Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՀՈԼԱՆԴԱՑԻ ՄԱՍՆԱԳԵՏ

Մայիս 21,2005 00:00

Երեկ
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մարզական լրագրողներին հրավիրել էր ֆեդերացիա՝ ներկայացնելու
ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» նորանշանակ գլխավոր
մարզչին: «Այս նշանակմանը բոլորը երկար սպասեցին,- ասաց նա,- սակայն դա էլ
իր դրական նշանակությունն ունի, քանի որ մենք չէինք ուզում հապճեպ որոշում կայացնել:
Երկար ուսումնասիրություններից ու բանակցություններից հետո ես ուզում եմ ձեզ ներկայացնել
հոլանդացի 48-ամյա Հենկ Վիսմանին: Նրա հետ պայմանագիրը կնքել ենք յոթ ամսով՝ մինչեւ
դեկտեմբերի վերջ, ավելացրած երկու տարի: Նա միեւնույն ժամանակ կոորդինացնելու է մեր
մանկապատանեկան ֆուտբոլը: Շնորհավորում եմ բոլորիս եւ մարզչին մաղթում ֆուտբոլային
հաջողություններ»: Այնուհետեւ Վիսմանը լրագրողների առաջարկով հակիրճ ներկայացրեց
իր մարզական կենսագրությունը: Նա ութ տարի խաղացել է «Այաքսի»՝ մինչեւ 16, 17, 18
տարեկանների պատանեկան թիմերում, Հոլանդիայում որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ հանդես
եկել մոտ հինգ տարի: Դրանից հետո անցել է մարզչական աշխատանքի եւ այժմ արդեն 25 տարվա
աշխատանքային փորձ ունի: Որպես երիտասարդ մարզիչ աշխատել է սիրողական բարձր լիգայում՝
իր մարզած թիմերով յոթ անգամ դառնալով չեմպիոն: Մարզչական գիտելիքները հարստացրել
է «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Հերենվենում»: Նիդեռլանդների «Հոլենդամը» երկու տարի
մարզելուց հետո Վիսմանը երրորդ տարում այդ ակումբը առաջին լիգայից բարձրացրել է բարձրագույն
խումբ: Հետո ստանձնել է «Դեմբոշ» թիմը, որտեղից հեռացել է մեկ տարի հետո: Եվ ստանալով
ՀՖՖ նախագահի հրավերը՝ հիմա այստեղ է: «Անշուշտ, կփորձենք անել հնարավորինը ներքին
առաջնությունում՝ «Փյունիկի», ինչպես նաեւ ազգային հավաքականի հաջողությունների,
հնարավոր առավելագույն ցուցանիշների հասնելու համար»,- ասաց Հենկ Վիսմանը: Խոսելով
հայ ֆուտբոլիստների մասին՝ մարզիչն ասաց, որ նրանք տեխնիկապես հմուտ են, սակայն չափից
շատ են պաշտպանական ոճի ֆուտբոլ խաղում: Նրա կարծիքով՝ նախապատվությունը պետք է տալ
մամլիչ պաշտպանությանը: Ֆուտբոլիստները պետք է մի բան լավ հասկանան. ֆուտբոլը թիմային
խաղ է, առանց թիմի հաջողության չես հասնի: Այն հարցին, թե նորանշանակ այս
մարզիչն արդյո՞ք այն մասնագետն է, որի մասին ակնարկվում էր շուրջ երեք ամիս, Ռ. Հայրապետյանը
պատասխանեց. «Ոչ, նա այդ մասնագետը չի: Այս ընթացքում եղան մարդիկ, ովքեր երեւակայությանը
հագուրդ տալով հայտարարություններ արեցին՝ խանգարելով ինձ»: «Առավոտը» հետաքրքրվեց.
«Հավաքականի նախորդ արտասահմանցի մարզիչները երկու հոգով էին ժամանում Հայաստան:
Պարոն Վիսմանը միայնա՞կ է աշխատելու: «Ես մի հոլանդացի օգնական եմ ունենալու, բայց
այս պահին «Փյունիկում» իմ օգնականը լինելու է Վարդան Մինասյանը»,- պատասանեց Հենկ
Վիսմանը: Իսկ Ռուբեն Հայրապետյանն ավելացրեց. «Մենք արդեն պայմանավորվել ենք, որ
մարզիչը գնա իր ասիստենտին բերելու: Նրա հետ էլ ենք բանակցելու, պայմանները ճշտելու:
Եթե համաձայնության եկանք, կմնա ու օգտակար կլինի: Բայց ուզում եմ նաեւ ավելացնել,
որ ես լուրջ ծրագրեր ունեմ: Հավաքականի առաջիկա երկու խաղերից հետո, հնարավոր է,
պատանիների հետ աշխատող մի քանի արտասահմանցի մարզիչներ էլ բերենք, որպեսզի ամեն
մի դպրոցում գոնե մեկից-երեք մարզիչ ունենանք»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել