Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻ ԿՅԱՆՔԸ»

Մայիս 21,2005 00:00

«Չեխական
ավիաուղիների» հայաստանյան ներկայացուցչությունը մի խումբ լրագրողների մայիսի 12-15-ը
հնարավորություն էր ընձեռել Պրահա այցելել Երեւան-Պրահա-Երեւան ուղիղ չվերթով: Երեւան-Պրահա-Երեւան
տոմսի արժեքը սկսում է 500 դոլարից: Այս չվերթը իրականացվում է շաբաթը երեք անգամ:
Մենք թռանք Airbus A320 օդանավով: Այն չափազանց հարմարավետ է: Չեխերի հյուրասեր
եւ ժպտերես լինելու մասին կարելի էր եզրակացության հանգել արդեն իսկ օդանավում, երբ
ուղեկցորդուհիները ուղեւորներին սպասարկելիս անընդհատ ժպտում էին եւ օգնում ցանկացած
հարցում: Օդանավում մի քանի րոպե անց ուղեւորներին արդեն առաջարկվեցին ալկոհոլային
եւ, ոչ միայն, խմիչքների լայն տեսականի: Այնուհետեւ՝ կերակուր: Մոտ չորս ժամ տեւողությամբ
թռիչքի ընթացքում չձանձրանալու համար օդանավում՝ ամեն շարքի գլխավերեւում, տեղակայված
էին հեռուստացույցներ: Եվ ընդհանրապես՝ թռիչքից միայն հաճույք ես ստանում: Ինչպես
համոզվեցինք արդեն Պրահայում, «Չեխական ավիաուղիները» հզոր կազմակերպություն է: Այն
զբաղեցնում է Պրահայի օդանավակայանի մոտակայքում գտնվող ահռելի մի շենք: «Չեխական
ավիաուղիները» հիմնվել է 1923 թվականի հոկտեմբերի 6-ին, եւ առաջին չվերթն իրականացվել
է նույն թվի հոկտեմբերի 23-ին՝ դեպի Բրատիսլավա: «Չեխական ավիաուղիները» ունի 48
օդանավ, իսկ վերջերս ձեռք են բերել եւս տասը: Դրանք թռիչքներ են իրականացնում 77
ուղղությամբ՝ 4 մայրցամաք՝ Եվրոպա, Ամերիկա, Ասիա եւ Աֆրիկա: 2004 թվականը նրանց
համար ռեկորդային էր՝ «Չեխական ավիաուղիները» տեղափոխել է 4,4 միլիոն ուղեւոր: Իսկ
ամենածանրաբեռնված ուղիներն են դեպի Փարիզ, Լոնդոն, Ամստերդամ, Ֆրանկֆուրտ, Մադրիդ,
Մոսկվա եւ այլն: Միայն մեկ օրվա ընթացքում այս ընկերությունը իրականացնում է յոթ
չվերթ դեպի Լոնդոն: Սակայն սրանցով «Չեխական ավիաուղիները» չի սահմանափակվում, եւ
շարունակում են նոր ուղիներ բացել՝ օրինակ, դեպի Կուբա, Բրազիլիա: 2001 թվականին
«Չեխական ավիաուղիները» ստեղծեց Sky Team, այսինքն՝ աշխատում է ութ տարբեր երկրների
ավիաընկերությունների հետ, ինչպիսիք են՝ «KLM»-ը, «AIR FRANCE»-ը, «Aero- Mexico»-ն
եւ այլն: 2004-ին լոնդոնյան Official Airline Guide-ը «Չեխական ավիաուղիները»
ճանաչել է լավագույն ավիաընկերություն: Պրահայի
օդանավակայանը Օդանավակայանում այնպիսի հանգիստ եւ կարգուկանոն էր տիրում,
որ կարելի էր մտածել, թե բոլորը գնացել են ընդմիջման ու փակել այն: Այստեղ ամեն ինչ
արված է ուղեւորների հարմարավետության համար: Ճիշտ է, այստեղ, ինչպես նաեւ բոլոր
երկրների օդանավակայաններում (չհաշված անմաքս խանութները), ամեն ինչ թանկ է, սակայն
կարող ես գտնել ցանկացած անհրաժեշտ բան: Օդանավակայանի դիմաց «Տաշիր» հանրախանութը
հիշեցնող չորսհարկանի մի շինություն կա. դա ավտոկանգառ է: Բոլոր չորս հարկերում կանգնում
են օդանավակայան այցելած մեքենաները: Ի դեպ, Պրահայում շատ խիստ են մեքենա կանգնեցնելու
կանոնները: Քաղաքում չես տեսնի փողոցի առաջին երկու գիծը զբաղեցնող կանգնած ավտոմեքենաներ:
Մեքենաների կանգառը թույլատրվում է միայն մի քանի րոպեով: Եթե ոստիկանությունը տեսնի
կանգնած մեքենա առանց վարորդի, մեքենան անմիջապես «պլաշչադկա» կտարվի: Ավտոկանգառի
համար անհրաժեշտ է համապատասխան փաստաթուղթ ունենալ՝ տվյալ շենքում բնակվելու կամ
աշխատելու մասին: Օդանավակայանի մոտակայքում են գտնվում նաեւ մաթեմատիկական
ճշգրտությամբ աշխատող կարգո տերմինալը եւ օդաչուներ ու ուղեկցորդուհիներ պատրաստող
դպրոցը: Այստեղ սովորելու են գալիս տարբեր երկրներից: Չափազանց տպավորիչ էր ինքնաթիռի
իմիտատորը, որի ներսում ամեն ինչ սարքած է՝ ինչպես իսկական ինքնաթիռում, եւ այստեղ
են սովորում ու քննություն հանձնում ապագա օդաչուները: Քաղաքը
Պրահան ուրախ, գույնզգույն քաղաք է: Այստեղ ապրում է մոտ 1,2 միլիոն մարդ,
որոնք բոլորն էլ կենսուրախ են, ժպտերես եւ հյուրասեր: Պրահայի հյուրանոցներում
մի օրն արժե 30-50 եվրո՝ կախված գտնվելու տեղից եւ հյուրանոցի աստղերից: Քաղաքն այնքան
գեղեցիկ է, որ, բնական է, շատերը կցանկանան կենտրոնում բնակվել: Սակայն Պրահան մեծ
քաղաք չէ, եւ ցանկացած վայր հասնելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում: Տրանսպորտի
հարց լինել չի կարող: Մետրոն կա ու կա, իսկ տրամվայներն այստեղ աշխատում են գրաֆիկով.
եթե կանգառի ցուցանակի վրա գրված է, որ տրամվայը տվյալ կանգառում կլինի այսինչ ժամին,
ուրեմն՝ կլինի: Անտոմս երթեւեկողները տուգանվում են: Ի դեպ, տրամվայը տրանսպորտի
միակ տեսակն է, որը փողոցում հետիոտնին տեղ չի զիջում: Մնացածը՝ առանց աշխարհի հայհոյանքների,
դեռ ավելին՝ ժպտալով կսպասեն, որ հետիոտնը փողոցն անցնի: Սակայն դա չի նշանակում,
որ հետիոտները որտեղ պատահի՝ փողոց են անցնում: Ինչպես ասաց Պրահայի բնակիչներից
մեկը. «Քաղաքում կարգուկանոն է տիրում, եւ դրանից հեշտանում է բոլորի կյանքը»: Պրահան
անչափ գեղեցիկ քաղաք է՝ հասարակ բնակելի շենքն իրենից ճարտարապետական հուշարձան է
ներկայացնում: Դեռ 30-ականներին այստեղ արգելվել է բարձրահարկ շենքեր կառուցելը,
եւ գրեթե բոլոր շենքերը 4-5 հարկից ոչ բարձր են: Այստեղ կարելի է նկատել ոճերի խառնուրդ՝
մի շենքի մեջ կարող են բարոկոյի, ռոկոկոյի եւ գոթիկայի տարրեր լինել: Երկրորդ համաշխարհային
պատերազմից Պրահան գրեթե չի վնասվել՝ մեկ կամ երկու շենք է քանդվել: Չեխիայում կա
ութ օբյեկտ, որոնք պահպանվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Պրահայում կան հին կառույցներ,
որոնց հետ գեղեցիկ լեգենդներ են կապված: Օրինակ, Ձյունե Աստվածամոր տաճարը: Լեգենդի
համաձայն, ամռան շոգին Պրահայում ձյուն է տեղացել, եւ այստեղ որոշվեց եկեղեցի կառուցել:
Եկեղեցու բարձր գլանի տակ մինչ այսօր ձյան փաթիլներ են պտտվում: Իսկ Կառլ IV-ը, որը
Պրահայում շատ-շատ գեղեցիկ շինություններ է կառուցել, երազում տեսել էր, որ պետք
է տաճար կառուցի այն օրը, երբ ամսաթիվը կազմված լինի կենտ թվերից: 1357 թվականի յոթերորդ
ամսվա (հուլիսի) իննին ժամը 5:03-ին կառուցվեց սուրբ Վիտայի տաճարը: Այստեղ՝ յոթ
կողպեքի տակ պահված են թագավորական գահը եւ թագը: Կողպեքների բանալիները բաժանված
են երկրի բարձրաստիճան այրերի միջեւ: Նրանք բոլորը մի տեղ են հավաքվում 8-10 տարին
մեկ, եւ այդ ժամանակ յոթ սափֆիրներով եւ այլ թանկարժեք քարերով թագն ու գահը հանվում
են ու ցուցադրվում ժողովրդին: Ասում են՝ թագն ավելի թանկ արժե, քան ամբողջ տաճարը:
Իսկ տաճարը, հավատացե՛ք, հրաշք է: Երկրի նախագահի նստավայր (որը գտնվում է
հրաշագեղ շենքում) այցելելը արգելված չէ: Այստեղ միշտ բազմաթիվ զբոսաշրջիկներ կան,
իսկ երբ նախագահն այցելում է, զբոսաշրջիկներին եւ լրագրողներին ոչ ոք չի հեռացնում,
շրջափակում, առավել եւս՝ ծեծում: Փողը Դոլարը Պրահայում այլեւս հարգի
չէ՝ կամ ազգային չեխական կրոն, կամ՝ եվրո: Ճիշտ է՝ դրամի փոխարժեքի կետերում դոլարը
կփոխանակեն: Մեկ չեխական կրոնն արժե 22-24 դոլար: Փող փոխանակելու համար «չենջերում»
տոկոս է գանձվում: Շատ տարածված է փոխանակելու ընթացքում մարդկանց խաբելը՝ հենց այդ
տոկոսների հաշվին: Ամենաձեռնտուն է արաբների մոտ փող փոխանակելը: Համարվում է, որ
Պրահայի կյանքը, մնացած եվրոպական երկրների համեմատ, թանկ չէ: Մարդիկ Նրանք,
ինչպես արդեն ասացի, բարեհամբույր են եւ կենսուրախ: Քառասունն անց չեխերը հիմնականում
տիրապետում են ռուսերեն, երիտասարդները՝ անգլերեն լեզուներին: Չեխերը կարող
են կյանք վայելել: Ընդմիջման ժամերին բոլորը նստում են այգիներում եւ հաց ուտում:
Նրանց մոտ ընդունված չէ տանը հավաքվել, խորոված անել: Բոլոր տոնախմբությունները նշվում
են ռեստորաններում: Երեկոյան ժամը ութից հետո ռեստորաններում հերթեր են շարվում:
Ռեստորաններ մարդիկ այցելում են ոչ թե կուշտ ուտելու եւ կեսժամանոց կենացներ ասելով՝
շողոքորթելու համար, այլ այնտեղ հանգստանում են, գարեջուր խմում եւ երգում: Աշխատանքից
հետո գարեջուր խմելը պարտադիր է չեխ տղամարդկանց համար: Որոշ ռեստորանների սրահներում
շրջում են շարքային Շվեյկի հագուստով տուբա եւ ակորդեոն նվագողներ: Գարեջուրը նրանք
խմում են մեծ քանակությամբ՝ ամբողջ ընտանիքով կամ ընկերներով: Չեխական գարեջուրը
գովելն անիմաստ է՝ այն իրոք շատ համեղ է, անբացատրելի համեղ, թույլ եւ թեթեւ՝ չորս
տոկոս: Բացի իրենց դասական «թափանցիկ» գարեջրերից, գոյություն ունի նաեւ մուգ գարեջուր
(որը համարվում է կանացի), եւ որոշ ռեստորաններում կարելի է փորձել բանանի եւ այլ
մրգային համերով գարեջրեր: Չեխերը գարեջուր են խմում բոլոր ազգերից շատ: Տարեկան
նրանք օգտագործում են մոտ 160 լիտր գարեջուր՝ վիճակագրությունը հաշվի է առնում ծերերին
եւ երեխաներին: Չեխական խոհանոցն այնքան էլ հարուստ եւ համեղ չէ: Հաց քիչ
են ուտում, իսկ հացի փոխարեն օգտագործում են կնեդլիկներ՝ բոհեմական ուտեստ՝ հացից
եւ կարտոֆիլի ալյուրից պատրաստված, որոնք դրվում են զանազան սոուսներով լի ցանկացած
ուտեստի մեջ: Եվ այս ամենը հաշվի առնելով, չեխերի եւ հատկապես՝ չեխուհիների
մեջ չես հանդիպի գիրացած-ծանրացածների: Նրանց կանայք սպորտային են եւ մեծ մասամբ՝
գեղեցիկ: Ծխողների էլ քիչ կհանդիպես: Ծխողները հիմնականում արտասահմանցի են: Իսկ
արտասահմանից եկած զբոսաշրջիկներն այս քաղաքում շատ-շատ են: Այս տարի Ռուսաստանից
Պրահա փախստականների նոր հոսք եղավ՝ Խոդարկովսկու գործի հետ կապված: Իսկ փախստականին
բավական է ապացուցել, որ իր պետությունը կարող է հետապնդել իրեն, եւ նրան քաղաքական
ապաստան կտան: Իսկ ավելի մոտ երկրներից (օրինակ, Գերմանիայից) եկած զբոսաշրջիկները
Պրահա են գալիս հանգստյան օրերին՝ իրենց երկրին նվիրված փառատոն անցկացնելու, որն,
իհարկե, գարեջրի տոնի է վերածվում: Եվ այսքանը չեխերին բավական է երջանիկ
լինելու եւ զբոսաշրջիկներին անհոգ տրամադրություն հաղորդելու համար: Մ.
ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել