Ադրբեջանն ունի ազգային փոքրամասնությունների խնդիրնե՞ր Թալիշագիտական համաժողովը սկսվեց Երեկ Ծաղկաձորում մեկնարկեց Թալիշագիտական առաջին միջազգային համաժողովը, որը կտեւի երեք օր: Կազմակերպիչներն են ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը եւ Երեւանում գտնվող Իրանագիտական կովկասյան կենտրոնը՝ «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի աջակցությամբ: Համաժողովին մասնակցում են պատվիրակներ Իրանի Իսլամական Հանրապետությունից (11 հոգանոց բարձրաստիճան գիտաշխատողներ), Վրաստանից, Ադրբեջանից: Պատվիրակներ էին հրավիրված նաեւ ԱՄՆ-ից եւ մի քանի եվրոպական երկրներից, որոնք համենայնդեպս համաժողովի առաջին օրը չէին ժամանել: Համաժողովի ժամանակ կքննարկվեն թալիշ ժողովրդի լեզվին, պատմությանը, մշակույթին, քաղաքական իրավիճակին վերաբերող եւ այլ հարցեր: Նախատեսվում է, որ այս համաժողովի արդյունքում կկազմավորվի Միջազգային թալիշագիտական ընկերակցություն, որը կկոորդինացնի թալիշագիտական ուսումնասիրությունները թե տարածաշրջանում, թե աշխարհում: Թալիշ ժողովուրդը Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենախոշոր էթնոսներից է: Ներառյալ նաեւ Իրանում գտնվող Հարավային Թալիշստանը՝ մոտ երեք միլիոնանոց մի ժողովուրդ, որը մինչ օրս զրկված է եղել պետությունից եւ պետականությունից: Մասնագետների հավաստմամբ, սակայն, թալիշները իրենց մշակութային պոտենցիալով հսկայական ավանդ ունեն տարածաշրջանի մշակութային, քաղաքական, պատմական զարգացումներում: «Քաղաքական հարցեր այն իմաստով, ինչ որ հասկանում են Ադրբեջանում, համաժողովի ընթացքում չեն քննարկվի, սակայն կլինեն զեկույցներ՝ թալիշների իրավիճակն Ադրբեջանում թեմայի շուրջ»,- ի պատասխան լրագրողների հարցի՝ ասաց համաժողովի կազմկոմիտեի նախագահ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, Իրանագիտական կովկասյան կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանը: Հնարավոր է, որ այդ առիթով դիմում կամ բանաձեւ էլ ընդունվի: Ըստ պարոն Ասատրյանի, Ադրբեջանի հարավ-արեւելյան շրջանն ընդգրկող Թալիշի շրջանը առավել քիչ զարգացած եւ տնտեսապես ու սոցիալապես առավել ծանր վիճակում գտնվող շրջաններից է: Բացի այդ, գոյություն ունեն բազում հարցեր, որոնք պայմանավորված են տարածաշրջանի բնակչության էթնիկական պատկանելությամբ: «Ադրբեջանի իշխանությունները շահագրգիռ չեն եղել այդ տարածաշրջանի զարգացմամբ եւ այսօր էլ շահագրգիռ չեն»,- արձանագրում է մեր զրուցակիցը: «Արդյոք միջազգային հանրությունը չի՞ դատապարտում պաշտոնական Ադրբեջանի նման պահվածքը, մանավանդ, որ այդ երկիրը ԵԽ անդամ է»,- «Ռեգնում» գործակալության լրագրողի հարցին պարոն Ասատրյանն արձագանքեց. «Շատ բաներ են տեղի ունենում, որոնք համաշխարհային հանրությունը չի դատապարտում: Դա չափանիշ չէ՝ եթե դատապարտում են, գոյություն ունի, եթե՝ ոչ, ուրեմն նման բան չկա»: Այս ամենի արդյունքում մեր զրուցակիցն արձանագրում է, որ Ադրբեջանում գոյություն ունի ազգային փոքրամասնությունների խնդիր՝ «Ոչ միայն թալիշներն են, այլեւ լեզգիները, փարսերը, որոնց նվիրված մենք առաջիկայում եւս կունենանք նմանօրինակ կոնֆերանսներ»: Ի պատասխան «Առավոտի» հարցին՝ պարոն Ասատրյանը նկատեց, որ համաժողովի գումարումը Երեւանում բնավ էլ պատահական չէ՝ «Դա պայմանավորված է այն հսկա իրանագիտական եւ արեւելագիտական բազայով ու կադրային համակարգով, որ մենք այսօր ունենք»: Իսկ այս հավաքը կարո՞ղ է դիտարկվել իբրեւ ընդդեմ Ադրբեջանի: «Ոչ միայն կարող է, այլեւ դիտարկվել է, բայց նմանօրինակ նպատակ կազմակերպիչները չեն ունեցել»,- պարզաբանում է պրոֆեսոր Ասատրյանը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ