ԱՐԴԵՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ Երեկ Երեւանի Արարատ կոնյակի, գինու-օղու կոմբինատում ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը դրամական պարգեւներ հանձնեց վերջերս ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում աչքի ընկած Հայաստանի երկու մարզիկների եւ նրանց պատրաստած մարզիչներին: Բրոնզե մեդալներ նվաճած ծանրորդներ Արսեն Մելիքյանը եւ Աշոտ Դանիելյանը ստացան $800-ական, նրանց անձնական ու ազգային հավաքականի մարզիչներ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ $600, Ռոմիկ Դանիելյանը՝ 400, Խաչատուր Քյափանակցյանը եւ թիմի բժիշկ Նիկոլայ Դեմուրճյանը՝ 300-ական: ՀԱՕԿ-ի նախագահը նշեց, որ թեեւ վերջին տարիների ընդմիջումից հետո այդ մեդալները առաջին հաղթանակներն են հայկական ծանրամարտում, սակայն երրորդ տեղերն ընդհանուր առմամբ չեն բավարարում: Եվ հույս հայտնեց, որ մեր ծանրորդները դեռ իրենց ծանրակշիռ խոսքը կասեն աշխարհի առաջնությունում: Արարողությանը ներկա էր նաեւ Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը: Այնուհետեւ տեղի ունեցավ ՀԱՕԿ-ի գործկոմի նիստ, որի օրակարգում ընդգրկված էր վեց հարց: Առաջինը վերաբերում էր ՀԱՕԿ-ի գործկոմի կառուցվածքի ու հաստիքացուցակի հաստատմանը, որն ընդունվեց միաձայն: Երկրորդը ՀԱՕԿ-ին կից հանձնաժողովների եւ նրանց նախագահների հաստատման մասին հարցն էր: Քվեարկությամբ ստեղծվեց ինը հանձնաժողով, հաստատվեցին դրանց նախագահները: Վերջիններին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ներկայացնել հանձնաժողովների կազմերը եւ 2005/2006թթ. աշխատանքային պլան: Անցնելով օրակարգային երրորդ հարցին, Գագիկ Ծառուկյանը առաջարկեց հաստատել նաեւ ՀԱՕԿ-ի փոխնախագահների միջեւ աշխատանքի բաշխման ներկայացվող տարբերակը: Սակայն գործկոմի անդամ Վարդեւան Գրիգորյանը նկատեց, որ այն թերի է եւ ուշադրությունից դուրս են մնացել ամառային օլիմպիական մի շարք մարզաձեւեր, այդ թվում՝ ձմեռայիններն ամբողջապես: Դիտողությունը համարվեց միանգամայն արդարացի եւ որոշվեց նախնական տարբերակն ընդունել որպես հիմք՝ հետագայում այն համալրելով մյուս մարզաձեւերով: Դրանից հետո դահուկային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը գործկոմին զեկուցեց 2006 թվականի Թուրինի 20-րդ ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: Նա նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանի մարզիկներից վարկանիշ ունեն արդեն երեք հոգի, երկուսը դահուկավազքից, մեկը՝ լեռնադահուկային սպորտից (ոլորավայրէջք): Սակայն Խաղերի թեկնածուներ կան նաեւ հսկա ոլորավայրէջքում, գեղասահքում, բոբսլեյում եւ սկելետոնում: ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը ինֆորմացիա տվեց այս տարվա հուլիսին Իտալիայի Լիգնանո քաղաքում կայանալիք Եվրոպայի երիտասարդության փառատոնին ՀԱՕԿ-ի պատվիրակության մասնակցության մասին: Իսկ ամենավերջում սպորտային բժշկության եւ հակադոպինգային հանձնաժողովի նախագահ Արտյոմ Քուշկյանը գործկոմի անդամներին ներկայացրեց ՀՀ հավաքական թիմերի հետ բժշկական սպասարկման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի մասին, որն իրականացվում է իր ղեկավարած «Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական կենտրոններում: Նրա խոսքերով իրենց ներկայացվել է 158 մարզիկի ցուցակ, որոնցից այսօրվա վիճակով ամբողջական հետազոտում անցել է արդեն 114-ը: Մյուսների հետազոտումը կավարտվի մինչեւ այս ամսվա վերջ: Դրանով ՀԱՕԿ-ի գործկոմն ավարտեց աշխատանքը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ