Ոչ թե ուս ուսի, այլ առաջ ու հետ Ինչպես պարել միասնության շուրջպարը Հաշված օրեր են մնացել մայիսի 28-ին Արագած լեռան շուրջ կազմակերպվելիք միասնության շուրջպարին: Յուրաքանչյուր հայ, լսելով շուրջպարի մասին, ենթադրում էր, որ այդ պարը միանշանակ պետք է լինի աշխարհին հայտնի ավանդական քոչարին: Հենց այդպես էլ որոշվել էր: Սակայն, «Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, փոխվել է ե՛ւ որոշումը, ե՛ւ գլխավոր պարուսույցը. Վանուշ Խանամիրյանը փոխարինվել է Կարեն Գեւորգյանով: Պարզաբանումների համար դիմեցինք ՀՀ ժողովրդական արտիստ Վ. Խանամիրյանին եւ միասնական շուրջպարի կենտրոնական շտաբի պետ Արամ Կարապետյանին: Վանուշ Խանամիրյանը հետեւյալը փոխանցեց «Առավոտին». «Ոչինչ չեմ հասկանում: Աղվանը (նկատի ունի ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ եւ շուրջպարի գաղափարի հեղինակ Աղվան Հովսեփյանին) եկել էր մոտս: Այո, պետք է պարեինք քոչարի՝ ուս-ուսի, ձեռք-ձեռքի բռնած, ներկայացնելով մեր ժողովրդի միասնականությունն ու անկոտրում կամքը: Գնացի Արա Գեւորգյանի տուն, երկու օր ու գիշեր միասին աշխատում էինք երաժշտության վրա: Հասել էինք մարզեր, քոչարիի շարժումներն էինք ուսուցանում: Եկան, մեզ նկարահանեցին, ցուցադրեցին հեռուստատեսությամբ: Բայց հետո, չգիտես ինչու, ամեն ինչ փոխվեց: Հիմա միասնական կամք, ուժ ցույց տալու փոխարեն, ճկույթ-ճկույթի բռնած ղզիկի պար ենք ներկայացնելու: Նեղսրտած զանգահարել եմ շտաբի պետին՝ բացատրել, որ անհարմար է: Չկարծեք, թե ես վիրավորված եմ, իհարկե՝ նաե՛ւ վիրավորված եմ: Ախր աշխարհն է տեսնելու, էլ ինչի՞ համար եմ տարիներ շարունակ պարի միջոցով աշխարհին ներկայացրել հայի վճռականությունը, ուժը, ոգին: Հասկանում եմ, որ այստեղ անձերի խնդիր չպետք է լինի, բայց միեւնույն ժամանակ համոզվեցի, որ ե՛ւ անձի խնդիր կա, եւ, դրանով պայմանավորված՝ պարի: Շտաբի պետն էլ, երեւի իմ բացատրություններից ձանձրացած, «ադալժենի» արեց՝ «դուք էլ եկեք ձեր քոչարին պարեք»: Նա համոզում էր, որ իրենց պարը՝ ճկույթ-ճկույթի բռնած, առաջ ու հետ շարժումներով, որոնք խորհրդանշում են համապատասխանաբար՝ հաջողություն ու անհաջողություն, պարզ պար է եւ բոլորը կարող են հեշտությամբ պարել: Այդուհանդերձ, գիտակցելով ակցիայի լրջությունն ու պատասխանատվությունը, պիտի բոլորս գնանք-պարենք»: Արամ Կարապետյանն էլ հետեւյալ պարզաբանումը տվեց. «Ես ձեզնից ավելի եմ սիրում Վանուշ Խանամիրյանին եւ ուրախ եմ նրա հետ անձնապես ծանոթանալու համար: Նա մեծ սիրով է աշխատում խմբերի հետ, իսկ Կարենն էլ (նկատի ունի «Բերդ» անսամբլի գեղարվեստական ղեկավար, մանկավարժական համալսարանի պարի ամբիոնի վարիչ Կարեն Գեւորգյանին- Ս. Դ.), հենց սկզբի օրվանից սերտ կապերի մեջ է մեր կազմկոմիտեի հետ ու գիշեր-ցերեկ աշխատում է: Ես չգիտեմ՝ նրանք իրար հետ ինչ հարաբերություններ ունեն: Ինչո՞ւ են մարդիկ վրդովվում. ի՞նչ տարբերություն՝ պարել ուսերով, թե առաջ-հետ անել: Կարեւորն այստեղ միասնությունն է: Չեմ հասկանում, եթե Վանուշ Խանամիրյան անունը բարձր է հնչում՝ դրոշակ բռնենք ու գնանք նրա հետեւի՞ց: Նորից եմ կրկնում, այստեղ անձերի խնդիր՝ Վանուշ-Կարեն, կամ Կարեն-Վանուշ, չկա: Կարեւորը պատվով դուրս գալն է աշխարհում իր նախադեպը չունեցող այս ակցիայից: Ինչ վերաբերում է Արա Գեւորգյանի երաժշտությանը, ապա առաջարկներ են արել շատերը: Մենք լսել ենք բոլոր առաջարկությունները: Ընտրել ենք պարեղանակ, որ րոպեների մեջ ներառում է Սյունիքի, Վայոց ձորի, Շիրակի ու Արցախի ռիթմերը: Եկեք վերջ տանք հայերիս հատուկ ասեկոսեներին: Թող մայիսի 28-ը լինի իրոք միասնականության եւ միասնության օր: Տղամարդավարի ձեռք-ձեռքի տանք, սեղմենք ու պարենք մեր պարը»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ