Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԵՐԿՐՈՒՄ ՄԻ՛ ՍԱՐՔԵՔ ՓՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ

Մայիս 21,2005 00:00

ՀՅԴ
խմբակցության անդամ, ԱԺ գիտության, մշակույթի եւ կրթության հանձնաժողովի փոխնախագահ
Ռուբեն Հովսեփյանը, որ վերջերս Վրաստան մեկնած ԱԺ պատվիրակության կազմում էր, մեկնաբանում
է վիրահայերի բողոքներին առնչվող որոշ վիճահարույց հարցեր: – Վիրահայերը
դժգոհում էին Վրաստանի կողմից իրականացվող այն քաղաքականության դեմ, որի հետեւանքով
վրացերենին բավարար չափով չտիրապետելու պատճառով շատ հայեր կորցնում են իրենց պաշտոնը:
Սակայն արդյոք չէի՞ք ցանկանա, որ Հայաստանը եւս նման քաղաքականություն իրականացներ՝
պահանջելով հարգանք մեր պետական լեզվի հանդեպ. եթե տարիներով մի երկրում ես ապրում
եւ հավակնում կառավարման օղակներում դիրք գրավել՝ պարտավո՛ր ես տիրապետել լեզվին:
– Ձեր հարցի մեջ արդեն կա պատասխանը: Սակայն համաձայն լինելով՝ պիտի նշեմ,
որ այստեղ կան նրբություններ: Մեր երկիրն էլ ունի նման մոտեցում եւ մենք էլ պաշտոնների
չենք նշանակում, եթե տվյալ անձը չգիտի հայերեն: Եվ ամեն իրեն հարգող պետություն ունի
այդ կարգը: Սակայն նույնիսկ Վրաստանի խորհրդարանին մաս կազմող հայ պատգամավորները
չգիտեն վրացերեն (բացի մեկից): Պատկերացրեք՝ պատգամավոր, որ չի կարողանում ելույթ
ունենալ: Բայց խնդիրը մի քիչ այլ է, երբ խոսքը պատմականորեն որեւէ տեղ բնակվող հոծ
փոքրամասնության մասին է, այս դեպքում՝ Ջավախքի: Չեմ կարծում, որ նրանք պիտի մինչեւ
հիմա սովորած չլինեին վրացերեն: Պիտի՛ իմանային, քանի որ եթե ապրում ես տվյալ պետության
կազմում ու նաեւ ուզում ես «կարիերա» անել, բնական է, որ պետք է ապրես այն օրենքներով,
որոնցով ապրում են մնացած քաղաքացիները: Վրաստանի ղեկավարներն ամեն անգամ վստահեցնում
են, թե ինչպես վրացիներն են, այնպես էլ պետք է լինեն հայերը: Ես դրա մեջ ճիշտ բան
եմ տեսնում՝ անկախ նրանից, թե նրանք դա անկեղծորե՞ն են ասում, թե՞ ոչ: – Ուստի
այս առումով վիրահայերի դժգոհություններն արդարացվա՞ծ չեն եւ դա խտրականությո՞ւն
չէ: – Չեմ կարծում, թե դրանք արդարացի են: Արդարացի են միայն այնքանով, որ
նրանք պատրաստ չէին նոր կարգերին: Խորհրդային կարգերի օրոք ապրում էին իրենց, կոպիտ
ասած, գետտոյում: Երկար տարիներ մեր սփյուռքում էլ է այդպես եղել: Սփյուռքը հայապահպանությունն
իրականացնելու համար գետտո էր սարքել եւ դուրս չէր գալիս դրա սահմաններից: Վերջին
շրջանում ենք արդեն նկատում, որ այս թերթում, գիտության այն ոլորտում եւ այլուր արդեն
հայտնվում են հայեր՝ նրանք ճեղքեցին գետտոն եւ դուրս եկան: Եվ այդպես պիտի լինի՝
չի կարելի, որ ամեն երկրում դու սարքես քո փոքրիկ Հայաստանը: – Կրթական եւ
պետական համակարգի վրացականացումից բացի՝ այլ մեղադրանքներ էլ վերաբերում են հայկական
եկեղեցիների վրացականացմանը: Այս առնչությամբ եղան մեկնաբանություններ, թե ինքնախաբեություն
է այն գործելակերպը, որ ընտրել են Հայաստանի իշխանությունները, այսինքն՝ պատվիրակություններ
ուղարկելը, Վրաստանի կաթողիկոսին համոզելու փորձերը եւ այլն: Առաջարկվում է ժամանակի
ավելորդ կորստի փոխարեն՝ ուղղակի այս հարցով դիմել Եվրախորհրդին: Դուք ե՞ւս գտնում
եք, թե անօգուտ է անգամ այս գործընթացում Հայաստանի պետական պաշտոնյաների ներգրավումը:
– Անօգուտ չէ: Բայց շատ թույլ են այդ բանակցությունները, միջամտությունները,
հուշելը: Ինձ համար շատ տարօրինակ էր, որ Վրաստանի կաթողիկոսը կարող է 2005-ի մայիսին
նո՜ր գլխի ընկնել, թե հարկավոր է ստեղծել պատմաբանների հանձնաժողով եւ պարզել՝ իրե՞նցն
է, թե՞ իրենցը չէ: Այսինքն՝ Իլյա 2-րդը մինչեւ հիմա չի իմանում, հա՞, թե այդ եկեղեցին
իրե՞նցն է: Ով-ով՝ գոնե նա պիտի իմանար: Հիմա, եթե գործը հասել է նրան, որ
արդեն քաղաքականություն է խառնվել այս ամենին, ազգային խնդիրներ առաջադրվել եւ այլն՝
իհարկե, միջամտությունը պետք է ավելի ուժեղ լինի թե՛ իշխանությունների, թե՛ մասնագետների,
մտավորականների, պատմաբանների եւ թե՛ (եթե պետք է) նաեւ այլ ատյանների կողմից, քանի
որ մենք աստիճանաբար կորցնում ենք, անընդհատ կորցնում: – Դուք օգտագործեցիք
«քաղաքականություն» բառը: Գտնում եք, որ այս դեպքում գործ ունենք Վրաստանի պետական
քաղաքական նպատակների հետեւողական իրականացմա՞ն հետ: – Ինձ թվում է՝ այո՛:
Դրա նշույլները նկատվում էին շատ վաղուց, դեռ սովետական կարգերի օրոք, եւ իմիջիայլոց՝
դրանից առաջ էլ: Եվ քանի գնում է՝ դա ուժեղանում է: Ավելի շատ է քանդվում, առավել
մոռացության տրվում եւ օրերից մի օր կարող ենք դառնալ ճղճղան հարսի նման՝ ճղճղանք,
բայց արդեն կանգնած լինենք փաստի առջեւ: Զրույցը վարեց ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել