները» չի սահմանափակվում, եւ շարունակում են նոր ուղիներ բացել՝ օրինակ, դեպի Կուբա, Բրազիլիա: 2001 թվականին «Չեխական ավիաուղիները» ստեղծեց Sky Team, այսինքն՝ աշխատում է ութ տարբեր երկրների ավիաընկերությունների հետ, ինչպիսիք են՝ «KLM»-ը, «AIR FRANCE»-ը, «Aero- Mexico»-ն եւ այլն: 2004-ին լոնդոնյան Official Airline Guide-ը «Չեխական ավիաուղիները» ճանաչել է լավագույն ավիաընկերություն: Պրահայի օդանավակայանը Օդանավակայանում այնպիսի հանգիստ եւ կարգուկանոն էր տիրում, որ կարելի էր մտածել, թե բոլորը գնացել են ընդմիջման ու փակել այն: Այստեղ ամեն ինչ արված է ուղեւորների հարմարավետության համար: Ճիշտ է, այստեղ, ինչպես նաեւ բոլոր երկրների օդանավակայաններում (չհաշված անմաքս խանութները), ամեն ինչ թանկ է, սակայն կարող ես գտնել ցանկացած անհրաժեշտ բան: Օդանավակայանի դիմաց «Տաշիր» հանրախանութը հիշեցնող չորսհարկանի մի շինություն կա. դա ավտոկանգառ է: Բոլոր չորս հարկերում կանգնում են օդանավակայան այցելած մեքենաները: Ի դեպ, Պրահայում շատ խիստ են մեքենա կանգնեցնելու կանոնները: Քաղաքում չես տեսնի փողոցի առաջին երկու գիծը զբաղեցնող կանգնած ավտոմեքենաներ: Մեքենաների կանգառը թույլատրվում է միայն մի քանի րոպեով: Եթե ոստիկանությունը տեսնի կանգնած մեքենա առանց վարորդի, մեքենան անմիջապես «պլաշչադկա» կտարվի: Ավտոկանգառի համար անհրաժեշտ է համապատասխան փաստաթուղթ ունենալ՝ տվյալ շենքում բնակվելու կամ աշխատելու մասին: Օդանավակայանի մոտակայքում են գտնվում նաեւ մաթեմատիկական ճշգրտությամբ աշխատող կարգո տերմինալը եւ օդաչուներ ու ուղեկցորդուհիներ պատրաստող դպրոցը: Այստեղ սովորելու են գալիս տարբեր երկրներից: Չափազանց տպավորիչ էր ինքնաթիռի իմիտատորը, որի ներսում ամեն ինչ սարքած է՝ ինչպես իսկական ինքնաթիռում, եւ այստեղ են սովորում ու քննություն հանձնում ապագա օդաչուները: Քաղաքը Պրահան ուրախ, գույնզգույն քաղաք է: Այստեղ ապրում է մոտ 1,2 միլիոն մարդ, որոնք բոլորն էլ կենսուրախ են, ժպտերես եւ հյուրասեր: Պրահայի հյուրանոցներում մի օրն արժե 30-50 եվրո՝ կախված գտնվելու տեղից եւ հյուրանոցի աստղերից: Քաղաքն այնքան գեղեցիկ է, որ, բնական է, շատերը կցանկանան կենտրոնում բնակվել: Սակայն Պրահան մեծ քաղաք չէ, եւ ցանկացած վայր հասնելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Տրանսպորտի հարց լինել չի կարող: Մետրոն կա ու կա, իսկ տրամվայներն այստեղ աշխատում են գրաֆիկով. եթե կանգառի ցուցանակի վրա գրված է, որ տրամվայը տվյալ կանգառում կլինի այսինչ ժամին, ուրեմն՝ կլինի: Անտոմս երթեւեկողները տուգանվում են: Ի դեպ, տրամվայը տրանսպորտի միակ տեսակն է, որը փողոցում հետիոտնին տեղ չի զիջում: Մնացածը՝ առանց աշխարհի հայհոյանքների, դեռ ավելին՝ ժպտալով կսպասեն, որ հետիոտնը փողոցն անցնի: Սակայն դա չի նշանակում, որ հետիոտները որտեղ պատահի՝ փողոց են անցնում: Ինչպես ասաց Պրահայի բնակիչներից մեկը. «Քաղաքում կարգուկանոն է տիրում, եւ դրանից հեշտանում է բոլորի կյանքը»: Պրահան անչափ գեղեցիկ քաղաք է՝ հասարակ բնակելի շենքն իրենից ճարտարապետական հուշարձան է ներկայացնում: Դեռ 30-ականներին այստեղ արգելվել է բարձրահարկ շենքեր կառուցելը, եւ գրեթե բոլոր շենքերը 4-5 հարկից ոչ բարձր են: Այստեղ կարելի է նկատել ոճերի խառնուրդ՝ մի շենքի մեջ կարող են բարոկոյի, ռոկոկոյի եւ գոթիկայի տարրեր լինել: Երկրորդ համաշխարհային պատերազմից Պրահան գրեթե չի վնասվել՝ մեկ կամ երկու շենք է քանդվել: Չեխիայում կա ութ օբյեկտ, որոնք պահպանվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Պրահայում կան հին կառույցներ, որոնց հետ գեղեցիկ լեգենդներ են կապված: Օրինակ, Ձյունե Աստվածամոր տաճարը: Լեգենդի համաձայն, ամռան շոգին Պրահայում ձյուն է տեղացել, եւ այստեղ որոշվեց եկեղեցի կառուցել: Եկեղեցու բարձր գլանի տակ մինչ այսօր ձյան փաթիլներ են պտտվում: Իսկ Կառլ IV-ը, որը Պրահայում շատ-շատ գեղեցիկ շինություններ է կառուցել, երազում տեսել էր, որ պետք է տաճար կառուցի այն օրը, երբ ամսաթիվը կազմված լինի կենտ թվերից: 1357 թվականի յոթերորդ ամսվա (հուլիսի) իննին ժամը 5:03-ին կառուցվեց սուրբ Վիտայի տաճարը: Այստեղ՝ յոթ կողպեքի տակ պահված են թագավորական գահը եւ թագը: Կողպեքների բանալիները բաժանված են երկրի բարձրաստիճան այրերի միջեւ: Նրանք բոլորը մի տեղ են հավաքվում 8-10 տարին մեկ, եւ այդ ժամանակ յոթ սափֆիրներով եւ այլ թանկարժեք քարերով թագն ու գահը հանվում են ու ցուցադրվում ժողովրդին: Ասում են՝ թագն ավելի թանկ արժե, քան ամբողջ տաճարը: Իսկ տաճարը, հավատացե՛ք, հրաշք է: Երկրի նախագահի նստավայր (որը գտնվում է հրաշագեղ շենքում) այցելելը արգելված չէ: Այստեղ միշտ բազմաթիվ զբոսաշրջիկներ կան, իսկ երբ նախագահն այցելում է, զբոսաշրջիկներին եւ լրագրողներին ոչ ոք չի հեռացնում, շրջափակում, առավել եւս՝ ծեծում: Փողը Դոլարը Պրահայում այլեւս հարգի չէ՝ կամ ազգային չեխական կրոն, կամ՝ եվրո: Ճիշտ է՝ դրամի փոխարժեքի կետերում դոլարը կփոխանակեն: Մեկ չեխական կրոնն արժե 22-24 դոլար: Փող փոխանակելու համար «չենջերում» տոկոս է գանձվում: Շատ տարածված է փոխանակելու ընթացքում մարդկանց խաբելը՝ հենց այդ տոկոսների հաշվին: Ամենաձեռնտուն է արաբների մոտ փող փոխանակելը: Համարվում է, որ Պրահայի կյանքը, մնացած եվրոպական երկրների համեմատ, թանկ չէ: Մարդիկ Նրանք, ինչպես արդեն ասացի, բարեհամբույր են եւ կենսուրախ: Քառասունն անց չեխերը հիմնականում տիրապետում են ռուսերեն, երիտասարդները՝ անգլերեն լեզուներին: Չեխերը կարող են կյանք վայելել: Ընդմիջման ժամերին բոլորը նստում են այգիներում եւ հաց ուտում: Նրանց մոտ ընդունված չէ տանը հավաքվել, խորոված անել: Բոլոր տոնախմբությունները նշվում են ռեստորաններում: Երեկոյան ժամը ութից հետո ռեստորաններում հերթեր են շարվում: Ռեստորաններ մարդիկ այցելում են ոչ թե կուշտ ուտելու եւ կեսժամանոց կենացներ ասելով՝ շողոքորթելու համար, այլ այնտեղ հանգստանում են, գարեջուր խմում եւ երգում: Աշխատանքից հետո գարեջուր խմելը պարտադիր է չեխ տղամարդկանց համար: Որոշ ռեստորանների սրահներում շրջում են շարքային Շվեյկի հագուստով տուբա եւ ակորդեոն նվագողներ: Գարեջուրը նրանք խմում են մեծ քանակությամբ՝ ամբողջ ընտանիքով կամ ընկերներով: Չեխական գարեջուրը գովելն անիմաստ է՝ այն իրոք շատ համեղ է, անբացատրելի համեղ, թույլ եւ թեթեւ՝ չորս տոկոս: Բացի իրենց դասական «թափանցիկ» գարեջրերից, գոյություն ունի նաեւ մուգ գարեջուր (որը համարվում է կանացի), եւ որոշ ռեստորաններում կարելի է փորձել բանանի եւ այլ մրգային համերով գարեջրեր: Չեխերը գարեջուր են խմում բոլոր ազգերից շատ: Տարեկան նրանք օգտագործում են մոտ 160 լիտր գարեջուր՝ վիճակագրությունը հաշվի է առնում ծերերին եւ երեխաներին: Չեխական խոհանոցն այնքան էլ հարուստ եւ համեղ չէ: Հաց քիչ են ուտում, իսկ հացի փոխարեն օգտագործում են կնեդլիկներ՝ բոհեմական ուտեստ՝ հացից եւ կարտոֆիլի ալյուրից պատրաստված, որոնք դրվում են զանազան սոուսներով լի ցանկացած ուտեստի մեջ: Եվ այս ամենը հաշվի առնելով, չեխերի եւ հատկապես՝ չեխուհիների մեջ չես հանդիպի գիրացած-ծանրացածների: Նրանց կանայք սպորտային են եւ մեծ մասամբ՝ գեղեցիկ: Ծխողների էլ քիչ կհանդիպես: Ծխողները հիմնականում արտասահմանցի են: Իսկ արտասահմանից եկած զբոսաշրջիկներն այս քաղաքում շատ-շատ են: Այս տարի Ռուսաստանից Պրահա փախստականների նոր հոսք եղավ՝ Խոդարկովսկու գործի հետ կապված: Իսկ փախստականին բավական է ապացուցել, որ իր պետությունը կարող է հետապնդել իրեն, եւ նրան քաղաքական ապաստան կտան: Իսկ ավելի մոտ երկրներից (օրինակ, Գերմանիայից) եկած զբոսաշրջիկները Պրահա են գալիս հանգստյան օրերին՝ իրենց երկրին նվիրված փառատոն անցկացնելու, որն, իհարկե, գարեջրի տոնի է վերածվում: Եվ այսքանը չեխերին բավական է երջանիկ լինելու եւ զբոսաշրջիկներին անհոգ տրամադրություն հաղորդելու համար: Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ