ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ, ԵՐԿՈՒ ՔԱՅԼ ԵՏ Ինչպես են պարելու պատգամավորները Մայիսի 28-ին միասնության շուրջպարին պատրաստվում են նաեւ ազգային երեսփոխանները: «Առավոտը» փորձեց հարցերի միջոցով պարզել, թե շուրջպարին պատգամավորներից ովքեր են մասնակցելու, ովքեր են պարելու գործում պրոֆեսիոնալ, ովքեր են սիրողական մակարդակի եւ արդյո՞ք պատգամավորների պարին որեւէ բան չի խանգարում: Իր պարային հմտությունների մասին բավականին բարձր կարծիքի է ՕԵԿ-ը. այս խմբակցության պատգամավորներն այնքան են ոգեւորված շուրջպարի գաղափարով եւ այնպես են փառաբանում, որ կողքից նայողին կարող է թվալ, թե ուզում են «իրենցով» անել գլխավոր դատախազի գաղափարը: Սամվել Բալասանյանը չթաքցրեց, որ իրենց կուսակցությունում կան նաեւ հազարապետեր (մարդիկ, որոնք Արագածի փեշերի մոտ կբերեն 1000 հոգի). «Ամբողջ կուսակցությունով որոշում ենք կայացրել, մենք պաշտպանում ենք շուրջպարը, եւ մեր բոլոր մասնաճյուղերը մասնակցելու են բոլոր տեղերում: Մենք ունենք նույնիսկ հազարապետ: Գտնում ենք, որ սա հայ ազգի համար միավորվելու, համախմբվելու քայլ է: Այն պետք է գրվի Գինեսի ռեկորդների գրքում, եւ մենք փորձ ենք անելու դրանով համախմբվել»: Իսկ ՕԵԿ-ը պարել գիտի՞, ովքե՞ր են այս ուժի պարուսույցները. մեր այս հետաքրքրասիրությանն ի պատասխան՝ Սամվել Բալասանյանը նկատեց. «Մենք էնքան լուրջ պարողներ ենք, որ «Քոչարին» էլ գիտենք, ամեն պար էլ գիտենք, խնդիր չկա»: Իսկ եթե կարիք լինի պարել ոչ թե «Քոչարի» այլ՝ «Բերդ» պար, որտե՞ղ կկանգնեն ՕԵԿ-ականները՝ վերեւո՞ւմ, թե՞ ներքեւում: Այս հարցի առթիվ կուսակցությունում դեռ չեն կողմնորոշվել: Արշակ Սադոյանը պարելու չի գնա երկու պատճառով: Նախ, նա չի կարծում, թե՝ «Ամեն խաղ խաղացել էինք, մնացել էր շուրջպարը»: Ենթադրվում էր, որ ասվածին կհաջորդի որեւէ քաղաքական հայտարարություն ծրագրային պետության վերաբերյալ, բայց պարզվեց՝ պարելու չգնալը ոչ թե քաղաքական, այլ վնասվածքաբանական պատճառներ ունի. «Իհարկե, հնարավորություն էլ չունեմ գնալու, ոտքս այնքան լավ վիճակի մեջ չէ: Երկրորդն էլ, ես չեմ կարծում, որ ՀՀ-ի համար առաջին խնդիրը շուրջպար բռնելն է»: Լոռեցի պատգամավոր Համլետ Թամազյանը հարցն ընդհանրապես անլրջացրեց եւ ասաց, որ ինքն այդ օրը իր հայրենիքում է լինելու. «Ես ձորերում եմ լինելու եւ պպզելու եմ մեր ձորերում»: Մկրտիչ Մինասյանը հարցը անմիջապես լրջացրեց եւ ասաց, որ պարելը շատ կարեւոր գործ է. «Ես որեւէ վատ բան չեմ տեսնում դրա մեջ»: Իսկ Վլադիմիր Բադալյանը նկատեց, որ կյանքում կարեւորն այն է, «երբ դու ես պարում եւ ոչ թե քեզ են պարացնում»: Հակոբ Հակոբյանը (Վարդենիս) եւս միանալու է պարողներին. «Միանում եմ ակցիային, կարծում եմ՝ շատ կարեւոր ակցիա է: Դատախազը եւ պարը, այդ կարգի արտահայտությունները թողնենք եւ հասկանանք, որ կա արարողություն, որին մասնակցում է դատախազը»: Վիկտոր Դալլաքյանը չուզեց շուրջպարի մասին բացասական բաներ ասել, «քանի որ ժողովուրդ է հավաքվելու: Բայց տամ հռետորական հարց՝ շուրջպարի մասնակիցներն իրենց կամքո՞վ են այդ պարին մասնակցում, ակնհայտ է, որ շատերը պարտադրված են, քանի որ դրա գաղափարախոսը գլխավոր դատախազն է: Եվ հետո, այդ շուրջպարի մասնակիցները իրենց սոցիալական վիճակով իրո՞ք իրավահավասար են եւ կարո՞ղ են միասին պարել: Ես չեմ հավատում, որ զոհերն ու դահիճները կարող են միասնական լինել: Ազգային միասնության գաղափարը շատ վեհ գաղափար է, արժե՞ արդյոք այս կարգի միջոցառումներով այդ գաղափարը վարկաբեկել: Կարծում եմ, չարժեր»: ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանը պարելու չգնացողների փոքրամասնության մեջ է: Նրա ասելով, մայիսի 28-ը բոլորովին այլ խորհուրդ ունի. «Ես այդ օրը լինելու եմ անկախության բանակի մարտիկների, նրանց ընտանիքների հետ կազմակերպվող արարողություններին: Ամեն մեկս մեզ համար ենք այդ տոնը նշում»: Գուրգեն Արսենյանը մտահոգություն չունի, որ գլխավոր դատախազին դուր չի գա իր չմասնակցությունը: «Հիմա ձեզ պա՞րն է հետաքրքրում, թե՞ ինձ ու գլխավոր դատախազին իրար հագցնելը»: Մեզ պարն էր հետաքրքրում: Պատգամավոր Մանուկ Գասպարյանը առայժմ չի «հերթագրվել», բայց անպայման մասնակցելու է պարին եւ մասնակցելու է տնով-տեղով: Իսկ պարի հետ պարոն Գասպարյանը խնդիր չունի. «Հայկական լավ չեմ պարում, եվրոպական ավելի լավ եմ պարում, բայց՝ կպարեմ, ավելի շուտ՝ կմիանամ»: Իսկ շուրջպարի գաղափարի մասին նա հետեւյալ կարծիքին է. «Միջոցառում է, որի շնորհիվ էպիզոդիկ եւս մեկ անգամ կխոսեն մեր ժողովրդի մասին»: Մանուկ Գասպարյանին եւս հարցրինք՝ իրեն չի՞ անհանգստացնում, որ շուրջպարի հեղինակը գլխավոր դատախազն է. «Պատկերացրեք, որ կազմակերպիչները մի 50-60 հոգի են, ինքը ոնց որ թե կոորդինատոր է»: Պարելու է նաեւ Հրանուշ Հակոբյանը, որը չթաքցրեց. «Ես պարել չգիտեմ, բայց կազմակերպել գիտեմ: Ես տանելու եմ մոտավորապես հազար հոգի, երիտասարդական խորհրդարանը, կանանց կազմակերպությունը, որ ես ղեկավարում եմ եւ Քյավառի իմ ընտրողներինը: Եթե մարդիկ ուզում են, ես պարտավոր եմ կազմակերպել եւ գտնում եմ, եթե բոլորը գնում են, ինչո՞ւ պետք է ես չգնամ: Բոլորն ասում են, որ դա միասնության շուրջպար է, ես կասեի, որ դա նաեւ պատմական է, առաջին անգամ է, կասեի, նաեւ միջոց է, որով աշխարհի ուշադրությունն ենք ուզում գրավել եւ, ինչու չէ, ունենք հարեւաններ, որոնք այս պարից էլ պետք է վախենան: Սա ցույց է տալու մեր ուժը, որ մենք կարող ենք մեկ կոչով 200 հազար մարդ հավաքել»: Որպես ազնիվ քյավառցի, տիկին Հակոբյանը առաջարկում է մի տասը տարի հետո, երբ Սեւանի մակարդակը կբարձրանա 5-6 մետրով, իշխանը եւ սիգը կաճեն, կազմակերպել Սեւանի տոն եւ պարել Սեւանի շուրջը, իսկ դրանից հետո՝ «պարել Մասիս լեռան լանջին»: Գալուստ Սահակյանի պատասխանը արդեն վաղուց թեւավոր խոսքի նշանակություն ունի՝ «Ես չեմ պարում, պարացնում եմ», սակայն եւս միանալու է շուրջպարին. «Մասնակցելու ենք ու պարելով գնալու ենք դեպի Հայկական բարձրավանդակ: Դրա խորհուրդն էլ պար բռնելը չի, միասին լինելն է, ցանկացած պարագայում կարելի է միասին լինել, եթե խելքներս գլուխներս հավաքենք»: Այս օրերին շուրջպարի կազմկոմիտեի ղեկավարներից պատգամավոր Լյովա Խաչատրյանը պատգամավորներին հենց ԱԺ կարմիր ֆոյեում բացատրում էր, որ պարելն առանձնապես մեծ խելք չի պահանջում. «Ըհը, ձեռքերը բռնում եք, ու գնաց՝ մեկ-երկու, մեկ-երկու, մի քայլ առաջ, մի քայլ ետ, էս ա եղածը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ