Խոսքը վերաբերում է այն կիսակառույցներին, որոնք քանդման ենթակա են
Վերջերս կառավարության որոշման համաձայն, Գյումրիի տարածքում գտնվող բոլոր կիսակառույց շենքերը, թվով մոտ 800, մարզպետարանի հաշվեկշռից անցել են քաղաքապետարանին: Սակայն ինչպես «Առավոտին» դժգոհեց քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Հրայր Կարապետյանը, դրանց մեծ մասը «ահավոր թալանված է ու քանդման ենթակա»: Նույնիսկ քաղաքապետարանը հարկադրված է չընդունել որոշակի օբյեկտներ՝ այսպիսով հրաժարվելով կառավարական նվերից: Հրայր Կարապետյանի համոզմամբ, Գյումրիի կիսակառույցները միշտ էլ եղել են յուրատեսակ «աշխատատեղ» ընչազուրկ մասսայի համար եւ յուրաքանչյուրի վրա մինչ օրս «աշխատում» են առնվազն հարյուր մարդ՝ իմիջիայլոց բրիգադի «զակոննի» ղեկավարով ու տնօրենով: Նրանք հասցրել են արդեն «քջջել» ամրանները՝ թողնելով շենքի «դիակը»: Այդ դեպքում մարզպետարանն ինչո՞վ էր զբաղված: Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը այս հարցում նույնիսկ մարզպետարանի մեղքը չի տեսնում, նրա ասելով՝ շինությունները վերահսկելու համար անհրաժեշտ էր առնվազն «հսկա զորք ունենալ»: Իսկ թալանված շենքերը քաղաքապետարանն ի՞նչ է անելու, հատկապես որ դրանցից շատերը գտնվում են Գյումրիի ծայրամասային թաղամասերում: Հիշեցնենք, որ քաղաքից կտրված լինելու պատճառով նույնիսկ բնակիչներն են «կրակն ընկել» իրենց քիչ թե շատ նորմալ տների ձեռքը: Չնայած դրան, արդեն որոշակի պահանջարկ կա, Հրայր Կարապետյանի տեղեկացնելով, մի խումբ անօթեւաններ ցանկություն են հայտնել գնել ամենամեծ թաղամասերից մեկի՝ Անիի կիսակառույցները: Օգտագործելի են նաեւ Մուշ 2-ի հիմքերը: Բնականաբար, անօթեւաններն այսպիսի քայլի դիմում են «ճար ու հնար չունենալու», կառավարությունից հույսները կտրելու պատճառով: Մեր հարցին, թե կառավարությունը, որը վերջերս գումարներ էր նախատեսել գյուղական համայնքների կիսակառույցների վերանորոգման համար, Գյումրիին ինչո՞ւ ուշադրություն չի դարձրել, քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետի կարծիքով, կառավարության վրա, բնականաբար, տասնապատիկ ավելի էժան է նստում կենտրոնական մասում նոր շենքեր կառուցելը, քան անձրեւից, ձնից քայքայված, կոմունիկացիաներից զուրկ, ալան-թալանի ենթարկված շենքերը «խելքի բերելը»: Անգամ «Լինսի» հիմնադրամն է կտրականապես հրաժարվել այս ցանկի մեջ ընդգրկված որոշակի շենքերի վերանորոգումից:
Քաղաքապետարանի պաշտոնյայի ասելով, կիսակառույցների վաճառքից ստացված գումարները կուղղվեն քաղաքապետարանի շենքի կառուցմանը: Թեեւ, ըստ նրա, կառավարության նպատակը շենքերի թալանը կասեցնելն է : Ակնհայտ է, որ հայրենի կառավարությունն այս հարցում եւս շատ ու շատ է ուշացել:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ