ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը հիմնավորում է, թե ինչու է կրթական համակարգը համարվում ամենակոռումպացվածը Իր վերջին ասուլիսում ԿԳ նախարար Սերգո Երիցյանը զավեշտ համարեց այն ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ ամենակոռումպացված համակարգն այսօր կրթականն է: Փորձենք հասկանալ, թե ինչու է կրթական համակարգը համարվում ամենակոռումպացվածը, երբ պետությանը եւ բյուջեին դրամաշրջանառության առումով ոչ պակաս մեծ վնաս է հասցնում, ասենք, մաքսային կամ հարկային համակարգի ստվերային քաղաքականությունը: Ի՞նչ գործիքներ են կիրառվել վիճարկվող ուսումնասիրություններում, որ, ըստ նախարարի, այդպես էլ չեն ներկայացվում. «Թե ինչ ուսումնասիրություն է կատարել ՄԱԿ-ը, ինչ մեթոդներով եւ ինչ գործիքներով, փառք Աստծո, գոնե այդ գործիքներին ես տիրապետում եմ: Ես խնդրել եմ այդ գործիքները ներկայացնել, մարդիկ չեն ներկայացնում»,- ասում է Ս. Երիցյանը: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը հակակոռուպցիոն նախաձեռնություններում» ծրագրի ղեկավար Վահան Ասատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ոչ ոք իրենցից գործիք չի ուզել, «եթե ուզեին, չէինք էլ կարող չտալ», պարզապես, ըստ ժամանակացույցի, դեռեւս չի կայացել իրենց եւ նախարարության քննարկումն այս հարցի վերաբերյալ: Ի դեպ, այս ուսումնասիրությունը ծրագրի մի ճյուղն է՝ երաշխավորված եւ ֆինանսավորված ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի կողմից: Այն տեխնիկական մասով իրականացրել է «Հայաստանի ուսանողական ջոկատներ» ՀԿ-ն, իսկ ՄԱԿ-ն ապահովել է մեթոդական մասը: «Կամավորներն արել են հարցումները, մենք ապահովել ենք սոցիոլոգներին, որոնց որակավորումը չի կարող կասկած հարուցել»,- ասում է Վ. Ասատրյանը: Ի՞նչ չափորոշիչներով է գնահատվում կոռուպցիան որեւէ համակարգում: Եթե հետեւելու լինենք ՄԱԿ-ի մշակած չափորոշիչներին եւ կրթական ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը գնահատենք դրանցով, ապա, իսկապես, ստացվում է, որ ամենակոռումպացվածը հենց կրթական համակարգն է: Այսպես: «Մենք կարո՞ղ ենք հակակոռուպցիոն մասնակցային պրոցես ապահովել մաքսային համակարգում: Ձեւավորվա՞ծ է այդ մշակույթը, կա՞ պոտենցիալ, քաղաքացիական հասարակությունը ունի՞ այդ հնարավորությունները, որ կարողանանք զարգացնել: Իսկ կրթության, առողջապահության եւ ընդհանրապես սոցիալական ոլորտում մասնակցային որոշակի տրադիցիա արդեն կա»,- պարզաբանում է ծրագրի ղեկավարը: Նա նշեց վերջերս իրենց հանդիպած մի խոչընդոտի մասին: Սովորաբար ՄԱԿ-ը ԿԳ նախարարության հետ կազմակերպում է այցեր հանրապետության դպրոցներ: Հերթական այցը կազմակերպելու ժամանակ նախարարությունը ՄԱԿ-ին հայտնել է, որ այդ հարցերը կոորդինացնեն մարզպետարանի՝ տվյալ դեպքում քաղաքապետարանի կրթության վարչության հետ: Վերջինս էլ ՄԱԿ-ից պաշտոնական նամակ է պահանջել այդ հարցի առնչությամբ: «Բյուրոկրատական քաշքշուկ՝ ԶԼՄ-ների հետ դպրոց այցելելու համար: Խոսքը մասնակցության մասին է, եւ չկա կուլտուրա, մշակույթ: Կրթության ու առողջապահության ոլորտում դեռ ինչ-որ տեղ դա հնարավոր է ստեղծել: Պարզ է, որ այս ոլորտում կոռուպցիան դրամաշրջանառության տեսանկյունից ամենամեծը չէ: Պարզ է, որ այդ տեսանկյունից մաքսային ոլորտում ավելի շատ է, բայց ուրիշ տեսանկյուններով եթե նայենք, ապա կստացվի հետեւյալը. մարդկանց քանակը, շրջանակները, որոնք ներգրավված են այս ոլորտում, ավելի մեծ է, դրան գումարած՝ աղքատների թիվը, ում այս ծառայությունը մատչելի չէ: Մարդը կրթությունով է դաստիարակվում, դառնում մարդ, քաղաքացի, ո՞ր վնասն է ավելի ազդեցիկ ու վնասակար. այստեղ (կրթական համակարգում- Հ. Բ.) ամբողջ սերունդն է փչանում»: Վերջապես, ըստ Վ. Ասատրյանի, իրենց խնդիրը ոչ թե հարցում կատարելն է, այլ այն, թե այդ հարցումը որքանով օգտակար կլինի շահագրգիռ մարմիններին, «որպեսզի վերջիններս քաղաքականություն մշակելիս իմանան՝ ինչի վրա ուշադրություն դարձնել, որովհետեւ հաճախ պետբյուջեն այդ 5000-ի հնարավորությունը չի ունենում (հարցման համար ԵԱՀԿ-ն հատկացրել է 5000 դոլար- Հ. Բ.): Այս ամեն ինչը այդ քաղաքականության հիմքում դնելու համար է, ոչ թե սրանք հերքելն է կամ ընդունելը: Սա հո ցեղասպանության ճանաչել-չճանաչելու հարցը չի, սա հո գիտական աշխատանք չի: Ճիշտ է, մեթոդական առումով գիտական հիմունքներով է արված, բայց դիսերտացիա չի, որ պաշտպանության դնենք»,- եզրափակում է պրն Ասատրյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ