Մերօրյա
իր գրչակիցների մասին ըստ էության նման կարծիք հայտնեց ՀԳՄ գործող նախագահ Լ. Անանյանը
Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) 14-րդ համագումարի առաջին օրն անցավ առանց
անակնկալների: Ինչպես սովորաբար լինում է նման միջոցառումների ժամանակ, ընթերցվեցին
բազմաթիվ ուղերձներ՝ հերթապահ ձեւակերպումներով: Թեեւ դրանց հեղինակները որոշ հետաքրքիր
«բացահայտումներ» էին արել: Օրինակ, ՀՀ նախագահի ուղերձում ասվում էր, որ «հայ գրականությունը
ավելին է, քան մշակույթի մի ճյուղ», իսկ վարչապետի ուղերձում՝ «հայ գրականությունն
այլեւս իրողություն է» (հավանաբար, վերջերս է այդպիսին դարձել): Ամենաուշագրավը մշակույթի
նախարար Հովիկ Հովեյանի մաղթանքն էր՝ ուղղված գրչակիցներին. շարունակել հայ գրերի
ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ավանդույթները: ՀԳՄ գործող նախագահ, նախագահի թեկնածու
Լեւոն Անանյանը թեեւ 158 էջանոց գրքույկ էր հրատարակել՝ միության 2001-05 թթ. գործունեությունը
ներկայացնող, սակայն ընդհանուր գծերով բանավոր շարադրեց արվածը: Անդրադարձ եղավ նաեւ
գրական չափանիշներին ու միջակություններին: «Դրանք հավերժական թեմաներ են, որոնք
ուղեկցում են մեզ բոլոր համագումարներին: Բոլորս պետք է մեկընդմիշտ արձանագրեինք
մի կարեւոր ճշմարտություն՝ Հայաստանի գրողների միությունը Հայաստանի կլասիկների միություն
չէ: ՀԳՄ-ն ընդգրկում է 350 անդամ: 350-ն էլ տարբեր օժտվածության, տարբեր տաղանդի
ու բարոյականության տեր մարդիկ են, եւ մեր խնդիրն է բոլորին համարել նույն ընտանիքի
կարեւոր անդամը: Եվ եթե ոմանք հաճախ ասում են, թե միությունում ընդամենը 10-15 գրող
կա, մյուսները միջակություններ են, ուրեմն հենց իրենք են միջակություն… Կարծում
եմ, ՀԳՄ նորընտիր ղեկավարությունը այսուհետեւ ավելի խիստ ու հետեւողական պետք է լինի
այդ ոչ գրական ավանտյուրիստների հարձակումների նկատմամբ, որոնց պատճառով ամեն անգամ
կորուստներ ենք ունենում, իսկ արված աշխատանքը հավասարվում է զրոյի»,- նեղսրտեց պարոն
Անանյանը: Լրագրողների հարցին, թե ինչու է ինքը նախագահի միակ թեկնածուն, եւ մի՞թե
այլ արժանավոր գրողներ չկան Հայաստանի գրողների միությունում, ՀԳՄ գործող նախագահը
պատասխանեց. «Լեւոն Անանյանը ոչ մի ջանք չի թափել, որպեսզի ինքը լինի միակը: Այն
կանխատեսումը, թե ես միակ թեկնածուն եմ, այնքան էլ արդարացված չէ, որովհետեւ գրողների
համայնքը անկանխատեսելի է»: Հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանին զայրացնում
էր այն հանգամանքը, որ ավելացել են բարձրահունչ պաշտոնները. «Նայում ես աջուձախ,
բոլորը նախագահներ են: Ես ոչ թե դեմ եմ պաշտոնին, այլ ձեւամոլությանը, գործ անող
մարդու համար կարեւոր չէ, թե ինչպես է կոչվում իր պաշտոնը, որովհետեւ նա ժամանակ
էլ չունի դրա համար»: Հետաքրքրվեցինք՝ Ալ. Թոփչյանը ո՞ւմ կուզենար տեսնել
ՀԳՄ նախագահի պաշտոնում: «Արդեն կա նախագահ, լավ կլինի, որ նա էլ շարունակի սկսած
գործը: Ինձ հայտնի այն անունները, ովքեր ձգտում են դառնալ նախագահ, եթե ստանան այդ
պաշտոնը, Գրողների միությունը հաստատ կդառնա թալանի ու անբարոյականության որջ: Այստեղ
անկարելի է անթերի աշխատել: Ես բարեբախտություն թե դժբախտություն եմ ունեցել 45 տարի
հետեւելու ՀԳՄ նախագահների ու քարտուղարների աշխատանքներին, ուստի գիտեմ, որ Հիսուս
Քրիստոսն էլ գա, կխաչեն էստեղ: Ամեն մեկը գտնում է, որ ինքը Նարեկացուց բարձր է,
բոլոր մրցանակները պիտի իրեն տան, բոլոր դափնիները իր գլխին դնեն: Ոչ մեկը չունի
տարրական ինքնաքննադատություն»: Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի կարծիքով, ՀԳՄ
նախագահ պիտի լինի ոչ թե լավագույն գրողը, այլ ամենապարկեշտ մարդը գրական շրջապատում.
«Իսկ Լեւոն Անանյանն ինձ համար այդպիսին է»: Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը
գոհ էր ՀԳՄ համագումարում տիրող մթնոլորտից. «Սա մի պատեհ առիթ է բոլոր սիրելի մարդկանց
հետ նույն տեղում հանդիպելու… Ես մինչեւ փոխնախարար դառնալս էլ ասել եմ՝ ամենամեծ
մշակույթը մարդկային շփումն է, իսկ համագումարում հիմա նորմալ մթնոլորտ է տիրում:
Տա Աստված, որ այն պահպանվի ու շարունակի մինչեւ հաջորդ համագումար»: Գրականագետ
Ալմաստ Զաքարյանն էլ երանությամբ էր հիշում Վանո Սիրադեղյանին եւ լուսահոգի Հրանտ
Մաթեւոսյանին. «Եթե նրանք չլինեին, Ծաղկաձորի գրողների տանը տիրացած կլինեին մտավորական
մագնատները»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՀ. Գ. ՀԳՄ
համագումարն աշխատանքը կշարունակի նաեւ այսօր: Նախագահի ընտրություններն առջեւում
են, եւ հնարավոր թեկնածուները դեռ «կբացահայտվեն»: